Հասարակություն

Ի՞նչ ճնշումների է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

Ի՞նչ ճնշումների է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

Hraparak.am-ը Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց, թե իշխանությունների կողմից կոնկրետ ինչ ճնշումներ են գործադրվել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, որն ազատ էր արձակել Քոչարյանին։
Ալումյանին հիշեցրինք, որ, երբ 2007թ․ ՀՀ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, դատավորի պաշտոնից ազատեց Պարգեւ Օհանյանին, որն իշխանությունների կամքին հակասող վճիռ էր կայացրել։

«Դետալներով ես չգիտեմ, թե պարոն Ազարյանն ինչ ճնշումների է ենթարկվել, գիտեմ այն, ինչ հրապարակային էր։ Եթե ինքը որոշում է կայացնում եւ ազատ արձակում պարոն Քոչարյանին (ընդ որում՝ այդ որոշումից մենք դժգոհ էինք, որովհետեւ մեր բերած բոլոր փաստերը չքննարկվեցին դատարանի կողմից), դրանից չորս օր հետո Հրապարակում այդ դատավորի նկատմամբ ատելության խոսք է հնչում մի անձի կողմից, որն այդ պահին շատ մեծ վստահություն ուներ ժողովրդի շրջանում։ Ես համոզված եմ, որ այդ ատելության խոսքը որքան ուղղված էր պարոն Ազարյանի դեմ, նույն չափ էլ մեսիջ էր՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին, որոնք հետագայում պետք է քննեին բողոքը պարոն Ազարյանի որոշման դեմ։ Այդ ամեն ինչը չէր կարող ազդել պարոն Ազարյանի վրա, երբ ժողովրդին ասում են՝ էս մարդը թշնամի է, որովհետեւ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Պատկերացրեք այդ մարդու վիճակը, երբ նման թշնամանքի խոսք ասողն այդքան մեծ հեղինակություն է վայելում ժողովրդի մեջ»,- ասաց փաստաբան Ալումյանը։

Մեր ճշգրտող հարցին, թե դատավոր Ազարյանի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ եղե՞լ են ճնշումներ, սպառնալիքներ, աշխատանքից ազատման դեպք, Ալումյանն արձագանքեց․ «Ես դա հիմա չեմ կարող մեկնաբանել՝ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց այն ատելության խոսքը, որը Ֆեյսբուքով, համացանցով, ցանկացած հոդվածի տակ գրվածով, որ տարածվում էր, դրանից ավելի մեծ ճնշում հնարավո՞ր է պատկերացնել։ Ո՞նց կարելի է այդ ճնշումը տեսնել, եւ իշխանությունները ոչինչ չձեռնարկեն։ Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ չձեռնարկեց, գործադիր իշխանությունը եւ իրավապահ մարմինները, որոնք պարտավոր էին քրեական գործ հարուցել՝ դատավորի հանդեպ այդ ամենը տեսնելով, ոչինչ չարեցին։ Սա պարզ մեսիջ էր Վճռաբեկ դատարանին, որ նույն հայհոյանքները, սպառնալիքները կլինեն ձեր հասցեին, եթե դուք կանեք նույնը, ինչ արեց պարոն Ազարյանը։ Եվ Դուք մի՛ մտածեք, որ այդ ատելության  խոսքը, հայհոյանքները համացանցում մարդու վրա չեն ազդում։ Դրանք շատ ավելի են ազդում, քան աշխատանքից ազատելը»,- նշեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք, թե իշխանությո՞ւնն է մեղավոր համացանցում անհատ օգտատերերի կողմից արված գրառումների եւ արտահայտված կարծիքների համար։
«Դա ուղիղ ուղղորդվել է, նորից լսեք օգոստոսի 17-ին վարչապետի խոսքը, թե ինչի մասին էր դա։ Բայց եթե նույնիսկ իշխանությունները ուղիղ չեն ուղղորդել, ապա առնվազն պարտավոր էին դատավորին պաշտպանել նման հարձակումներից։ Առնվազն այդ անգործությունը մնացել է նրանց խղճի վրա։ Պարոն Ազարյանը պատժվեց նրա համար, որ կիրառեց օրենքը։ Երկրորդը՝ սա մեսիջ էր Վճռաբեկ դատարանին, որը դրանից մեկ ամիս հետո պետք է պարոն Քոչարյանի կալանքի հարցը քննարկեր։ Եվ հենց դա էր պատճառը, որ այն դատավորները, որոնք չէին ուզում պարոն Քոչարյանին պահել կալանքի տալ, բայց եւ չէին ուզում հայտնվել նման վիճակում, ինքնաբացարկներով գործը «գցեցին» իրենց վրայից»,- արձագանքեց փաստաբանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image