Անցյալ տարվա ընթացքում կրթության տեսչական մարմինը, ըստ Ալեքսանդր Շագաֆյանի, արձանագրել է մի շարք խախտումներ, որոնք վերաբերել են հատկապես կադրային խախտումներին։ Դրանք հիմնականում եղել են Վայոց ձորում։
Այս մասին նա այսօր հայտարարեց Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսում։
Ամենատարածված խախտումները, ըստ նրա, վերաբերում են ուսումնական հաստատությունների տնօերենների կողմից անօրինական գործողություններին, եւ որոնց մեջ կան կադրային խնդիրներ։ Ավելացել են նաեւ գործատու-աշխատող հարաբերություններին վերաբերող դիմում-բողոքները։ Ասենք՝ կան դեպքեր, երբ գործատուն իր աշխատակցին ազատել է աշխատանքից, եւ աշխատակիցը բողոքել է, թե դա անօրինական է։
Շագաֆյանը նշեց, որ խախտումների դեպքում իրենք կարգադրագիր են տալիս ուսումնական հաստատության ղեկավարին, որպեսզի չհամապատասխանող կադրին ազատեն աշխատանքից, փոխարինեն համապատասխանող կադրով։ Իսկ եթե խախտման ազդեցությունն անցել է, որովհետեւ խախտում կատարողը հինգ եւ ավելի տարիներ աշխատանքի մեջ է, դա արդեն համարվում է որակավորմանը համապատասխանող։
«Այդ դեպքում մենք արձանագրում ենք, բայց կարգադրագիր չենք տալիս»,- ասաց նա։
Կադրային խախտումներից զատ, ըստ կրթության տեսչական մարմնի ղեկավարի, մեծ թիվ են կազմում նաեւ ուսումնական պլանի պահպանման եւ իրականացման խախտումները։