Քննչական կոմիտեն որոշել է հնարավոր բոլոր խախտումներն ու զավեշտական քայլերն անել Մայր Աթոռի հետ կապված վերջին քրեական վարույթով, որի հիմքում իբրև թե դատական ակտը չկատարելն է:
Հիշեցնենք, որ դատարանը վարույթ էր ընդունել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանի հայցն ընդդեմ կաթողիկոսի` թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ և անմիջապես հայցի ապահովման միջոց էր կիրառել` Վեհափառին պարտադրելով նրան վերականգնել իր պաշտոնում: Դրանից ընդամենը մի շաբաթ անց էլ քրեական վարույթ են հարուցել Դատական ակտերի կատարման ծառայության գրության հիման վրա, որ Եկեղեցին չի կատարում դատարանի որոշումը: Որպեսզի պատկերացնեք աբսուրդի աստիճանը, նշենք, որ դատական ակտերի կատարումը լուրջ և երկար գործընթաց է և կողմն իրավունք ունի նաև բողոքարկել այն:
Բացի այդ, դատարանի որոշումը կատարելուն ուղղված քայլեր են իրականացվում, եթե չի կատարվում, ապա տարբեր հարկադրանքի միջոցներ կան` սկսած տուգանքից և միայն վերջին տեղում է քրեական գործ հարուցելը` երբ ԴԱՀԿ-ն եզրակացնում է, որ անհաղթահարելի խոչընդոտ կա ակտի կատարման համար և դիտավորություն ու դիմում է Քննչականին: Եվ այս ամբողջ ճանապարհն անցնելը մի քանի տարի կարող է տևել, հաստատապես մեկ շաբաթում դա հնարավոր չէ: Բայց քանի որ բոլոր սահմանները հատած Նիկոլ Փաշինյանը որոշել է կյանքի գնով տապալել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը և այն խոչընդոտելու այլ ճանապարհ չեն գտել, քան եպիսկոպոսների և Վեհափառի դեմ քրեական վարույթ սկսելն ու երկրից ելքը` ՍԷԿՏ-ը փակելը, ուստի դիմել են նման աղաղակող ապօրինությունների:
Այսօր տեղեկացանք, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին հրավիրել են Քննչական` հարցաքննության: Բայց որպեսզի զավեշտը կատարյալ լինի հրավիրել են նաև տեր Մովսես քահանա Սահակյանին, ով ընդամենը Հոգևոր ժողովի քարտուղարն է` նիստերի ընթացքն է սղագրում:
Նա Քննչականից դուրս գալով լրագրողներին ասել է. «Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Որպես մեղադրյալ են կանչել։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
Որպես քարտուղար ես արձանագրումներ են անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»:
Պետական ռեպրեսիվ մեքենան գործի դրած իշխանությունն այլևս ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Իսկ հոգևոր դասը, ի պատիվ իրեն, հերոսաբար դիմադրում է և չի հանձնվում: