Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով միության՝ տարածքների վարձակալության հետ կապված չարաշահումներին, ասաց, որ Արամայիս Հարությունյան անհատ ձեռներեցը տարածք է վարձակալել մինչեւ 2030թ․, 138 քառ․մետրը՝ ամսական 50 հազար դրամով։ Եվ գույքահարկը, համատիրության վճարները, հարկերը թողել է ԺՄ-ի վրա։ ԺՄ նախագահը պարզել է, որ այդ անհատ ձեռներեցը ոստիկանական համակարգի նախկին աշխատակից է։ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ մեկ տարվա գույքահարկը կազմում է 98 հազար 81 դրամ, մեկ քառ․ մետրն էլ վարձակալել է 362 դրամով։ Իսկ ահա «Ֆոտոլուրը», «168 ժամ»-ը, Հելսինկյան կոմիտեն ավելի բարձր վարձավճարներ են տալիս, քան կոմերցիոն կազմակերպությունները․ «Ֆոտոլուրը»՝ 36 քառ․ մետրը՝ 80 հազար դրամով է վարձակալել, «168 ժամ»-ը իր տարածքը վարձակալել է 215 հազար դրամով։
Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրեց, որ կեղծվել են նաեւ Ժուռնալիստների միության վարչության անդամների ստորագրությունները, որպեսզի տարածքները տրվեն վարձակալության։
Փաստաբան Աղավնի Մադոյանն էլ նշեց, որ պայմանագրերում ակնհայտ ցածր գին է ամրագրված, քանի որ Պուշկին փողոցում նման ցածր գներով չեն կարող տարածք տրամադրել վարձակալության։ Բացի այդ, ըստ նրա, բոլոր պայմանագրերում կա իրավունք-պարտականություն արդարացի հավասարակշռման լուրջ խնդիր։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․օր-ի 214 հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ քր․օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։