Քաղաքականություն

Շահերի բախու՞մ, չէ՝ ի՞նչ բախում

Շահերի բախու՞մ, չէ՝ ի՞նչ բախում

Անցյալ տարվա վերջին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կնոջ նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դրա մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը: Ծրագիրը, նրա ասելով, վարչապետի առաջնահերթ նախաձեռնություններից է: «Հրապարակի» փոխանցմամբ, «նախաձեռնության նպատակն է՝ խրախուսել կրթության արժեքավորումը հասարակության մեջ եւ վեր բարձրացնել ուսումնառության դերը՝ որպես զարգացման հիմնարար պայման»։ Թե ինչպես է հնարավոր հայհոյախառն բառապաշարով խրախուսել կրթության արժեքավորումը՝ կիմանան երեւի նախաձեռնողն ու նրա քաղաքացիական կինը:

Հիշեցնեմ, որ ծրագիրն իրականացվում է մասնավոր հիմնադրամի կողմից, որի ղեկավարը Հակոբյան Աննան է: Իսկ հիմնադրամն էլ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող եւ ըստ այդմ՝ իշխող քաղաքական ուժի կուսակցական հիմնադրամ է: Ինչը նշանակում է, որ պետական միջոցների հաշվին նման ծրագիր կատարելը շահերի բախման տիպիկ օրինակ է: Իսկ շահերի բախումը, դեռեւս նախկինների կողմից ընդունված օրենսդրության համաձայն, կոռուպցիոն վարքագծի դրսեւորում է: Ընդ որում, դա այդպիսին կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե ինքնակրթվելու վերաբերյալ պետական ծրագրի մրցույթին մասնակցության հայտ ներկայացներ մի քանի հիմնադրամ, ու հաղթող հռչակվեր իշխող քաղաքական ուժի կուսակցական հիմնադրամը: Իսկ որ պետք է նման գործընթաց իրականացվեր, դրանում կասկած լինել չէր կարող՝ եթե ՀՀ-ն այսօր լիներ ոչ թե «ժողովրդավարության բաստիոն», այլ նորմալ ժողովրդավարական երկիր: Որովհետեւ վարչապետի նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվեր հենց նման գործընթացով:

Անցնենք առաջ: Արդեն մի քանի տարի է, ինչ վարչապետի կողմից իրականացվում է մեկ այլ նախաձեռնություն: Դա առողջ ապրելակերպին նպաստելուն կոչված հեծանվավազքն է: Եթե դրանք կազմակերպվեին մասնակիցների սեփական միջոցների հաշվին, հարց չէր ծագի: Բայց այդ հեծանվավազքերը եւս կազմակերպվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Էլ չասած, որ վարչապետի անվտանգությունն ապահովող կառույցի աշխատակիցների կողմից նրան ուղեկցելը եւս կատարվում է պետբյուջեի հաշվին: Բայց եթե մեր վարչապետը լիներ ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նման հաշմանդամ մեկը, ապա դա ինչ-որ ձեւով, այսպես ասած, «կուտվեր», ու եթե ինքը մեր երկրի համար աներ վերջինիս կատարածի գոնե մեկ տոկոսը: Բայց վարչապետի աթոռից կառչած անձը երկրին պատճառել է միայն արհավիրքներ, իսկ հեծանվավազքն էլ օգտագործվում է նրա համարյա զրոյական հեղինակության բարձրացման նպատակով: Իսկ մեկ տարի անց, հիշենք, Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, նույն նպատակին է ծառայում նաեւ նրա կնոջ կողմից իրականացվող «Կրթվելը նորաձեւ է» ծրագիրը:

Մի քայլ եւս կատարենք. մոտավորապես այդպիսին է, չէ՞, վերը նշված հիմնադրամի անվանումը: Նախորդ օրը «Ներդրումների աջակցման կենտրոն» կոչված հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գործադիր գլխավոր տնօրեն է նշանակվել Գոհար Աբաջյանը: Ինչպես ասում են՝ կատարվել է ոչնչով աչքի չընկնող սովորական նշանակում: Օրինակ՝ ո՞վ էր տեղյակ նրա նախորդից: Կարծում եմ, որ շատ քչերը: Եվ ես էլ տեղյակ չէի լինի, եթե չփորփրեի պետական այդ կազմակերպության կայքէջն ու չհանդիպեի Լեւոն Օհանեսյան անուն-ազգանվանը: Ինչեւէ, տիկին Աբաջյանին հեռակա կարգով ճանաչում եմ 2013-ից, երբ նրա ամուսնուն՝ ԵՊՀ դասախոս Միրզոյան Արոյին, հեռացրել էին բուհից: Ու ես, որպես ընդդիմադիր, Ֆեյսբուքում արշավ էի նախաձեռնել՝ ի պաշտպանություն Արոյի, որին չէի ճանաչում: Ասեմ, որ տիկին Գոհարն այդ առումով շատ ավելի ակտիվ էր, քան իր ամուսինը: 

Արոյին այսօր ճանաչում է ողջ հանրապետությունը եւ նույնիսկ՝ բազմաթիվ այլ երկրներում: Դա ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյան Արարատն է: Իհարկե, շահերի բախում չի կարող լինել, որ նախարարի կինը նշանակվում է այդ պաշտոնին՝ չէ՞ որ մենք ապրում ենք, այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոնում»: Հատկապես որ վերը հիշատակված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվյալ նշանակման կապակցությամբ հետաքրքրված լրագրողներին վստահեցրել է, որ եղել է մրցույթ ու բազմաթիվ թեկնածուներ, եւ հաղթել է տիկին Աբաջյանը: Ինչ մեղքս թաքցնեմ՝ կրկին բացեցի հիմնադրամի կայքէջն ու, բացի նշանակման փաստից, այլ տեղեկատվություն չգտա: Քանի որ չկար, որպեսզի գտնեի: Ինչպես ասվեց, այդ նշանակումը «չի կարող» դիտարկվել որպես շահերի բախում: Եվ դա՝ նույնիսկ այն դեպքում, երբ վերջինիս ամուսինն ի պաշտոնե տվյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Բա՜…  

ՀԳ. Ենթադրում եմ, որ եթե Նիկոլի իշխանությունն ավելի երկար տեւեր, ապա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո՝ ինչ-որ ժամանակ անց, ԱԳ նախարար կարող էր նշանակվել տիկին Աբաջյանը: Իսկ Արարատը, որպես Նիկոլի համար որոշակի արժեք ունեցող կադր, կզբաղեցներ նրա տեղը` շախմատում հայտնի ռակիրովկայի սկզբունքով (փոխատեղում): Ու տիկին Աբաջյանն ավելի համարձակ առաջ կտաներ ոչ միայն իրեն այդ պաշտոնին նշանակողի անձնական, այլեւ մի քիչ էլ հայության շահերը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image