Իրավապահները զբաղված են ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ գործեր հարուցելով: Նախօրեին Ռուբեն Հակոբյանին կալանավորեցին այն արտահայտության համար, որ նա ասել էր Հ2-ի եթերում, թե 2020 թ․ նոյեմբերի 9-ին «պետք է ականջներից բռնեին՝ դուրս շպրտեին»: Այժմ հերթը հասել է «Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր, ՌԴ գործարար Արթուր Սողոմոնյանին։ Երեկ իրավապահները գնացել են Երեւանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ բնակարան ունի Սողոմոնյանի եղբորորդին, եւ փնտրել են նրան, սակայն չգտնելով՝ հեռացել են։
Մենք պարզեցինք, որ Սողոմոնյանի նկատմամբ փորձում են վարույթ հարուցել նրա` «Sputnik Արմենիային» հունիսի 20-ին տված մեկնաբանության պատճառով, որտեղ նա կարծիք է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման եւ Եկեղեցու հետ կապված իրադարձությունների վերաբերյալ։ «Խորապես ցնցված եմ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրադարձություններից, որովհետեւ կարծում եմ, որ նա` որպես արժանապատիվ հայ, կանգնել է ի պաշտպանություն մեր ազգի հիմքերի։ Անկեղծ ասած, դժվար է բառեր գտնել, երեւի «ցնցվելը» դեռ մեղմ է ասված: Ես՝ ինքս, ուշադիր նայել եմ Կարապետյանի հայտարարությունը եւ բացի Եկեղեցուն ու հայ ժողովրդին սատարելու խոսքերից, այլ բան չեմ լսել։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա այլ կերպ մեկնաբանել»,- ասել էր նա: Իսկ ՀԷՑ-ի պետականացման մասին հայտարարություններն անվանել էր ցուցադրական ակցիա, որն իր մեջ քաղաքական շարժառիթից բացի ոչինչ չունի։ Սողոմոնյանը վստահ էր՝ իրեն հարգող ոչ մի հայ չպետք է դիտորդի դերում մնա եւ թույլ տա, որ կատարվի այն, ինչ հիմա կատարվում է։ Օրվա առաջին կեսին տեղեկացանք նաեւ, որ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում, որի հիմնադիրն Արթուր Սողոմոնյանն է: Ակումբը փակել էին, մարզվողներին դուրս հանել: Պաշտոնապես հայտարարվեց, որ վարույթի հիմքում հարկեր թաքցնելու կասկածն է: