Երեւան-Արմավիր ուղեւորափոխադրման համակարգում կան ուղեւորների կուտակումներ, ինչի պատճառով էլ առաջացել է ցայտնոտային վիճակ։
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը եւ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանն անդրադարձան այն հարցին, թե ինչպես պետք է հանրապետության ողջ տարածքում բացառեն ուղեւորափոխադրումների ոլորտում ապօրինությունները։
«Եթե զուտ վերահսկողության տեսանկյունից մոտենանք, ապա «Գալակտիկա» տրանսսերվիս ընկերությունը օրեր շարունակ Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներ կանգնեցնելով, «Տրանսպորտի մասին» օրենքի խախտում է կատարում, ինչի պատճառով էլ լիազոր մարմինն իրավունք ունի նրան զրկել սպասարկում իրականացնելու իրավունքից»,- ասաց Արտուշ Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է հորդորեն, որպեսզի «Գալակտիկա» տրանսսերվիսը կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
Արմեն Արզումանյանն ասաց, որ վերջերս հանդիպել են ուղեւորափոխադրողների հետ, որին ներկա է եղել նաեւ Արմավիրի փոխմարզպետը։
Նա վստահեցրեց, որ ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնողների հարցը շուտով կլուծվի։
Նախարարի տեղակալը քաղաքացիներին խորհուրդ տվեց տարբերակել օրինական փոխադրողներին ապօրինի փոխադրողներից։
«Եթե սպիտակ պետհամարանիշ է, եւ մեքենային էլ փակցված է որեւէ ցուցանակ մարզի անունով, ապա դա հաստատ ապօրինի փոխադրող է, որովհետեւ միջմարզային ուղեւորափոխադրողներն ունեն դեղին պետհամարանիշեր։ Սպիտակ պետհամարանիշ ունեցողներն ապօրինի ուղեւորափոխադրողներ են, որոնք միշտ եղել են։ Իրենց նկատմամբ ուսումնասիրություններն արվում են պատշաճ ձեւով, բայց պատասխանատվության չեն ենթարկում, որովհետեւ ժամանակին տրանսպորտի նախարարության ենթակայության ներքո գտնվող տրանսպորտային տեսչությունը եւ մի շարք այլ տեսչություններ, դուրս գալով տարբեր նախարարությունների կազմից, օպտիմալացվել են, դարձել են կառավարությանը ենթակա մարմին։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում անհրաժեշտության կա կատարելու որոշ դրույթների փոփոխություն, որպեսզի կարողանանք իրականացնելու պատասխանատվության միջոցներ այդ թվում սպիտակ պետհամարանիշերով ուղեւորափոխադրողների նկատմամբ։ Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ, եւ վերահսկողական գործառույթը կլինի լիարժեք»,- ասաց Արտուշ Գրիգորյանը։
Արտուշ Գրիգորյանին մտահոգում է, որ տաքսիները գրեթե նույն գնով են իրականացնում ուղեւորափոխադրումներ, ինչ միջմարզային ուղեւորափոխադրողները։ Եվ այդ դեպքում էլ քաղաքացիները երթեւեկում են այն փոխադրամիջոցով, որն իրենց ձեռնտու է։
Հարցին, թե ում է պատկանում «Գալակտիկա» տրանսսերվիսը, նա արձագանքեց, որ այն պատկանում է Շուշանիկ Խաչատրյանին։