Քաղաքականություն

Что ни день, то неприятности

Что ни день, то неприятности

Առավոտյան արթնանում եմ տագնապով՝ Ալիեւը, արդյոք, նոր պահանջներ չի՞ դրել մեր ղեկավարների առաջ, նոր տարածքներ ու նոր զիջումներ չի՞ պահանջում նրանցից: Այս կարգի լուրերը, սովորաբար, կեսօրից հետո են հասնում, բայց ես, որ արթնանում եմ առավոտյան 5-ին, այդ ժամից եմ սկսում տագնապել: Դե, իսկ մինչեւ կեսօր ինձ զբաղեցնում եմ հայաստանյան լուրերով, որոնք զգալիորեն թեթեւացնում են տագնապներս: Նիկոլը 2-3 օր կգտնվի կարճատեւ արձակուրդում, Աննան էլի շշպռել է իր մասին վատ-վատ բաներ տարածող բլոգերներին, ՀՀ կառավարությունը հանել է Ռուսաստանից կենդանի խոզի ներկրման վրա դրված էմբարգոն, Լավրովի հայաստանյան այցի դեմ փողոցային անկարգություններ հրահրած խուժանը, Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, կենթարկվի պատասխանատվության, Մասիվի թաղապետն այսօր մարդ չի ծեծել, Ավինյանն ԱՆԻՖ-ից աշխատավարձ չի ստացել, իշխանություններն ԱԺ-ում քրֆում են, բայց մեկ-մեկ էլ մնում են ընդդիմության քֆուրի տակ, Էդմոն Մարուքյանը թերթերից է իմացել Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին եւ այլն, եւ այլն… Որ ճիշտն ասեմ՝ ահագին ցրվում եմ տագնապներից: Փաստորեն, ճիշտ են ասում, որ Ալիեւի էշ-էշ հայտարարություններից այնկողմ էլ կյանք կա, մարդիկ ապրում են, հոգում իրենց առօրյա հոգսերը: Մի երգչուհի հղի է, մյուսը բաժանվել է ամուսնուց, ՔՊ-ում մրցավազք է սկսվել՝ 26 թվի ցուցակներում տեղ գտնելու համար, Էջմիածնի քաղաքապետի մարդուն կարող է դատեն, «կրթվելը նորաձեւ է» շարժումը որ մարզից կսկսի երկրորդ թատերաշրջանը…
Վերջին շրջանում օտար երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ շատ քիչ են գալիս Հայաստան: Պատճառը ես չգիտեմ, բայց չար լեզուներն ասում են, թե, իբր, հյուրանոցներում տեղ ու սթար չկա:

Զբոսաշրջությունը, իբր, այնպիսի տեմպերի է հասել, որ չգիտենք՝ այդքան փողը որտեղ տեղավորենք: Աստված տա՝ այդպես լինի: Նիկոլն էլ մի կողմից է բյուջեն լվանում: Կարճատեւ արձակուրդ գնալուց առաջ հայտարարեց, որ 33 մլն դրամանոց հողամաս են վերադարձրել պետությանը: Այսուհանդերձ, Հայաստան այցելող բարձրաստիճան պաշտոնյաների փոքր թվից ես նեղվում եմ: Ինչո՞ւ չեն գալիս կամ՝ ինչո՞ւ են սկսել ուշ-ուշ գալ: Եկածին էլ այնպես ենք դիմավորում, ասես ոչ մի արտառոց բան էլ չկա նրա այցի մեջ: Հավանաբար, ինքնիշխանության ու ինքնաբավության ավելցուկից է… Չգիտեմ:

Այսպես. կեսօրը մոտենում է, ու տեղ է հասնում Ալիեւի հերթական բլթոցը: Վերջինը Լավրովի՝ Հայաստանում եղած օրերին էր: Ալիեւը հիմնական շեշտը դրել էր «փախստական» ադրբեջանցիների՝ իրենց հայրենի տարածքներ, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի վրա: Հավանաբար, ուզում էր նաեւ Լավրովին լսեցնել: Չուշացավ նաեւ Էրդողանը, որ Հունգարիայից Պուտինին «մեսիջ ուղարկեց», թե Հարավային Կովկասը թրքալեզու պետությունների շահերի կարեւոր տարածաշրջանն է: Ու էս կուլմինացիոն պահին կայքերը, իրար հերթ չտալով, ցույց են տալիս Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի, Արթուր Սաքունցի, Ռուբեն Մեհրաբյանի եւ էլի մի քանի հոգու պրոթուրքական ցույցը Լավրովի ու Պուտինի դեմ: Կարո՞ղ ես չտագնապել այսքանից հետո… Ուզում ես ասել՝ արա, այ ախմախներ, հազիվ հեռու տեղից մի մարդ է եկել, ուզում է մեր ղեկավարների հետ խոսել, բան հասկանալ, բան հասկացնել, դուք այս ի՞նչ եք անում… Էդ որ Պուտինին հայտարարում եք մարդասպան, դուք էդ հետույքն ունե՞ք՝ պատասխան տալու: Թե՞ մտածում եք՝ Նիկոլն է էս ճաշը եփել, Նիկոլն էլ թող պատասխան տա…

Օրը կամաց-կամաց թեքվեց դեպի երեկո: Նիկոլի ծպտունը դուրս չեկավ, Միրզոյան Արոյի խոսնակը Լավրովի շվաքի տակ մի կոշտ պատասխան գրեց Ալիեւին, վարչապետի տիկինը, ի զարմանս ինձ, անհամեմատ կոռեկտ գրառում կատարեց, Ավանի թաղապետի մասին գրեցին, որ հարստությունը պապից է ստացել, Առուշն էլ Սյունիքից տեղեկացրեց, որ ճանապարհները լավ էլ որակով են կառուցվում: Արդեն համարյա մթնում էր, եւ ես պատրաստվում էի օրվա ամփոփիչ սուրճս խմել, բայց մեկ էլ՝ որտեղից որտեղ ՊԵԿ «նորակոչիկ» նախագահը ծլեց, թե բա՝ երջանիկ լինելու համար պետք է հարկեր վճարել: Սուրճս հարամ եղավ… Այ քու ցավը տանեմ, ես քո տարիքից ավելի ժամանակ է, ինչ հարկատու եմ, բա ինչո՞ւ երջանիկ չեմ: Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ իմ վճարած հարկերից միայն դուք եք երջանկանում, միլիոններով աշխատավարձ ու պարգեւավճար ստանում: Ի՞նչս եք ավելացրել իմ վճարած հարկերից՝ բարեկեցությո՞ւնս, անվտանգությո՞ւնս, ի՞նչս… Հազիվ էի այս պաշտոնյային զետեղել իմ ֆեյսբուքյան «Ձայն արոտավայրի» խորագրի տակ, մեկ էլ ֆեյսբուքյան տիրույթում մի աննախադեպ ղժժոց բարձրացավ՝ բա չեք ասի, Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից 590 հազար դոլար են տարել… Իմ արեւ՝ Ալիեւին էլ մոռացա: Հլա վառեք՝ ՔԿ վարչական շենք-6-րդ հարկ- չհրկիզվող պահարան-հանցագործության իրեղեն ապացույց համարվող 590 հազար դոլար… ու տարե՞լ են: Նիկոլը կասեր՝ համբալի մեկը, համբալ… Արդյո՞ք մեր օրենքներով այդ գումարը համարվում է առանձնապես խոշոր, չգիտեմ, բայց որ այդ մարդն այդ օրը 590 անգամ ավելի երջանիկ էր, քան մենք՝ շարքային հարկատուներս, դա միանշանակ է:

ՀԳ. Հայցում եմ բոլորի ներողամտությունը, որ առավել ուշադիր են հետեւում օրվա իրադարձություններին եւ իմ նշած դեպքերի հերթականության մեջ ժամանակագրական թերություններ նկատեցին: Ուղղեք, եթե կա դրա կարիքը, բայց ասեմ, որ դրանից շատ բան չի փոխվի: Մեր ամեն օրն է այսպիսին, ռուսի ասած՝ что ни день, то неприятности…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image