Մշակույթ

«Իջեւան» TV-ն չի գործում․ տնօրենն ամուսնացել է, գնացել է Կիպրոս

«Իջեւան» TV-ն չի գործում․ տնօրենն ամուսնացել է, գնացել է Կիպրոս

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ մարզային հեռուստաընկերությունները սոսկալի, տագնապալի վիճակում են։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Շատ հեռուստաընկերություններ, ըստ նրա, չունեն կոնտենտի հնարավորություն, քանի որ չունեն գումար, շատերն էլ ֆինանսական վատ վիճակի պատճառով փակվում են։ «Անցյալ տարի մեզ արտոնագիրը վերադարձրեց Արագածոտնի մարզային հեռուստաընկերությունը։ Տավուշում տեղական հեռուստաընկերությունը չի գործում, սնանկացման գործընթացն է գնում, դատը կլինի, եւ նրանք կզրկվեն լիցենզիայից։

Վայոց ձորն ունի տեղական մարզային հեռուստաընկերություն։ Դուք պատկերացրեք, որ Տավուշը սահմանամերձ մարզ է, բայց չունի ոչ մի տեղական հեռարձակող, որը սահմանամերձ բնակավայրի գյուղացուն կտեղեկացներ խնդիրների մասին, որը գյուղացուն կբացատրեր, թե ինչպես պետք է մշակել հողը, կբարձրացներ տեղական պրոբլեմները՝ էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, մշակութային։ Մենք այդ կարեւոր մարզում չունենք ոչ մի հեռարձակող։ Այնտեղ կար «Իջեւան» TV-ն, որը մի քանի ամիս չի գործում։ Մենք այդ մասին իմացանք մի քանի օր առաջ, պարզապես կողպեքը վրան գցել են, տնօրենն ամուսնացել, գնացել է Կիպրոս։

Այնինչ՝ մարդիկ օրենքով պատասխանատվություն են կրում, իսկ 24 ժամվա դադարից հետո մենք կարող ենք դիմել դատարան եւ զրկել լիցենզիայից։ Ի վերջո, հեռուստաընկերությունը սեփական բիզնես չէ, դա խանութ չէ, կրպակ չէ, ռեստորան չէ, դա մեծ տեղեկատվական եւ սոցիալական դեր ունեցող կառույցներ են, ինչի մասին շատ ժամանակ տեղերում չեն գիտակցում։ Էլ չեմ ասում, որ պարբերաբար խախտվում է հեղինակային իրավունքը, մենք դրա վրա էլ ենք աչք փակում, որպեսզի այդ հեռուստաընկերությունները շարունակեն գործել»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Նա հիշեց, որ նախկինում մարզերի ֆեոդալական խմբերը գումարներ էին տալիս հեռուստաընկերություններին, որոնք էլ սպասարկում էին այդ խմբերի շահերը։ Այսօր չկա այդ խնդիրը, եւ հիմա այդ հեռուստաընկերությունները պետք է ոտքի կանգնեն՝ առաջարկելով մարզպետներին, խոշոր գործարարներին՝ մշակելու բիզնես-պլան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image