««Աստվածների կանչը» ֆիլմը շատ պատահաբար է ծնվել։ Բախտներս բերեց, որ Արեւմտյան Հայաստան մեր այցելության ժամանակ մեզ հետ էր նաեւ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, որն էլ այդ հրաշալի կադրերը վերածեց ֆիլմի»,- զրույցի ժամանակ ասում է ծագումով մշեցի ԱԺ նախկին պատգամավոր, «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը։
Ֆիլմը ցուցադրվեց փետրվարի 25-ին, «Նարեկացի» արվեստի միությունում։
«Աստվածների կանչը» ներկայացնում է Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի կյանքը, նրանց կենդանի խոսք ու զրույցը, նրանց հուշերը, պատմական հուշարձաններն ու վայրերը։
Ֆիլմի մասին խոսելիս Արագած Ախոյանն ասում է, որ տարիների ընթացքում կուտակված պատմություններ շատ կան, իրենք շարունակական մշակութային այցեր են կատարում Արեւմտյան Հայաստան։
«Այս տարի պատրաստվում ենք նոր այցեր կատարելու, նոր նախագծեր իրականացնելու։ Ես գնում եմ որպես տանտեր, որպես այդ հող ու ջրի զավակ։ Ես գնում եմ իմ տուն։ Եվ բոլորը հասկանում են, որ այնտեղ պահպանված պատմամշակութային արժեքները տեր ունեն։ Եվ այնտեղ ապրող, արարող հայերը հասկանում են, որ իրենք անտեր չեն, մենակ չեն»,- ասում է Արագած Ախոյանը։
Ֆիլմում մի աղջիկ ասում էր, որ իր տատը հայ է։
Արագած Ախոյանն արձագանքում է․ «Այո, շատ հուզիչ էր, նման դեպքերի շատ ենք հանդիպում, մոտենում են, քանի որ սառույցը հալվել է, եւ ծպտյալ հայերը կարողանում են խոսել իրենց ինքնության մասին, հնարավորություն ունեն բացահայտվելու։ Մենք պետք է ճանապարհ բացենք իրենց համար։ Իսկ, ըստ ուսումնասիրությունների, կան 4,5 միլիոն ծպտյալ հայեր։ Եթե մենք շարունակական, հետեւողական աշխատանք տանենք, ապա կունենանք ազգային ֆոնդ, եւ ազգային անվտանգության հարցը կլուծվի։ Դեմ եմ բոլոր տեսակի պոպուլիստական միջոցառումներին, պետք է գնանք Արեւմտյան Հայաստան, այնտեղ հայերեն դասավանդելու մասին ուղիներ մտածենք»։