Հասարակություն

«Հրապարակ». Կառավարությունն արտոնում է դատապարտված բիզնեսը

«Հրապարակ». Կառավարությունն արտոնում է դատապարտված բիզնեսը

Հայաստանից ապրանքներ արտահանողների եւ ներմուծողների համար բարդ ժամանակ է: Հիմնական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, բոլոր ճանապարհներն անցնում են Վրաստանով, 2 երկրներն էլ այլեւս բարյացակամ չեն տրամադրված Հայաստանի հանդեպ եւ ամեն ինչ անում են՝ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական խաղերը հասարակ բիզնեսմենների քթից բերելու համար: Արդեն գրվել է, որ կոնյակ, գինի արտահանողներից համատարած կաշառք են ուզում, որը վերջիններս արդեն տալիս են` յուրաքանչյուր մեքենայից 300 դոլար, քանի որ իրենց իրավունքները պաշտպանող պետություն չունեն: Ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանողների արտադրանքն օրերով կանգնած է սահմանին կամ հետ է գալիս: Օրերս ծաղիկ վաճառողների բունտ էր: Նրանց, առանց ողջամիտ բացատրության, արգելել են ծաղիկ մտցնել Ռուսաստան, իբրեւ թե ծաղիկները վարակված են: Ռուսաստանի սովորական պահվածքն է: Մեկ շաբաթ առաջ Զվարթնոց գյուղի ծաղիկ արտահանողները փակել էին Էջմիածին-Երեւան ճանապարհը, բողոքում էին, որ չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, եւ լուծումներ էին պահանջում կառավարությունից: Կառավարությունը, բնականաբար, լուծումներ չունի: Նա չի կարող չեղարկել «Ռոսսելխոզնադզորի» արգելքը, որը դրվել է Հայաստանից եկող ծաղիկների վրա: Այն կարող է միայն արտոնություններ տալ բիզնեսին, որն այլեւս դատապարտված է: Հուլիսի 17-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց Կոտայքում վարդերի բիզնեսով զբաղվող «Միմո թրեյդ» ՍՊԸ-ին ազատել ներմուծման մաքսատուրքից՝ այդ ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում։ Այս ընկերությունը հիմնադրվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ: 

Ծաղկագործների խնդիրները նոր են ծագել, իսկ արտոնություն ստանալու համար փաստաթղթերը կառավարությունը ստացել է մոտ երկու ամիս առաջ՝ հայտնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում կառավարությունն իրավունք ունի տրամադրել մաքսային արտոնություններ սարքավորումների, հումքի ներկրման համար: Ոլորտը, ճյուղը ընտրում է կառավարությունը: Ձեզ վստահեցնում եմ, որ այս փաթեթը, որը հասել է կառավարություն, 1-1,5 ամիս ընթացք է ունեցել, իսկ այդ ժամանակ հայտ ներկայացնողը չէր կարող պատկերացնել, որ մենք սահմանն անցնելու հետ կապված խնդիրներ կունենանք Վրաստանում կամ Ռուսաստանում: Թե դրանից հետո ինչպես կզարգանան մեր հարաբերությունները Ռուսաստանի ու Վրաստանի հետ, դժվար է կանխատեսել, բայց դա արդեն դառնում է բիզնեսմենի ռիսկը»: 

Ըստ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի՝ կառավարությունը պետք է  վերլուծական աշխատանք կատարի: «Ներդրումներ ներգրավելու համար որոշակի արտոնությունների ծրագրեր միշտ եղել են, այլ հարց է, թե դրանք որքանով են էֆեկտիվ կամ, ասենք, ինչքանով են օբյեկտիվ: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է վերլուծի, եւ, ըստ էության, ինքն է նաեւ առաջարկ ներկայացնում՝ ներդրումները հեռանկարայի՞ն ճյուղում են, թե՞ ոչ, բայց չի կարող ուղղորդել գործարարին, թե որ ոլորտում իր բիզնեսն իրականացնի»,- ասում է նա: Ժամանակին, երբ Հայաստանը համեմատաբար անկախ տնտեսական քաղաքականություն էր վարում, մաքսատուրքի, այլ հարկերի ու տուրքերի գծով արտոնությունները պետության ձեռքին տնտեսական քաղաքականության գործիք էին, որոնք այն կարողանում էր բանեցնել ըստ իրավիճակի, խրախուսել այն բիզնեսը, որն առաջնահերթ էր, հեռանկարային: Այսօր պետությունը չունի այդ գործիքները կամ էլ չի կարողանում դրանք բանեցնել, ապաշնորհ կառավարման հետեւանքով, անկարող է տարրական հարցեր լուծել հարեւան երկրների, դրանց առանձին կառույցների հետ՝ ռուսական «Ռոսսելխոզնադզորի», վրաց սահմանապահների հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image