Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ավարտել է Դարոն Աճեմօղլուի և Սայմոն Ջոնսոնի «Իշխանություն և առաջընթաց» գրքի ընթերցանությունը։
«Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- հարցրել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց օրեր անց Փաշինյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ։ Ըստ նրա՝ Աճեմօղլուն պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում։ Փաշինյանը նույնիսկ գրել էր, որ տնտեսագետն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը։
Ու հիմա, ինը տարի անց, նորից հիշել է Դարոն Աճեմօղլուին՝ այս անգամ նրա գիրքը կարդալով։
Բայց ինը տարվա ընթացքում ի՞նչ է արել այն գաղափարներով, որոնց մասին խոսում է հենց Աճեմօղլուն։ Նա բազմիցս ասել է, որ երկրի զարգացումը հնարավոր է միայն ուժեղ ինստիտուտների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ իրական պայքարի և պրոֆեսիոնալ կադրերի միջոցով։ Այդ սկզբունքներից ո՞րն է դարձել այս իշխանության այցեքարտը։
Եթե ինը տարի շարունակ իրականացված քաղաքականության արդյունքում տնտեսության բազմաթիվ խնդիրներ ոչ թե լուծվել, այլ խորացել են, ապա ուշացած ընթերցանությունը դժվար թե փոխի այդ տարիների արդյունքների գնահատականը։ Աճեմօղլուի գրքերը պետք էր կարդալ իշխանության առաջին օրերին, ոչ թե ինը տարի անց՝ արդեն կուտակված խնդիրների ֆոնին։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աճեմօղլուի գաղափարները հիշվեցին միայն ինը տարի անց։ Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ դրանք չդարձան իշխանության առաջին իսկ օրերի քաղաքական ուղենիշը։ Սա շատ կարևոր հարց է ու աշխարհաքաղաքական։
Այս ամենից հետո, թերևս, հենց Դարոն Աճեմօղլուն Փաշինյանին կասեր իր հայտնի ձևակերպման ոճով. «Դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում»։