Կառավարությունը հաստատել է 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաեւ ներկայացված հայտերը՝ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը՝ առկա եւ 36-ը՝ հեռակա:
Նշված 180 տեղից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա եւ 13 հեռակա:
Որոշման արդյունքում կապահովվի անձի՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաեւ՝ գիտության ոլորտում սերնդափոխությանը եւ գիտական ներուժի զարգացմանը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաեւ բուհերի եւ գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է: