Հասարակություն

«Հրապարակ». Զգուշացնում ենք` հաջորդ անգամ կդիմենք դատարան

«Հրապարակ». Զգուշացնում ենք` հաջորդ անգամ կդիմենք դատարան

«Տեղեկատվական վեճերի խորհուրդ» կոչվող ՀԿ-ին (կամ ՀԿ-ների միավորմանը) չէինք անդրադառնա, եթե երկու հանգամանք չհարկադրեին դա անել։ Առաջինն այդ խմբակի կողմից կեղծարարությամբ մարդկանց շփոթության մեջ գցելու վարքն է, երկրորդը՝ ՏՎԽ խմբակի ինքնագլուխ դիմումը մի այլ նմանատիպ կառույցի (դա էլ կոչվում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին), որպեսզի վերջինս էլ կարծիք հայտնի «Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» դատական գործի առնչությամբ։

Ակնհայտ է, որ երկու խմբակն էլ դատական վեճի շուրջ ինքնակոչ արտահայտվել են պարզապես երեւալու, ենթադրելի է՝ իշխանության կողմից «նկատվելու» համար։ Օրվա իշխանությանը հաճոյանալն այդ խմբակների անդամների մեծամասնության համար էություն է եւ կենսակերպ։ Բայց, քավ լիցի, ո՞վ է նրանց թույլ տվել, որ իրենց հերթական պնակալեզության ցույցի համար առիթ ծառայեցնեն «Հրապարակի» հոդվածները կամ դատական գործերը... 

2011թ․ մայիս, Ծաղկաձոր 

Երեւի, իբրեւ սկիզբ, պետք է մի կարճ էքսկուրս կատարել դեպի 2011թ․, քանի որ 2011-ի փետրվարին «Հրապարակ»-ում լույս տեսած իմ՝ «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրու՞մ․․․» հոդվածը  եւ այդ հոդվածի պատճառով «Հրապարակի» դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն են զգալիորեն առիթ ծառայել, որ այդ «Տեղեկատվական վեճերի խուրհուրդ» ՀԿ-ն կամ խմբակը ստեղծվի։

Դատական գործի յուրահատկությունն այն էր, որ իմ հոդվածում չկար փաստական սխալ, կային խիստ բացասական գնահատականներ փաստերին, ինչը պաշտպանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (UDHR) 19-րդ հոդվածով, կարծիքի ազատությամբ։ Սակայն այդ ժամանակ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածը նոր էր հանվել ՀՀ Քրեական օրենսգրքից, փոխարենը Քաղաքացիական օրենսգրքում ավելացվել էր 1087.1 հոդվածը, որը բավարար չէր պաշտպանում կարծիքի ազատությունը՝ խախտելով ՀՀ միջազգային պարտավորությունները։ 1087.1 հոդվածի հեղինակներից մեկն այդ ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էր, որը, պարզ է, չէր ցանկանում ո՛չ իր հեղինակած հոդվածի խնդիրները տեսնել UDHR 19-րդ հոդվածի հետ, ո՛չ էլ 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով ՀՀ ՍԴ դիմել։ 

Իսկ հոդվածը եւ դատական վեճը հանրային մեծ ուշադրություն էին գրավել․ Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներն էին այդ գործին հետեւում, ԱՄՆ դեսպանատնից խմբագրություն եկան, ինձ դեսպանատուն հրավիրեցին` էքսպերտների հետ հանդիպման, եւ այլն։ Ի վերջո, դատական վեճը լուծվեց նրանով, որ 2011-ի հոկտեմբերին 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմեց ՀՀ ՍԴ։

Իսկ դա վերջնահաշվում շնորհիվ այն բանի, որ չնայած դատարանում գործը քննվում էր, սակայն 2011-ի ամռանը ես անձամբ նամակով դիմեցի ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, փաստարկեցի UDHR-ի 19-րդ, ECHR-ի 10-րդ հոդվածների հետ ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը` կարծիքի ազատության (freedom of opinion) երաշխավորման հարցում, եւ խնդրեցի կարծիք հայտնել։ Երկու ատյանից էլ ստացվեցին իմ դիրքորոշմանը սատարող պատասխաններ, ինչը Կարեն Անդրեասյանին այլեւս չթողեց մեծ ընտրություն, քան ՍԴ դիմելը։ ՍԴ նիստը կայացավ 2011թ․ նոյեմբերի 15-ին։ 1087.1 հոդվածը հակասահմանադրական չճանաչվեց, բայց ՍԴ-ի կողմից հոդվածն իմպերատիվ մեկնաբանությունների ենթարկվեց, ինչի արդյունքում Ռ. Քոչարյանի փաստաբանները նախընտրեցին հրաժարվել հայցապահանջից եւ հաշտություն կնքել։ 

Բայց դա եղավ հետո։ 2011-ի ապրիլ-մայիսին ոչ ոք չէր պատկերացնում, որ արտադատարանական ընթացքով Քոչարյան- «Հրապարակ» վեճը կհանգուցալուծվի։ Բոլորին տեսանելի էր միայն, որ վեճը կարծիքի ազատության շուրջ է, եւ ՀՀ օրենսդրությամբ այն բավարար պաշտպանված չէ։ Դրա համար էլ Արեւմուտքը նպատակահարմար համարեց, որ Հայաստանում ստեղծվի մի մարմին, որը կարծիքի, խոսքի ազատությունը կպաշտպանի, լրատվամիջոցների շահերը կարտահայտի։ Այդպես` 2011-ի մայիսին, Ծաղկաձորում, Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած ֆորումում ստեղծվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ կոչվածը (ՏՎԽ), որը գործում է ամերիկյան NED-ի դրամաշնորհներով։ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ անձամբ էր եկել Ծաղկաձոր եւ մասնակցեց ֆորումի այն նիստին, որում հայտարարվեց ՏՎԽ-ի ստեղծման մասին։

Թե ՏՎԽ-ն որպես ՀԿ ստեղծվեց կամ այլ բան՝ այն ժամանակ էլ չհասկացվեց, փոխարենը պարզ էր, որ առաջինը ինչ կանեն եւ արեցին, կարճ ժամանակում իմ հոդվածի շուրջ կարծիք հայտնելն էր։ Մանրամասները հիմա չեմ հիշում, ընդհանուր իբրեւ թե ինձ էին պաշտպանել։ Ես այն ժամանակ հրապարակավ, թերթում պատասխանեցի, որ, ի սեր Աստծո, հեռու մնացեք դատական վեճից, ո՛չ ձեր ինտելեկտը, ո՛չ իրավական գիտելիքները, հեղինակությունը կամ ազդեցությունն են թույլ տալիս դատական վեճի ընթացքի վրա ազդել, ո՛չ էլ որեւէ մեկը խնդրել է, որ ձեր համեստ կարողություններով այս վեճին խառնվեք։ Մենք ձեր պաշտպանության կարիքն ամենեւին չունենք, Քոչարյանի կողմից էլ չեն խնդրել ձեր կարծիքը, խնդրեմ կայանալու այլ առիթ գտեք...

Հիմա էլ, 14-15 տարի անց, բառացիորեն նույնը պետք է կրկնել՝ արդեն «Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» դատական գործով։ Նորից այդ ՏՎԽ-ի կարծիքը ոչ ոք չի խնդրել` ո՛չ Փաշինյանը, ո՛չ «Հրապարակը», բայց ուշագրավը ոչ այնքան կարծիքն է, որքան այն, թե ինչպես են դա տարածել եւ այնուհետ ինչ են արել։ 

Եթե ստեղծվելը առնչվել է, ջանացեք՝ վերջաբանն էլ չառնչվի

Երկու տողով ներկայացնեմ «Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» դատական գործը: Այն մեր կայքում մայիսին հրապարակված մի նյութի շուրջ է, որում մեջբերվել է հանրության շրջանում շրջանառվող անթիվ խոսակցություններից մի երկուսը՝ կառավարության շենքում Փաշինյանի անվայել վարքի, սեքսուալ արկածների, Աննա Հակոբյանի разборка-ների մասին։ Նյութը գրվել է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով եւ շատ ճիշտ է արվել։ Եթե Փաշինյանի լպիրշությունը, սանձարձակությունը, սրբապղծությունը բավարարում են նրան, որ անպատասխանատու ու անհասցե կերպով Եկեղեցու սպասավորների քեռու կանանց հետ կապերում ամբաստանի, որ հոգեւորականների կողմից մանկապղծության մասին խոսեն, Վեհափառին վիրավորեն, ապա ինչո՞ւ պետք է իրենց էլ նույնկերպ չպատասխանեն։ 

Փաշինյանի իմացած Հրեական Աստվածաշնչի, Tanakh-ի (որտեղից օրումեջ սաղմոսներ է անգիր անում, քանի որ նույնիսկ չգիտի՝ որն է քրիստոնեության Սուրբ Գիրքը, որը՝ հուդայականության) հազարամյակների դրվածքն է դա՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Դատարանում նախ Փաշինյանը եւ իր կինը պետք է ապացուցեն իրենց ստահոդ մեղսագրումների փաստական, հիմնավորված եւ իրական լինելը, դրանից հետո միայն հարցը կհասնի «Հրապարակի» նյութի փաստականությանը։ Իսկ եթե իրենց սոցցանցային գրառումները գրական ժանրում են, ուրեմն «Հրապարակի» նյութն էլ է գրական ժանրում։ 

Ակնհայտ է, որ այս վեճում ոչ մի ՏՎԽ-ի կարծիք ոչ մի կողմին չի հետաքրքրի։ Սակայն քանի դեռ ՏՎԽ-ն կա, դրամաշնորհներ է ստանում, պետք է թուղթ մրոտեն՝ աշխատանք ցույց տան, այդ տրամաբանությամբ էլ դեռ ամռանը ՏՎԽ-ից մի քանի էջանոց տեքստ էին տարածել՝ «Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» գործի առնչությամբ։ Տեքստը շարադրված էր բավականին անգրագետ, կարելի էր կարմիր թանաքով ամեն էջի վրա տասնյակի չափ շարահյուսական սխալ, բառերի սխալ գործածումներ ընդգծել, բովանդակությունն էլ անարժեք, տրիվիալ դատողություններ էին` «ո՛չ նալին, ո՛չ մեխին» տրամաբանությամբ։ Տեքստը տարածվել էր մի ձեւաթղթով, որի վերնամասում (heading) տառացիորեն գրված է՝ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ, www.idcarmenia.am, [email protected]» եւ վերջ։ 

Յուրաքանչյուրը գիտի, որ գոյություն ունեն ՀՀ պետական իշխանության մարմիններ, իշխանության կողմից լիազորված կամ կից մարմիններ, որոնք կոչվում են խորհուրդներ, օրինակ՝ Հանրային խորհուրդ, Հանրային հեռարձակողի խորհուրդ եւ այլն, եւ պարզ է, որ լոկ «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» անվամբ ներկայանալու նպատակն ինչ-որ լիազորություններ կրող, իշխանությամբ օժտված մարմնի տպավորություն ստեղծելն է։ Դա նույնն է, թե մեկը գրանցի Վճռաբեկ դատարան, Հանրային խորհուրդ կամ նմանատիպ այլ անունով ՀԿ, հետո ձեւաթղթի վերնամասում գրի՝ «Վճռաբեկ դատարան» կամ «Հանրային խորհուրդ», եւ սկսի, ինչպես «առատության եղջյուրներից», հասարակության վրա տեղալ Վճռաբեկ դատարանի «որոշումներ», Հանրային խորհրդի «եզրակացություններ», Կառավարության «կարծիքներ»... ՏՎԽ-ն հենց այդպիսի շփոթեցնող կեղծիքի եւ խուլիգանության է դիմել «Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» դատական վեճի մասին իր տեքստը տարածելիս, ինչով էլ գրավել է մեր ուշադրությունը։ 

Հետո էլ, իբրեւ թե կեղծարարությունը քիչ էր, կատարելապես ինքնագլուխ, չգիտես ինչ իրավասությամբ, ում կողմից լիազորվելով՝ դիմել են մի այլ ինքնակոչ խմբակի (Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին), որպեսզի մի կարծիք էլ նրանք հայտնեն։ Այսինքն, անպատիժ կեղծում են իրենց ինչ լինելը, իրենց ոչ մի կերպ չառնչվող գործերով սրան-նրան են դիմում` կարծիքներ գեներացնելու եւ տարածելու համար՝ հավակնելով մամուլի եւ դատարանների վրա ազդել... Եթե այսպես շարունակվի, մեզ շատ բան չի մնա անել, քան նամակ գրել ԱՄՆ պետքարտուղարություն եւ NED ու խնդրել քննել՝ արդյո՞ք իմաստ ունի ամերիկյան հարկատուների միջոցները վատնել Հայաստանում մի ինքնակոչ, ինքնագործունեությամբ զբաղվող, որեւէ նշանակություն չունեցող կառույցի վրա, որը նաեւ մամուլի դեմ է աշխատում` ի նպաստ իշխանավորների։ Եթե ՏՎԽ-ի ստեղծումն առնչվել է «Հրապարակին», մի ջանացեք, որ վերջաբանն էլ առնչվի։

Եվ վերջում՝ «Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին» ինքնահորջորջված խմբակի մասով։ Այդ խմբակի անդամներից երեւի ամեն երկրորդի մասին մի կարճ բնութագրող դրվագ կարելի էր մեջբերել, որն ընթերցողին պատկերացում կտա նրանց մտավոր ունակությունների, իրավական գիտելիքների, բարոյական կերպարի, օրվա իշխանությանը քծնելու մոլուցքի մասին։ Խնայում ենք` չենք անում։ Խմբակի տարածած փորձագիտական կարծիքն էլ այս անգամ անտեսում ենք։ Սակայն եթե ապագայում որեւէ անգամ նորից այդ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնից «Հրապարակի» որեւէ հոդվածի առնչությամբ կարծիք տարածեն, ապա հրապարակային նախազգուշացնում ենք, որ առանց այլեւայլության հայցով կդիմենք դատարան։ Այդ դիտորդ մարմնի կողմից որեւէ մեկի մասին արտահայտվելն իսկ բարի համբավի արատավորում է եւ հիմք` դատարան դիմելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image