Հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ բռնություններով եւ ապօրինություններով ուղեկցված ձերբակալությունից բացի, տեղի ունեցավ մի այլ սարսափելի իրադարձություն, որը, սակայն, մնաց հանրային ուշադրության դաշտից դուրս: Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ` բեռնատարների վարորդներ, ովքեր ներկայացնում են հազարավոր իրենց գործընկերների, Հայաստանի կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպելուց հետո երթով շարժվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենք՝ փորձելով այնտեղ գտնել իրենց հուզող խնդրի լուծումը, անձամբ իրենց խնդիրը ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին եւ նրանցից լուծում ակնկալել: Եթե հիշում եք՝ ամիսներ առաջ էլ կոնյակ արտահանողներն էին Վրաստանի դեսպանատուն գնացել։ Այսպիսով պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները համարում են, որ Հայաստանի իշխանությունը չի արտահայտում իրենց շահերը, այդ կառավարությունից ակնկալիք չունեն եւ փորձում են ՀՀ իշխանությանը շրջանցելով՝ ինքնուրույն լուծել իրենց խնդիրը, ինքնուրույն բանակցել այլ երկրների իշխանությունների հետ: Սա պետության, պետական իշխանության վախճանի մասին է խոսում: Կարո՞ղ եք ասել, թե ՌԴ դեսպանատան առաջ մի քանի հարյուր վարորդի բողոքի ցույցն ինչ կապ ունի պետականության վախճանի հետ։ Հիմա պարզաբանենք:
Ինչպես հայտնի է, բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցները եւ անհատ վարորդները տեւական ժամանակ է՝ Հայաստանի կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որպեսզի իրենք հնարավորություն ունենան տարվա մեջ Ռուսաստանի տարածքում լինել ոչ թե 90, այլ՝ 180 օր: Հայաստանի կառավարությունը շարունակում է անտեսել այդ պահանջը, անգործություն կամ անձեռնհասություն է դրսեւորում, ինչի ապացույցը խնդրի չկարգավորված լինելն է: Բեռնափոխադրում եւ ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները, որպես գործունակ իշխանության օրինակ, Հայաստանի կառավարիչներին են ներկայացնում Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների աշխատանքը, որոնք իրենց քաղաքացիների համար նման արտոնություն են ստացել, բայց Հայաստանի կառավարիչներին իրենց անգործության բացահայտումը չի մտահոգում: Ինչպես ասել ենք, Հայաստանի կառավարիչները չեն էլ կարողանալու այդ խնդիրը կարգավորել, քանի որ խնդիրը ծագել է Հայաստանի իշխանությունների վարած, այսպես կոչված, եվրոպամետ քաղաքականության արդյունքում, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ իրենց նպատակը ԵՄ-ին անդամակցելն է, այդ երկրի իշխանությունը չի կարող ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի հետ որեւէ բանակցություն վարել, իր տնտեսվարողների համար արտոնություն ստանալ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ՌԴ կառավարության ներկայացուցչությունն է Հայաստանում: Այդ կառույցը, նրա աշխատակիցները պարտավորություն ունեն՝ ներկայացնելու, պաշտպանելու Ռուսաստան պետության եւ Ռուսաստանի քաղաքացիների շահերը, բայց ո՛չ Հայաստանի եւ նրա քաղաքացիների: Երբ Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվելուց եւ իրենց պահանջները Հայաստանի կառավարիչներին ներկայացնելուց հետո տեսնում են, որ Հայաստանի կառավարիչներն անընդունակ են պաշտպանելու իրենց օրինական շահերը, գնում եւ ցույց են անում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որ Ռուսաստանի դեսպանը ներկայացնի իրենց շահերը, իրենց խնդիրը բարձրացնի Ռուսաստանի կառավարության առաջ։ Եվ դա նշանակում է ընդամենը մի բան՝ այդ մարդիկ ասում են, որ իրենց համար Հայաստանի կառավարություն գոյություն չունի: Դուք երբեւէ լսած կամ տեսած կա՞ք, որ որեւէ երկրի քաղաքացիներ բողոքի ցույց անեն Հայաստանի դեսպանատներից որեւէ մեկի դիմաց, դիմեն այդ երկրում Հայաստանի դեսպանին, որ նա իրենց պահանջը փոխանցի Հայաստանի կառավարությանը: Իհարկե, չեք տեսել ու չեք էլ տեսնի, որովհետեւ յուրաքանչյուր երկրի քաղաքացի հասկանում է, որ իր խնդիրների հասցեատերն իր երկրի իշխանությունն է, իր երկրի կառավարությունը եւ ոչ թե իրենց երկրում օտարերկրյա որեւէ դեսպանատուն:
Մտահոգո՞ւմ է այս իրողությունը Հայաստանի կառավարիչներին, թերեւս՝ ոչ: Ընդհակառակը, այնպիսի քաղաքական եւ պետական հզոր գործիչներ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն ու Գեւորգ Պապոյանն են, նույնիսկ կարող են դրանից իրենց լավ զգալ՝ ասելով, որ թող բոլոր բողոքավորներն այլեւս իրենց դիմելու, իրենց անդորրը խանգարելու փոխարեն իրենց խնդիրներով դիմեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին եւ դեսպաններին, ամեն մեկն իր նախասիրություններին համապատասխան` Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Ֆրանսիա կամ Վրաստան: Բայց իզուր, որովհետեւ եթե հիմա ընդամենը մի քանի հարյուր կամ հազար մարդ է հույսը կտրել Հայաստանի կառավարիչներից, ապա այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը հասկանա, որ սրանք որեւէ բանի անընդունակ զանգված են, իսկ դրան մենք շատ մոտ ենք, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ հասարակության մեծ մասն իր խնդիրների լուծումը տեսնի երկրից դուրս, ուրիշ երկրների իշխանությունների տեսքով: Եվ ինչ-որ մի երկիր որոշի, որ իսկապես պետք է «օգնության» ձեռք մեկնել անօգնական մնացած մարդկանց, նրանց տեր կանգնել:
Միշտ ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Հայաստանին եւ նրա պետականությանը Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի տված ամենամեծ վնասն այն է, որ նրանք հասարակության մոտ զզվանք եւ անվստահություն առաջացնելով իրենց նկատմամբ, այդ նույն զգացողությունը փոխանցում են նաեւ պետության եւ պետականության նկատմամբ: