Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադիր… Հայաստանը թեւակոխել է մի փուլ, երբ այդ եզակին այլեւս ոչինչ չունի կորցնելու, իր պաշտոնից բացի: Պաշտոնը կորցրեց՝ ամեն ինչ գնալու է գրողի ծոցը՝ էլ ոչ մի վարչապետ, էլ ոչ մի Հայաստան: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ նա կամակոր է, իրասածի, չուգուն, այլ՝ այն, որ նրա այդ հատկությունները մեզ կանգնեցրել են մի օբյեկտիվ իրականության առաջ, որից պարզապես փրկության ելք չկա: Իրեն էլ, եթե հարցնես, չի կարող հուշել, չգիտի, չի պատկերացնում, թե ինչ կարելի է անել՝ այս իրավիճակից դուրս գալու համար:
Ժամանակին անեկդոտատիպ մի խոսույթ էր պտտվում: Ասում էին՝ երանի վերջից մի մարդ գար, հարցնեինք՝ ախպեր, մեր վերջն ի՞նչ է լինելու: Այսօր դրա կարիքն էլ չկա: Սա է վերջը, որից անդին արդեն ազատ անկումն է, կործանումը: Մի երկրում, որտեղ բուն գործընթացը հետապնդումն է (քաղաքական, քրեական, տնտեսական, բարոյական), հնարավո՞ր է լինեն աշխատանք, զարգացում, գիտություն, մշակութային զարթոնք, ապագա: Բացառվում է: Դե, իսկ պատասխանատուն, այլեւս ոչինչ չունի անելու: Ձախողել է ամեն ինչ եւ ընկել հուսահատ ճղճղոցների մեջ: Արածը, ախր, ճիգ էլ չի, որ ասես՝ հա, մարդը ճիգ է թափում, որ փրկի երկիրը: Գագիկ Ծառուկյանի ձիերն ու առյուծներն ի՞նչ կապ ունեին երկրի կործանման հետ… Սամվել Կարապետյանի ՀԷ՞Ց-ն էր Հայաստանի թշնամին… Ռոբերտ Քոչարյանը որ նստի, կփրկվե՞նք… Իսկ գուցե «Արարատցեմենտ»-ի պետականացումի՞ց է կախված Հայաստանի լինել-չլինելու հարցը:
Հայաստանը դարձրել է ավելորդ գլխացավանք համաշխարհային ողջ հանրության համար: Ոչ ոք մեզ այլեւս լուրջ չի ընդունում: Այնքան սուտ ենք խոսել, այնքան ցատկել մի աթոռից մյուսին, այնքան գլխարկներ փոխել, որ չեն հավատում մեզ ու մեր «վարած» արտաքին քաղաքականությանը: Նույն բանը ներսում է կատարվում։ 0 տոկոս վստահություն իշխանությունների հանդեպ: Ստախոս են, «քցող», անգրագետ, տուպոյ… Երկու էշի գարի տաս՝ չեն կարողանա իրարից ջոկել: Թալանչի, լափող, փոշիացնող, փչացնող: Պետական մտածողության իսպառ բացակայություն է: Էլ ե՞րբ կընկնի ձեռքները… Պիտի ուտեն, քանդեն, ոչնչացնեն, վերացնեն… Ասել են, չէ՞, կա՛մ մենք կլինենք իշխանություն, կա՛մ Հայաստանը իշխանություն չի ունենա:
Լավագույնը, որ կարող են անել Հայաստանի համար, կործանման այս ծամոնը ձգելն է: Տավուշում ինչ տվել՝ տվել են, հիմա կիջնեն Վայք, Տիգրանաշենը կտան, նոր բարձունքներ ու տարածքներ: Մի օր էլ կարթնանանք՝ ու Սյունիքը չկա, հայ-պարսկական սահմանը չկա, Երեւանում էլ 300 հազար ադրբեջանցի նստած՝ սպասում են իրենց տեղակայման հարցի կարգավորմանը: Քանի դեռ ձգվում է այս ամենը, լավ է, մտածում ես՝ մի լույս կբացվի, բայց ձգել-ձգձգելն էլ իրենցից կախված չէ: Միջազգային իրավիճակ է՝ հենց ներեց, թուրքերը 1-2 օրում կլուծեն այս հարցերը, ու մենք չենք էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ:
Մեկ ուրիշը գուցե կանգ կառներ, կխոստովաներ, որ այլեւս չի կարողանում կառավարել երկիրը, որ սա վերջն է, տալիս ենք ամեն ինչ: Բայց նա… Չէ, ի՞նչ եք ասում, ի՞նչ կանգնել, ի՞նչ խոստովանել… Մեղա գալու մասին էլ խոսք չկա: 2018 թվից ոնց քշում է իր էշը, այսօր էլ շարունակում է նույն ձեւով քշել՝ ո՛չ լուծում է առաջարկում, ո՛չ փրկության ճանապարհ: Մարդկանց էլ ձեռ է առնում՝ սիրում եմ բոլորիդ: Ստում է: Ձեռքին ճար լինի, 2 օրում վարի կտա ամեն ինչ, որ փախչի, ազատվի պատասխանատվությունից: Վերեւում ասացի արդեն՝ օբյեկտիվ իրավիճակը թույլ չի տալիս, մի բան, որի վրա ինքն ազդեցություն չունի: Դեռ որքա՞ն կպահպանվի այդ իրավիճակը, հնարավո՞ր է, որ ինչ-որ բան փոխվի, եւ կասեցվի Հայաստանի «դեմոնտաժը»՝ չգիտեմ: Եվ ոչ ոք չգիտի: Նիկոլը շարունակում է խարխափել, մենք էլ՝ նրա հետ: