Սյունիքի մարզի Համլետավան գյուղում վերջերս վերակառուցվել է 17-18-րդ դարերի մատուռ–դամբարանը ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ այդ մատուռի մասին տեղեկություններ չկան, ենթադրաբար այն կառուցվել է 17-րդ դարում, միանավ բազիլիկ տիպի է: Հուշարձանը գտնվել է կիսավեր վիճակում՝ արտաքին պատերի վերնամասերը և թաղի գմբեթարդի մի հատվածը խարխլված են եղել: 2022 թ–ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել էին վերականգնմանը նախորդող պեղման աշխատանքներ:
Մատուռի վերականգնմամբ տեղի բնակչությանը հնարավորություն է տրվել մոմ վառել, կնունք, պսակադրություն իրականացնել հենց համայնքում ։ Նախկինում համայնքի բնակիչները զրկված էին նման հնարավորությունից, քանի որ ըստ խոսակցությունների՝ տարածքի նախկին սեփականատերն այն պարսպապատել էր եւ ելումուտն արգելված էր։ Մատուռը վերականգնել է ներկայիս սեփականատերը ՝ բարերար Արսեն Թադևոսյանը՝ առաջնորդվելով, թե սրբավայրը չի կարող համարվել որևէ մեկի սեփականությունը սկզբունքով։
«Այն, որ Թադևոսյան ընտանիքը վերակառուցել է սրբատեղին, խաչ է կանգնեցվել, օծվել եւ համայնքի բնակիչներն այսօր այնտեղից օգտվում են, ես լիովին ողջունում եմ, բայց թե ինչու էր նախկինում մարդկանց համար փակ մատուռի տարածքը եւ անհասանելի, կուզեի՝ ճշմարտությունն իմանայիք»,-hraparak.am-ի հետ զրույցում ասում է տարածքի նախկին սեփականատիրոջ դուստրը՝ Տաթևիկ Հարությունյանը։
« Երբ ասում են նախկին սեփականատեր, Սյունիքում բոլորը գիտեն, որ խոսքն իմ հոր մասին է, ով ճանաչված եւ հարգված անձնավորություն էր։ Մատուռն, այո, մեր հողամասի տարածքում էր։ Գյուղը Համլետավան կոչվեց առաջին արցախյան պատերազմից հետո, այնտեղ բնակվող թուրքերն անվանում էին Աչաղլու ։ Երբ պատերազմից հետո նրանք հեռացան, կարելի է ասել, գյուղն անմարդաբնակ էր, հայրս՝ Դավիթ Հարությունյանը նրանցից մեկն էր, որ առաջինը այնտեղ բնակվելու նպատակով հողակտոր գնեց եւ հիմքից փորձեց տուն կառուցել, իսկ մատուռը, որ մեր հողամասի մեջ էր, հայրս, նկատելով գմբեթը, մաքրել է քարերից, հողակտորներից եւ հայտնաբերել, որ այն քրիստոնեական է»։

Նրա խոսքով՝ հայրը հենց այդ ժամանակ դիմել է եկեղեցուն, որպեսզի վերականգնման աշխատանքներ արվեն, իսկ մինչ այդ պարսպապատել է՝ հուսալով, որ դրանով զբաղվելու ժամանակը կգա, կառուցելուց հետո տարածքը կբացի եւ մեր ժողովուրդն այնտեղ ծեսեր անելու հնարավորություն կունենա:
«Երկրաշարժը նույնպես հորս պլանները խառնեց, շինարարությունը կանգնեցրեց, ասում էր՝ մարդիկ անտուն-անտեղ են, երկիրը ծանր վիճակում է, ես այստեղ շինարարություն եմ անում, ճիշտ չի ընկալվի ։ Հորս ողջ երազանքը անկատար մնաց, նա չհասցրեց իրագործել այն, ինչ մտադրվել էր , մահացավ վաղաժամ։ Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս դժգոհությունը, որ նախկին սեփականատերը փակ էր պահում տարածքը․․․
Հորս մահից հետո մենք, քանի որ զբաղվածության եւ տարածության պատճառով ի վիճակի չէինք զբաղվելու թե առանձնատան, թե կիսավեր մատուռի խնդիրով, ստիպված եղանք վաճառել, երկար ժամանակ չէր վաճառվում, մինչև որ մի քանի տարի առաջ հայտնվեց գնորդը, ով այսօր վերականգնել է այն:
Ի դեպ, նախքան վաճառելը թղթերն արդեն հանձնել էինք Քաջարանի համայնքապետարանին:
Նորից եմ ասում, շատ ողջունում եմ , որ վերջապես մատուռը կանգուն է, բայց ինձ համար կոնկրետ վիրավորական է, երբ հիշատակում են նախկին սեփականատիրոջ՝ հորս մասին՝ ասելով մուտքը փակ էր, պարսպապատ, առանց նրան տեսնելու, նրա մտադրություններն իմանալու»,-ասաց Տաթևիկ Հարությունյանը։


