Քաղաքականություն

Դավթաշենի թաղապետարանի աշխատողը Հաշվեքննիչի փորձառու աշխատակցին է փոխարինելու

Դավթաշենի թաղապետարանի աշխատողը Հաշվեքննիչի փորձառու աշխատակցին է փոխարինելու

Կադրային փոփոխությունների այս խառն օրերին ավարտվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա պալատի անդամ էր 2018 թվականի նոյեմբերի 13-ից, եւ ս․թ․ նոյեմբերի 12-ից Կարապետյանի տեղը թափուր է։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ Պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վասակ Ռափյանը։ Դավթաշենի թաղապետարանում նա աշխատում էր այս տարվա հունվարից։ Մինչ այդ, կրկին կարճ ժամանակ՝ 8 ամիս, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում վարչության պետ է եղել, իսկ 2022 թվականին ընդամենը 2 ամիս աշխատել է «Բի Դի Օ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ներքին աուդիտի փորձագետ։ Հաշվեքննիչ պալատում Ռափյանի թեկնածության առիթով դժգոհություն կա։ 

Ինչպես հայտնի է, «Հաշվեքննիչ պալատի մասին» վերջերս փոփոխված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոլեկտիվում կրքեր են եռում։ Մարդկանց գլխին կախվել է մոտալուտ գործազրկության դամոկլյան սուրը, քանի որ նոր օրենքը պահանջում է, որ բոլոր հաշվեքննիչները՝ Պալատի անդամից մինչեւ կրտսեր հաշվեքննիչ, ունենան աուդիտորի որակավորում, եթե ոչ՝ դեկտեմբերից հետո ազատվելու են աշխատանքից։ Այժմ առանցքային հարց է, թե արդյոք նոր անդամի թեկնածու Ռափյանն ունի՞ աուդիտորի որակավորում, թե՞ ոչ, եւ արդյոք համապատասխանո՞ւմ է արտաքին աուդիտի մասնագետի չափանիշներին։ Ռափյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ունի ներքին աուդիտորի որակավորում․ «2017 թվականին թարմացվել է իմ լիցենզիան՝ ներքին աուդիտորի որակավորման»։ 
Նա կարծում է, որ համապատասխանում է նոր օրենքի պահանջներին։ «Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել աուդիտով» հարցին պատասխանում է․ «Իմ մասնագիտությանն ավելի բնորոշ է ու հոգեհարազատ եւ իմ կարողությունները դրսեւորելու դաշտ է։ Ինքը հանրային հատվածի ուսումնասիրության ներքին աուդիտի հիմունքներով է, հաշվեքննություն է իրականացվում հանրային հատվածում»։ 

Վասակ Ռափյանը սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» ֆակուլտետում։ Աշխատել է Երեւանի Կենտրոն թաղապետարանում, քաղաքապետարանի «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, 2011թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. օգոստոսը եղել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական վարչության պետը, իսկ 2012թ․ օգոստոսից մինչեւ 2021թ․ հուլիսը՝ տրանսպորտի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետը: Այս վերջին պաշտոնն է հատկապես կարեւորում՝ շեշտելով, որ իրեն հոգեհարազատ է ե՛ւ հաշվապահությունը, ե՛ւ աուդիտը, ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային մարմիններում աշխատանքը, որը նա կատարել է մոտ 20 տարի։ 

Զարմանալի է, սակայն Հայաստանում աուդիտորի որակավորում տրամադրող միակ մարմնի կայքից (www.caaa.am) տեսանելի է, որ Վասակ Ռափյան անուն-ազգանունով որակավորված աուդիտոր Հայաստանում չկա։ Իսկ նրա աշխատանքային կենսագրությունից երեւում է, որ նա աշխատանքային կարիերայի ընթացքում ոչ մի արտաքին աուդիտ չի իրականացրել։ «Ներքին աուդիտով է զբաղվել, բայց ներքին ու արտաքին աուդիտը լրիվ տարբեր բաներ են, ոնց որ մաշկաբանն ու սրտային խիրուրգը, չնայած երկուսն էլ բժիշկ են»,- ասում է Հաշվեքննիչ պալատում մեր աղբյուրը։ Այդ դեպքում ինչպե՞ս է ղեկավարելու պետության տրիլիոնավոր դրամների բյուջեի աուդիտը՝ հարցն օդում կախված է մնում։  

Պալատի իրավաբաններից մեկը բացատրում է՝ մայիսին տեղի ունեցած օրենքի փոփոխությամբ աուդիտորի որակավորման պարտադիր պահանջը ղեկավար կազմի համար 2024թ․ հունվարի 1-ի փոխարեն սահմանվել է 2028թ․ հուլիսի 1-ը։ «Ղեկավար կազմի համար սահմանվել է 28 թվականը, իսկ քաղաքացիական ծառայողների համար՝ 2024թ․ դեկտեմբերի 11-ը։ Փաստորեն, օրենքները ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել, որպեսզի «ազգային կառավարության» նվիրյալ կամակատարները մնան իրենց պաշտոններում, թեկուզ 34 աշխատակից կդառնա գործազուրկ»,- ասում է հաշվեքննիչի աշխատողը՝ ակնարկելով նախեւառաջ Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին:

Մեզ հետ զրույցի բռնված Հաշվեքննիչ պալատի աշխատողներն ափսոսանք հայտնեցին Կարեն Կարապետյանի հեռանալու կապակցությամբ։ Նրան բնորոշում են որպես հարգված ու սիրված, փորձառու կադրի, «շատ լավ» աշխատողի, հիշում են, որ  ժամանակին  եղել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ-ներդրումային ծրագրերի տնօրեն, իսկ 2016թ. նոյեմբերից մինչեւ 2018-ի հունիսն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image