Քաղաքականություն

Գործակալներին գործի վրա են բռնում

Գործակալներին գործի վրա են բռնում

Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե չօգտագործեր ընդդիմության եւ ընդդիմախոսների դեմ պայքարի նույնիսկ ամենաթույլ, գրեթե աննշան հնարավորությունները: Ահավասիկ, որպեսզի արդարացնի հայ-ադրբեջանական հակամարտության իբր թե կարգավորման նպատակով մի խումբ ավանակների՝ Բաքու գործուղելը, հրապարակ է նետում մի թեզ, թե ովքեր դեմ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, կա՛մ օտարերկրյա գործակալներ են, կա՛մ՝ ապուշ: Այստեղից հետեւում է, որ նրանք, ովքեր դեմ չեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, չեն կարող օտարերկրյա գործակալ կամ ապուշ լինել: Բայց այդպե՞ս է, արդյոք: 

Եկեք խնդիրը քննարկենք օրինակներով: Արման Բաբաջանյան, Ստյոպա Սաֆարյան, Լեւոն Շիրինյան, Լեւոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, Արամ Զավենի Սարգսյան… Այս ծաղկաբույլը, որքան ինձ հայտնի է, դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, բայց, իմ համեստ կարծիքով, ե՛ւ գործակալների, ե՛ւ ապուշների ծաղկաբույլ է: Նույնը կարող եմ ասել Բաքու մեկնած ավանակների խմբի մասին: Տղերք ջան, հանկարծ չնեղվեք, բայց դուք, ինչպես համալսարանում մեր ֆիզկուլտուրայի դասախոս ընկեր Դերձյանն էր ասում, իսկի տղա էլ չեք: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ասել է՝ կարգավորել հարաբերությունները միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միավորների, այս դեպքում՝ երկու պետությունների միջեւ: Այն, ինչ դուք փորձում եք կարգավորել, ավելին չէ, քան տիրոջ եւ ծառայի հարաբերությունների կարգավորումը, հաղթողի ու պարտվածի հարաբերությունների կարգավորումը, հովվի եւ հոտի հարաբերությունների կարգավորումը: Եթե մի փոքր ավելի վեր բարձրանանք եւ խնդիրը դիտարկենք ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ մակարդակներում, նույն պատկերը կստանանք, միայն թե տարբեր անուն-ազգանուններով: Նիկոլ Փաշինյան, Մհեր Գրիգորյան, նախարարաց ու մարզպետաց ողջ դասը, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան եւ այլք: Եվ ի՞նչ, եթե այս ծաղկաբույլը հայտարարում է, որ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ուրեմն չի՞ կարող օտարերկրյա ագենտների ու ապուշների ծաղկաբույլ լինել: Բա արդեն յոթ տարի է՝ ինչի՞ ականատեսն ենք մենք՝ բոլորս:

Եվ կամ, պարոն Փաշինյան, որ համարվում ես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջատագով, ինչո՞ւ մինչ այս պահը ոչինչ չես արել այդ ուղղությամբ: Այսինքն, շատ բան ես արել, բայց ինչո՞ւ ոչինչ չի կարգավորվել մինչ այս պահը: Եղբայր, ամեն ինչ տվեցիր, շարունակում ես տալ, շարունակում ես բավարարել Իլհամ Ալիեւի, ձեռի հետ էլ՝ Էրդողանի, Թրամփի, Պուտինի պահանջները… Եվ այդ ամենը՝ ՀՀ սուվերենության ու մեր ժողովրդի իրավունքների հաշվին: Սա ի՞նչ կարգավորում է, որ դու, փոխանակ կանխելու, մի բան էլ շարունակում ես «կարգավորել»: Պարզ չէ՞, որ պետության հարցերն այսպես կարգավորող ղեկավարը կա՛մ գործակալ է, կա՛մ՝ ապուշ:
Հիմա հարցին մեկ այլ տեսանկյունից մոտենանք: Հայաստանում չես գտնի գեթ մեկ մարդ, որ դեմ լինի հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելուն: Ո՛չ ժողովրդի, ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության, ո՛չ Եկեղեցու մեջ, ո՛չ այլուր… Մարդ արարածը, առհասարակ, եթե նա գործակալ կամ ապուշ չէ, չի կարող դեմ լինել հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այստեղ նկատենք նաեւ, որ մեր դեպքում խոսքը դեռ հայ-ադրբեջանական շարունակվող պատերազմը դադարեցնելու մասին է, Ադրբեջանի նվաճողական ախորժակը փակելու: Եվ այս իրավիճակում Փաշինյանն ինձ ասում է՝ եթե դեմ ես այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուրեմն կա՛մ գործակալ ես, կա՛մ՝ ապուշ:

Այ քեզ հետաքրքիր իրավիճակ… Պարոն Փաշինյան, ես իմ բնույթով խաղաղասեր մարդ եմ եւ երբեք դեմ չեմ եղել հարաբերությունների կարգավորմանը: Պարզապես այն, ինչ դուք եք անում հարաբերությունների կարգավորման անվան տակ, միանգամայն այլ բան է: Նաեւ մի մոռացեք, թե ով լուծարեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Մինսկի խումբը: Եթե դեմ չէիք կարգավորմանը, ինչո՞ւ լուծարեցիք, վա՞տ էին կարգավորում: Այո՞… Իսկ դուք, ինչ է, ձեր զրոյական կետից սկսեցիք ավելի՞ լավ կարգավորել: Տեսանք, չէ՞, ինչ արիք, ինչ բերիք Արցախի գլխին, Կիրանցի գլխին, Ջերմուկի գլխին, Սեւ լճի գլխին, Գորիս-Կապան, Տավուշ-Բագրատաշեն ճանապարհի գլխին, Հայաստան-Իրան սահմանի գլխին: Մարդ չի հասկանում արդեն՝ սա կարգավորո՞ւմ է, թե՞ այն դեպքն է, երբ տեսնում ես՝ էլ ճար չկա, թուլանում ու հաճույք ես ստանում:

ՀԳ. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն իրականում դեմ են Նիկոլ Փաշինյանը եւ նրա փոքրիկ խմբակը: Պատճառը պարզ է՝ նրանք կարող են մնալ իշխանության բացառապես խառնակչության եւ Ադրբեջանի հանդեպ մեր ժողովրդին ահուսարսափ ներարկելու հաշվին: Նրանց բոլոր քայլերն ուղղված են պատերազմական վիճակը ձգելուն եւ այդ ընթացքում թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի եւ թե՛ ԱՄՆ-ի ու արեւմտյան այլ խաղացողների շահերի սպասարկմանը: Եվ, ուրեմն, օտարերկրյա գործակալներին ու ապուշներին պետք է փնտրել ոչ թե ընդդիմության ու ժողովրդի մեջ, այլ՝ իշխանությունների, որոնց մենաշնորհն է՝ կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ եւ ապահովել երկրի անվտանգությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image