Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման հարցը։ Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը»,- նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։
Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։