Վերջին օրերի ամենաշատ օգտագործված բառը, թերեւս, «հրավեր»-ն էր: Նիկոլին հրավիրե՞լ են, ՔՊ-ին հրավիրե՞լ են, ընդդիմադիրներին հրավիրե՞լ են, նախագահներին հրավիրե՞լ են… Երկու ընկերուհի ավտոբուսում միմյանց հարցնում են՝ ախչի, քեզ հրավիրե՞լ են, իմ հարեւան Շմավոնն ինձ բեսեդկում տեսավ՝ քեզ հրավիրե՞լ են… Մի խոսքով՝ միմյանց հրավեր արինք թողինք: Բայց ոչ ոք իրեն հարց չտվեց, թե ինչու պետք է Հայ առաքելական եկեղեցին Սուրբ մյուռոնի օրհնության ծեսին եւ Մայր Աթոռի վերաբացման ու վերաօծման արարողությանը հատուկ հրավեր ուղարկեր, որպեսզի հրավիրյալները (խոսքն օտարների մասին չէ) բարեհաճեին մասնակցել դրանց կամ հրաժարվեին մասնակցելուց՝ իբր սեփական անձը կարեւորելով: Վեհափառին այս իմաստով չեմ հասկանում: Օրինակ՝ կարիք կա՞ր Նիկոլին կամ էն նախագահ կոչված «ձողին» հատուկ հրավիրելու: «Իրենց խոդով» կգայի՞ն՝ լավ, չէի՞ն գա՝ հեչ էլ գային: Կարելի է մտածել՝ Սուրբ մյուռոնի բաղադրությունը դրանից կփոխվեր, կամ Մայր Աթոռի դռները չէին բացվի, եթե չգային: Ամենաուժեղն էլ, իհարկե, Ալեն Սիմոնյանի հրավերն էր, որ նախապես մերժվել էր, բայց հետո ընդունելի դարձավ: ԱԺ նախագահը, հավանաբար, չուզեցավ Նիկոլին մենակ թողնել այդ արարողության մեջ՝ վստահ, որ շեֆը հաստատ խայտառակվելու է, ու մեկը պետք է լիներ նրա կողքին, որ հավասարակշռությունը չկորցներ: Ինչեւէ:
Ես չեմ հիշում մի դեպք, որ եկեղեցական մեծ ու փոքր արարողություններին թերթերը մի գլուխ գրեին այն մասին, թե ում են հրավեր ուղարկել եւ ում՝ ոչ: Մեկ էլ հեռուստացույցը միացնում էինք ու տեսնում, որ երկրի ղեկավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, այնտեղ է: Չգիտեմ, կարգն էր այդպես, թե ներքին կարգով հրավերներ, այնուամենայնիվ, ուղարկում էին, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ, ասենք, Սերժ Սարգսյանը հատուկ հրավերի կսպասեր՝ Սուրբ Զատկի պատարագին մասնակցելու համար: Հասկանալի է, չէ՞, ինչ եմ ասում: Եթե հայ ես, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ուրեմն վեր ես կենում եւ այդ օրը գնում եկեղեցի: Պարտադիր չէր՝ Մայր Աթոռ: Պատահել է, որ պատարագի օրերին այլ եկեղեցիներ ու վանքեր էլ են այցելել պետական բարձրաստիճան պաշտոնյաները:
Այն ամենի մեջ, ինչին ականատես եղանք սեպտեմբերի 28-ին եւ մանավանդ՝ 29-ին, քաղքենության շատ մեծ չափաբաժին կար: Ասես կինոփառատոն լիներ, որի բացմանը հրավիրվել էին «աստղերը»՝ Նիկոլ Փաշինյանը՝ յուր տիկնոջ եւ ՀՀ նախագահի հետ… Կարմիր գորգն էր միայն պակասում: Եվ շատ բնական էր, որ քաղքենության այդ բուռն դրսեւորման մեջ մարդկանց հայացքները կանգ առան Նիկոլի կնոջ (այս դեպքում՝ կնգա) հագուկապի վրա: Նման բան տեղի է ունենում մեկ էլ ամերիկյան ու եվրոպական շոուների ժամանակ, երբ հասարակությունը, առանց ժամանակ կորցնելու, սկսում է քննարկել, օրինակ, Քիմ Քարդաշյանի հագուստը կամ, ավելի ճիշտ՝ «չհագուստը»: Նիկոլի թթված դեմքից ես իսկույն կռահեցի, որ ինքն էլ էր ընկել անհարմար դրության մեջ: Բայց ի՞նչ կարող էր անել՝ հրավիրել էին, ինքն էլ եկել էր: Իրեն մնար՝ հաճույքով հեծանիվ կքշեր, մանավանդ, որ օրը տաք էր եւ արցունքի պես ջինջ…
Մի հարցի մասին էլ եմ ուզում խոսել, որ իմ կոմպետենտությունից հազարավոր կիլոմետրեր հեռու է: Սուրբ հայրերին եմ ուզում դիմել: Դուք երբեւէ լսե՞լ եք հետեւյալ արտահայտությունը՝ երբ խոզը մտնում է պալատ, պալատական չի դառնում, այլ պալատն է վերածում ախոռի: Հիմա ինձ ասացեք՝ կարիք կա՞ր տաճարի վերաբացման հրավիրել մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ ոչ թե լուսավորելու էին տաճարը, այլ՝ սեւացնելու ամեն ինչ: Գիտեմ, կասեք՝ մեզ միասնություն է պետք, համերաշխություն, եկեղեցին մեր ժողովրդի սոսինձն է, մեր պետության շաղախը… Ստացա՞ք ձեր ուզածը… Մինչ դուք Մայր Աթոռի խորանում երգում, արտասանում, սաղմոս էիք կարդում, ռադը քաշեց-գնաց: Վեհափառը նրա գլխին ավետարան էր կարդում, ինքն ասաց՝ շուտ արա, ոչխարը սարն անց կացավ… Ումի՞ց եք հիմա նեղանում, ձեր հրավիրածն էր, չէ՞: Եվ ապա, երբ Նիկոլին հրավիրում էիք, գիտեի՞ք, որ տիկնոջից բացի էլի է մարդ բերելու հետը: Օրինակ՝ ոստիկանապետին: Ի՞նչ գործ ուներ ոստիկանապետն այդ օրը Մայր Աթոռի բակում: Առանց հրավերի եկել էր, որ Նիկոլին Վեհափառից պաշտպանի՞: Մի հատ էլ «կաստումշլվար» էր հագել, որ ճանաչող չլինի: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում Էջմիածին բերող ճանապարհին եւ քաղաքում՝ ընդհանրապես: Դուք չգիտեի՞ք, որ Նիկոլի մասնակցությամբ ամեն ինչ վերածվում է, բառիս բուն իմաստով, «թաշխալայի»: Նա նույնիսկ ՄԱԿ-ի վեհաժողովը վերածեց խայտառակության: Այդ կազմակերպության պատմության մեջ դեռ էդ կարգի մուրացկան ամբիոն չէր բարձրացել:
Եվ ավարտեմ մի փոքրիկ վերջաբանով՝ այն մասին, թե ինչ եղավ Մայր Աթոռից Նիկոլի հեռանալուց հետո: Ինձ համար նստած՝ ծանրութեթեւ էի անում Ամենայն հայոց կաթողիկոսի այդ օրվա պատգամը, մեկ էլ Երեւանի Աճառյան փողոցում վայնասուն բարձրացավ: Ոստիկանության մեքենաներն այնպես էին ճղճղում, ասես խոզ էին մորթում իմ պատշգամբի տակ: Կիսահագնել դուրս թռա բալկոն ու ի՞նչ տեսնեմ՝ սեւ ջիպերի մի քարավան են տանում դեպի Սեւան: «Ցվետամուզիկան» բռնել էր չորս կողմը՝ աջ քաշի, կանգնի, քեզ եմ ասում, աջ, աջ, չենք շարժվում… Փաստորեն, խոզ չէին մորթում: Իսկ երբ շարասյունը հեռացավ, տեսնեմ՝ մի ոստիկան տնգլ-տնգլ իջնում է վերգետնյա անցումից: Այ, դա արդեն նորություն էր: Երբեք չէր պատահել, որ երկրի թիվ մեկ շարասյունն անցնելիս պահակ կարգեին նաեւ վերգետնյա անցումի վրա: Նիկոլ, պետք է խոստովանեմ՝ անվտանգությունդ անթերի է կազմակերպված: Բայցեւ հարց է առաջանում՝ բա հարամ չի՞ էն կյանքը, որ մարդ իր երկրում այսպես ապրի: