Երեկ չէ, առաջին օրը դատական նիստի էի մասնակցում, որի ժամանակ մի բավականին տարօրինակ հարց էր քննարկվում՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, Փաշինյանը կնոջը: Ասեմ, որ շատ հետաքրքիր դատ էր: Դե, հո ամեն օր այսպիսի «տժժիկ» թեմաներով դատ չի՞ լինում մեզ մոտ… Լիքը լրագրող կար, եւ մի բեղավոր տղամարդ՝ որպես մեր հետաքրքրասեր հասարակայնության ներկայացուցիչ (պայմանական անունը՝ Պողոս):
Եվ, ուրեմն, քննարկվում էր «Հրապարակի» հնչեցրած հարցը՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, Փաշինյանը կնոջը: Առաջին իսկ վայրկյաններից պարզվեց, որ կողմերը՝ Փաշինյանը եւ «Հրապարակը», շատ լուրջ են տրամադրված: «Հրապարակը»՝ որպեսզի գլուխն ազատի այս հիմար պատմությունից, եւ Փաշինյանը՝ որպեսզի ապացուցի, որ իրեն շառով են տվել, եւ ինքը չի դավաճանում կնոջը: «Հրապարակի» փաստաբանը խոսեց, հայցվորի ներկայացուցիչը… Պողոսի քունը տարավ նրանց խուճուճ ելույթներից: Այնպիսի բառեր էին օգտագործում, այնպիսի մտքեր շարադրում՝ երկարաշունչ նախադասություններով, որոնց ո՛չ ծայրն էր կարողանում բռնել Պողոսը, ո՛չ վերջը: Պողոսին մի հարց էր հետաքրքրում ընդամենը՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, Փաշինյանը կնոջը: Պարզ ասեք, էլի՝ հա՞, թե՞ չէ… Էլ ի՞նչ եք ընկել՝ գիտահետազոտակա՜ն- միտահետազոտակա՜ն…
Ու մինչ դատավորն ու կողմերը հարցի «գիտա-առարկայական» հիմքերն էին քննում, Պողոսն ընկել էր սեփական հիշողությունների գիրկը: Մի անգամ էլ իրենց գյուղում էր այսպիսի սկանդալ պայթել: Մի օր փոշտալյոն Վասիլը սովորականից ուշ էր տուն եկել: Ասում էին՝ երկար ժամանակ անմարդ Շողերի տանն էր լռվել… Տո լի՝ կարեւոր նամակ էր տարել, տո լի՝ մտել էր ջուր խմելու: Ուշացել էր: Հարեւանուհիները շտապել էին Վասիլի կնոջ՝ Արմաղանի ականջին շշնջալ՝ ախչի, կարող ա՞ Վասիլը քեզ դավաճանում ա… Արմաղանը ձեռքը թափ էր տվել՝ չէ, դա հնարավոր չի: Ախչի, խի՞ հնարավոր չի, բոլոր տղամարդիկ էլ մի սանրի կտավ են՝ աչքները դուրս: Ասի՝ չէ, էլի, դա հնարավոր չի, համարյա զայրացել էր Արմաղանն ու հայտարարել. «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»: Խոսակցությունները, թե դավաճանո՞ւմ է, արդյոք, փոշտալյոն Վասիլը կնոջը, իսկույն լռեցին, ու հարցն այդպես փակվեց:
Ովքեր եղել են դատարաններում, հավանաբար նկատել են, որ դատավարության կողմերի համար նախատեսված տեղերը «հանդիսատեսից» առանձնացված են մոտ 1 մետր բարձրությամբ փայտյա միջնորմներով: Պողոսը նկատել էր, որ իրեն Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչից բաժանող միջնորմը վատ է ամրացված: Փորձեց… Շարժվում էր… Հետո էլ Նիկոլը մեծ-մեծ խոսում է չափորոշիչներից, բողոքում վատ ամրացված ծորակներից… Բա սա դատարանի շնո՞րհք է, մի փայտ էլ չեն կարողանում նորմալ ամրացնել: Ու մի հատ «ծպպացրեց»: Նիկոլի ներկայացուցիչը վեր թռավ՝ սա ի՞նչ վերաբերմունք է դատարանի նկատմամբ, Դուք խոսում եք, հարգելի դատավոր, իսկ իմ հետեւում «ծպպացնում» են: Պողոսը, որ իր բնույթով կոնֆլիկտային մարդ չէր, իսկույն ոտքի կանգնեց եւ խոստովանեց, որ այդ «ծպպոցը» հարգելի դատարանին չէր վերաբերում, այլ՝ մեծարգո վարչապետին, որ մի փայտ անգամ չի կարողանում լավ ամրացնել: Հարգելի դատարանը դա համարեց համոզիչ փաստարկ եւ Պողոսին, ի հեճուկս Նիկոլի ներկայացուցչի, դուրս չհրավիրեց դահլիճից:
Այդ միջադեպից հետո սկսվեց ամենահետաքրքիրը: Նիկոլի ներկայացուցիչն այնքան խորացավ հարցի «էության» մեջ, որ սկսեց պատասխանող կողմից հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես գրված է խնդրո առարկա հոդվածում, իր աշխատասենյակում ժամերով փակվել է խոսնակի հետ, ապա այնտեղից տարօրինակ ձայներ են լսվել: «Հրապարակից» պատասխանեցին՝ չգիտենք, մենք փակվելու մասին լսել ենք օդում կախված խոսակցություններից: Նիկոլի ներկայացուցիչը համառեց՝ չէ, դուք մեզ պիտի ասեք՝ ինչ-որ գործողություններ հետեւե՞լ են փակվելուն, թե՞ ոչ: Այ մարդ, մենք այդպիսի մանրամասներ չգիտենք, մենք մեզ հասած տեղեկությունների տերն ենք, մենք ձեր մտքով անցածի տերը չենք: Մենք խնդիր չունենք ապացուցելու, որ աշխատասենյակում տեղի է ունեցել հենց այն, ինչ դուք եք մտածում…
Այ քեզ խայտառակություն… Պողոսն իր կյանքում երբեք չէր երազել դատավոր դառնալու մասին, եւ սա առաջին դեպքն էր, որ նա զգաց, թե ինչ դժվար բան է դատավոր լինելը: Բա սա դատարանով քննելու հա՞րց է, որ բերել են դատարան: Էն խեղճ կնոջն էլ նստեցրել են ամենատեսանելի տեղում, թե որոշիր՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, Փաշինյանը կնոջը: Այդ կինը ո՞նց որոշի, ախր, այնտեղ չի եղել, անձամբ չի տեսել, եւ, առհասարակ, երբ փակ սենյակում որեւէ գործողություն է տեղի ունենում, այն էլ՝ այսպիսի հնչեղության, կարող են տեղյակ լինել շատ սահմանափակ քանակով մարդիկ, տվյալ դեպքում՝ սենյակում փակվողները, մեկ էլ, շատ-շատ, ԱԱԾ-ն՝ իր գաղտնալսող ու գաղտնատեսագրող սարքերով: Սրանք կպել են թերթին, թե պիտի ասեք՝ տեսել ենք, որ դատավորն էլ վճիռ կայացնի՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, Փաշինյանը կնոջը:
Պողոսին թվաց, որ հարգելի դատարանի զահլան էլ գնաց այս խոսակցությունից: Տիկին դատավորը խոստացավ, որ կծանոթանա կողմերի ներկայացրած փաստարկներին, եւ հաջորդ դատական նիստի օր նշանակեց 2026թ. հունվարի 21-ը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան օրը: Պողոսի համար դա անընդունելի էր: Ամենահետաքրքիր տեղում այսպես ընդհատել գործի քննությունը… Դե արի ու այդքան սպասիր…
ՀԳ. Թեեւ Պողոսին խոսք չհասավ դատարանում, բայց նա ուներ իր ուրույն դատողություններն ու հարցի կարգավորման իր տեսլականը: Մտածում էր՝ դատավարության մասնակիցներին պատմել փոշտալյոն Վասիլի գլխով անցածը… Մի՞թե վատ կլիներ, որ շահագրգիռ կողմերը միասին այցելեին այս գործով «ենթադրյալ» տուժող Աննա Հակոբյանին՝ Նիկոլի կնոջը: Կամ էլ Աննա Հակոբյանը ներկայանար դատարան։ Ո՞վ ավելի լավ գիտի՝ դավաճանո՞ւմ է, արդյոք, ամուսինն իրեն, քան այդ ամուսնու սեփական կինը: Եվ, ուրեմն, ինչո՞ւ չհարցնել Աննա Հակոբյանին… Մարդ ես, ու ասաց՝ այդպիսի բան չկա, «խաչն իմն է՝ զորությունը ես գիտեմ»: Դրանից հետո էլ ի՜նչ ԱԱԾ, էլ ի՜նչ դատարան, էլ ի՜նչ գիտահետազոտական…