Ոսկու եւ ադամանդի գինը Հայաստանում բարձրանում է ոչ թե օր-օրի, այլ՝ ժամ առ ժամ: Ըստ ոսկերիչների, պատճառն այն է, որ ներկայում հայաստանյան ոսկու շուկան ողողված է միայն թուրքական եւ իտալական ոսկով, իսկ տեղական ոսկին միայն արտահանվում է եւ ներքին շուկայում չի իրացվում: Վերջին թանկացումների հետ կապված՝ մենք զրուցեցինք մի քանի տնտեսվարողի հետ: Նրանք հավաստիացնում են, որ ոսկու գների բարձրացումն իրենց ձեռնտու չէ, քանի որ իրենք գնորդ են կորցնում։ «Եթե 1 տարի առաջ օրը մի քանի կտոր ոսկի էր վաճառվում, հիմա՝ մեկ կամ երկու: 1 գրամ ոսկու գինը 33 հազար դրամ է, իտալական ոսկու 1 գրամը 37 հազար դրամ է: Մարդիկ առաջ նախընտրում էին 10 գրամանոց եւ ավելի վզնոցներ, հիմա լավագույն դեպքում մինչեւ 10 գրամ են գնում: Ոսկին թանկ է, մարդկանց ձեռքն էլ գումար չկա: Մենք էլ եթե առեւտուր չանենք, հարկը չենք կարող մուծել, առանց այն էլ հարկերը շատ են թանկացրել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Գոհարը, որը զբաղվում է ոսկու առքուվաճառքով։ Նա հավելում է, որ 20 տարուց ավելի ոսկու է վաճառում, սակայն ոսկու գնի այսպիսի աննախադեպ բարձրացում չի հիշում:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը փաստում է, որ Հայաստանում գործող ոսկու հանքերն ավելի շատ շահույթ են ստանում ոսկու գնի կտրուկ թանկացման արդյունքում. «Կասեմ, որ այդ հանքերի գործերը լավացել են՝ ոսկու գնի թանկացման հետ կապված։ Բացի այդ, կառավարությունը պլանավորում է, որ այս տարվա վերջին պետք է սկսի Ամուլսարի ոսկու հանքի արդեն փորձնական շահագործումը: Հիմա մասնագետները գնահատականներ են տալիս, որ այս գների պայմաններում պետական բյուջե անհամեմատ ավելի մեծ գումարներ կմտնեն: Ամուլսարի նախագիծը, որ նախատեսում էր, օրինակ, որ տարեկան 600-700 մլն դոլարի արտահանում ունենա, այս թանկացման պայմաններում կարող է նույնիսկ 1 միլիարդը գերազանցել: Ամուլսարի շահագործումով պետական բյուջեի եկամտային մասը կավելանա՝ այս ոսկու գների պայմաններում, ոսկու գների նվազեցում չի լինի, քանի որ դա շատ մեծ քանակ չէ, որ համաշխարհային շուկան կարողանա զսպել աճը»:
Վերջին 1 տարվա ընթացքում համաշխարհային բորսայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ մեկ ունցիայի դիմաց գերազանցելով 4 հազար դոլարի շեմը։ Պատերազմներ, սանկցիաներ, անորոշություններ․․․ ոսկու գնի թանկացումը պայմանավորված է մի քանի գործոնով՝ մեզ հետ զրույցում թվարկում է տնտեսագետը։ «Առհասարակ, վերջին 5 ամիսների ընթացքում ոսկու գների կտրուկ աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում անորոշության աճով, քանի որ ներկայում քաղաքական եւ տնտեսական առումով կրկին անորոշ վիճակ է: Ներդրողները ցանկանում են իրենց գումարները պահել այնպիսի ակտիվներում, որ քիչ ռիսկային են եւ չեն կարող ընկնել այս կամ այն երկրի պատժամիջոցների տակ: 2022 թվականից սկսած, Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ ռուսական ակտիվների բռնագրավում կամ սառեցում: Դա բացասական ազդակ է, ընդհանուր առմամբ, համաշխարհային ներդրողներին, հատկապես՝ չինական, որ ձեր բերած պարտատոմսերը կարող են ինչ-որ մի փուլում հայտնվել սանկցիաների տակ, հետեւաբար, այդ ներդրողների զգալի մասը նախընտրում է պարտատոմսերը պահել ոսկով եւ ոչ նախկինի պես՝ արեւմտյան արժեթղթերով, եւ սրա արդյունքում կտրուկ ավելացավ ոսկու պահաջարկը համաշխարհային շուկայում: Բացի այդ, այս ամենին գումարվեց վերջին 1 տարվա ընթացքում Թրամփի տնտեսական պատերազմը, որը նա իրականացնում է մաքսատուրքերի բարձրացման միջոցով, որը նույնպես լրացուցիչ ռիսկ է ստեղծել երկրների համար: Երրորդ գործոնը հիմնականում պայմանավորված է Գրենլանդիայի վերահսկման գաղափարով, դարձյալ Թրամփի աշխատակազմն է առաջ քաշում։ Սա նույնպես մեծ անորոշություն է ստեղծել արեւմտյան բլոկում, եւ նույնիսկ առանձին երկրներին կոչ են անում ամերիկյան արժեթղթերի մեջ ներդրումներ չկատարել: Ոսկին մշտապես եղել է կրիզիսային՝ ճգնաժամային իրավիճակներում փողերը պահելու լավագույն միջոցներից մեկը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, եւ ներդրումները կտրուկ ավելացնում են ոսկու պահաջարկը: Նաեւ ուշագրավ է, որ ոչ միայն առանձին անհատներն են ավելացնում ոսկու նպատմամբ պահանջարկը, այլ նաեւ՝ երկրները: Օրինակ, եթե մի քանի տարի առաջ երկրներն իրենց պահուստները պահում էին 60%-ը դոլարով, հիմա իջել է 40%-ի, մնացած 20%-ը նրանք սկսել են պահել ոսկով: Երկրներն իրենց պահուստները սկսում են ոսկով պահել, եւ սա բավականին հետաքրքիր տենդենց է, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս քաղաքական անորոշությունը, եւ որ պատժամիջոցներն ինչպես կարող են խարխլել համաշխարհային տնտեսությունը, եւ որից տուժում են բոլորը: Մենք դեռ մեկ ունցիայի դիմաց 4 հազար դոլարը չէինք ունեցել, հիմա ոսկու ռեկորդային գինը հասել է 4 հազար 860 դոլարի, որը պատմական ռեկորդ է ոսկու շուկայում»:
Ըստ Պարսյանի՝ այս օրերին ոսկու գնի մի փոքր նվազեցումը պայմանավորված է Իրանի քաղաքական իրավիճակի կայունությամբ, բայց իրավիճակն ավելի սրվեց Գրենլանդիայի հետ կապված եւ դեռ ավելի կսրվի՝ հաշվի առնելով, որ ամերիկյան կողմն արդեն Պարսից ծոց է տանում իր ակտիվները, որը եւս կարող է ազդեցություն թողնել համաշխարհային շուկայի սպասումների վրա, եւ ոսկու գինը կարող է աճել: Ի՞նչ սպասել առաջիկայում՝ ոսկու գնի կրկին թանկացո՞ւմ, թե՞ նվազում՝ հարց ուղղեցինք տնտեսագետին։ «Այս պահին կանխատեսումներ անելը շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ այս ամենը ոչ թե տնտեսական պրոցեսներ են, այլ՝ քաղաքական»: