ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին եւ դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է․
«Շարունակական տարածքային կորուստները եւ ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման եւ անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետեւողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը եւ ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության եւ գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը եւ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»:
Հայտարարությանն արդեն միացել են 100-ից ավելի դասախոս, հասարակական, մշակութային գործիչներ, այդ թվում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը, ով մեզ հետ զրույցում իր անձնական դիտարկումներով կիսվեց այս օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։
«Անձնապես իմ մոտեցումը շատ հստակ է՝ նման միակողմանի զիջումների քաղաքական գիծն անթույլատրելի է։ Իմ մոտեցումն է նաեւ, որ մտավորական մարդը, ով ակադեմիական ոլորտում զբաղվում է գիտական աշխատանքով, լինի դա գիտաշխատող, ուսուցիչ թե դասախոս, ցանկացած մարդ պետք է ունենա որոշակի դիրքորոշում հատկապես ազգային օրակարգին առնչվող որոշ հարցերի վերաբերյալ։ Եթե քո պետությունից տարածք են հանձնում, ու դրա դիմաց ո՛չ երաշխիք, ո՛չ մի ուրիշ բան չեն տալիս, ընդ որում՝ այդ հանձնման գործընթացն էլ լրիվ ապօրինի ձեւով է արվում՝ ինչ-որ հանձնաժողով ու ենթահանձնաժողով ստեղծելով, որը չունի իրավասություն, բնականաբար, այդ գործընթացին սովորական մանկավարժը չի կարող կողմնակից լինել։ Ինչ գործընթաց էլ գնա, եթե խորհրդարանական հանրապետություն ես, Սահմանադրության շրջանակում պետք է խնդիրը կարգավորվի խորհրդարանում, հետեւաբար, ուզած-չուզած, այդ 3 ֆրակցիաների մասնակցությունը պետք է լինի»,- ընդգծում է Մ․ Մալխասյանը։
Վարչապետը երեկ կառավարության նիստում շնորհակալություն է հայտնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ գոհունակություն հայտնելով իրականացված աշխատանքների հետ կապված։ «Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ․․․, մի արտահայտություն կա՝ լա՞մ, թե՞ խնդամ։ Այս իրավիճակն է»,- ասում է Մալխասյանը։
Այն դիտարկմանը, որ ժողովուրդն արագ լուծումներ է ուզում, Մ․ Մալխասյանը նկատում է․ «Մարդիկ պետք է հասկանան, որ գործընթացը, ամեն դեպքում, խորհրդարանով պետք է անցնի, իսկ եթե խորհրդարանով է լինում, ինքը որոշակի ժամանակ է պահանջելու, փաստացի ուրիշ ճանապարհ չկա»։ Այսինքն, փողոցն այլեւս գործոն չէ՞։ «Գործոնը՝ գործոն է, բայց այդ գործողությունը հետո խորհրդարան պետք է տեղափոխվի։ Այսինքն, ցանկացած մարդ, ով մի թեթեւ պատկերացնում է այդ գործընթացը՝ Սահմանադրության, իրավական տեսանկյունից պետք է հասկանա, որ ցանկացած իրադարձություն` ինչ էլ լինի, պետք է նպաստի, որ խորհրդարանում ինչ-որ պրոցես տեղի ունենա։ Այսինքն՝ առանց շարժման որոշակի գործողությունների, դա հստակ չի լինի, դրա համար այս ամենը պետք է»։