Չնայած զարմանալի է, բայց ես համաձայն եմ Նիկոլի հետ մի հարցում, որ աղքատությունը մարդկանց «գլուխներում» է: Եթե այդպես չլիներ, Ուրուգվայի նախագահներից մեկը, օրինակ, իր աշխատավարձի 90 տոկոսը բարեգործությանը չէր հատկացնի: Խոսքը 2010-2015 թթ. նախագահ Խոսե Մուխիկայի մասին է, որն ամսական 12 հազար 500 դոլարից իրեն պահում էր ընդամենը 1.200 դոլարը, կնոջ հետ ապրում էր աղքատ ֆերմայում, վարում էր էժանագին ու հին մեքենա: Դե, ինչպե՞ս չմտածես, որ բանտից ազատվելուց հետո սենատոր, նախարար, իսկ այնուհետեւ նախագահ եղած մարդը կարող էր խնդիր ունենալ գլխի հետ: Հատկապես որ հրաժարվել էր, երբ արաբական շեյխերից մեկը նրան 1 միլիոն դոլար էր առաջարկել այդ մեքենայի համար: Հայրենակիցները նրան անվանել են el presidente mas pobre` «ամենաաղքատ նախագահ»։
Հիմա դա համեմատենք նախկինում ոչ այնքան հարուստ ապրած Փաշինյան Նիկոլի եւ նրա շնորհիվ իշխանավոր դարձած բազմաթիվ անձանց հետ: Նրանք անմիջապես իրենց գլխից դեն նետեցին աղքատությունը եւ փառավորապես վայելում են կյանքը՝ այստեղ, այնտեղ եւ ամենուր: Փաշինյան Նիկոլի քաղաքացիական կինն էլ թանկարժեք դրես կոդի հիշարժան օրինակներ է թողել իր հետեւորդներին: Այնպես որ, աղքատությունը կարող է իր տեղը գտնել մարդկանց գլխում, ու դա այնպիսի հիվանդություն չէ, որ խանգարի իրենց, ասենք, երկիր կառավարելու հարցում: Բայց պատահում է նաեւ հակառակը. իշխանություն ստանալուց հետո ոմանց գլուխներն ազատվում են աղքատությունից: Բայց քանի որ դա այդ «անոթում» առկա միակ նյութական արժեքն էր, դրանից գլուխներն ամբողջովին է դատարկվել, նման անձինք ի վիճակի չեն նույնիսկ սեփական ընտանիքը կառավարել, ուր մնաց՝ երկիր կառավարեն: Չնայած զբաղեցնում են բարձր պաշտոններ ու հայոց պետությունն են ներկայացնում:
Աղքատությունը, իսկապես, լինում է մարդկանց գլուխներում, սակայն կասկածելի է, թե որ դեպքն է գերադասելի՝ երբ այն առկա՞ է այնտեղ, թե՞ երբ բացակայում է: Խոսե Մուխիկայի եւ Փաշինյան Նիկոլի համեմատությունը ցույց է տալիս, որ դրա առկայությունից ոմանք նույնիսկ շահել են. խոսքը բարեգործական գումարներ ստացողների մասին է: Իսկ բացակայության դեպքում դրական ոչինչ առկա չէ, էլ չասած, որ բացասական ազդեցությունը կրում է մի ողջ պետություն: Այնպես որ, Նիկոլին խորհուրդ կտայի՝ մոռանալ աղքատության մասին իր թեւավոր խոսքը եւ ամեն ինչ անել, որ շաբաթը 6 օր մարդիկ մսով կամ անմիս ճաշ ունենան: Իսկ անբարեկարգ միջավայրի խնդիրը լուծելու գործառույթն իշխանությանն է: Քանի որ նախորդը չէր կարողանում դա նորմալ կատարել, ժողովուրդը մերժեց ու այդ պարտականությունը դրեց իր վրա, ինչը, ինչպես երեւում է, շատ սխալ որոշում էր:
Ինչ վերաբերում է անվտանգության՝ մարդկանց գլխում լինելու հանգամանքին, ապա դրա թե՛ մեղավորը եւ թե՛ պատասխանատուն հենց ինքն է, որովհետեւ մինչեւ իրեն իշխանություն հանձնելը՝ ժողովուրդը չէր մտածում անվտանգային սպառնալիքների մասին․ չկար դրա կարիքը: Դրանք բացակայում էին նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին փորձում էր նվաճել Արցախը, ու թեեւ Ադրբեջանի պես հարեւանի դեպքում այդպիսի ագրեսիվ վարքագիծը բացառել հնարավոր չէր, բայց այդ երկրի հետ հարաբերվում էինք ոչ թե թղթի կտորի միջոցով, այլ՝ զենքի ու ոգու: Այն, ինչն առկա էր նախկինների օրոք մարդկանց ձեռքին ու գլխում ու ինչն այսօր բացակայում է իր ապաշնորհ (կա՛մ դավաճան եւ կա՛մ երկու գործոնները միասին) վարչապետության պատճառով: Եվ, ի վերջո, անվտանգություն ունեինք եւ կունենանք կրկին, եթե ունենանք անվտանգություն ապահովելու ունակ բանակ, իրական եւ ուժեղ տնտեսություն: Իսկ մնացածն ածանցյալ է այդ երկուսին: