Երեւանում անցկացված օգոստոսյան վերջին խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը չթաքցրեց, որ կրթական համակարգում խնդիրներ շատ ունենք, իսկ միասնական քննությունները վստահաբար ցույց են տալիս, թե ինչպիսին են այդ խնդիրները: Այս տարի ողջ հանրապետությունում մենք ունեցել ենք 21 հազար 456 դիմում-հայտ՝ բուհ ընդունվելու համար: Ըստ բուհերի ընտրության՝ առաջին տեղում ԵՊՀ-ն է եղել, որտեղ 973 ուսանող է ընդունվել։ 2-րդ տեղում Պոլիտեխնիկական համալսարանն է` 509 ուսանողով, 3-րդ տեղում՝ Տնտեսագիտական համալսարանը(429 ուսանողով)։ Ինչ վերաբերում է Մանկավարժական համալսարանին, ապա Երեւան քաղաքից 147 ուսանող է ընդունվել: Ըստ մասնագիտությունների, արդեն մի քանի տարի շարունակ առաջին տեղում բուժական գործն է, եւ միայն Երեւանից 190 ուսանող ընդունվել է այս մասնագիտությամբ։ 2-րդ տեղում ճարտարապետությունն է․ այս գծով 145 ուսանող է ընդունվել։ 3-րդ տեղում իրավագիտությունն է, որտեղ 85 ուսանող է ընդունվել: Ինչ վերաբերում է միջին գնահատականներին՝ Երեւանի մասշտաբով, ապա. «Հայոց լեզվի միջին միավորն առաջին փուլում եղել է 11.1, այնուհետեւ՝ 12.1, մաթեմատիկայի միջին միավորը`10.5, այնուհետեւ`11.1, հայոց պատմության միջին միավորը` 11.5, այնուհետեւ՝ 12.2:
Փոխնախարարը նշեց, որ միասնական եւ պետական ավարտական քննությունների մասով ունեն նաեւ համեմատական վերլուծություն. «Թվում է` միասնականի ցուցանիշները շատ ավելի բարձր պետք է լինեին, որովհետեւ միասնականին գնում են ավելի պատրաստված շրջանավարտները, բայց տարբերությունը 1-1.5 միավորի շրջանակում է: Ես էլ ավելի խորքային խնդիր եմ նկատել. բոլոր առարկաների մասով ամենագերակշռող միավորը 8 միավորն է, մենք չունենք մի առարկա, որից աշակերտներն ավելի շատ միավոր են ստացել, օրինակ՝ հայոց լեզվից ամենաշատը ստացել են 8 միավոր, որից հետո 10 միավորն է, հայոց պատմությունից եւ մաթեմատիկայից՝ եւս 8 միավոր, ապա` 14 միավոր: Ակնհայտորեն, 8 միավորը մեր դպրոցների ավարտական քննությունների գերակշռող միավորն է»: 9-րդ դասարանի քննությունների մասին խոսելիս փոխնախարարը նշեց, որ, ինչպես ավարտականում` 12-ում, այնպես էլ 9-րդ դասարանում, բոլոր առարկաներից ամենաշատ գերակշռող միավորը եղել է 8-ը: Նա առանձնահատուկ նշեց «Հայոց պատմություն» առարկան, որից ամենաշատը ստացել են 8, իսկ հետո` 18 միավոր։ «Ըստ երեւույթին, Հայոց պատմությունը կա՛մ շատ են սիրում, կա՛մ չեն սիրում երեխաները»,- եզրակացրեց Սվաջյանը: