Քաղաքականություն

Սուրբ Ծննդյան տոնին չզեղչե՞նք Փաշինյանին

Սուրբ Ծննդյան տոնին չզեղչե՞նք Փաշինյանին

    Ամանորյա տոնակատարությունները ավարտվել են, Սուրբ Ծննդյան տոնն առջեւում է, իսկ Փաշինյանը նորից հիշեցրեց իր մասին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հասցեին բարբաջելով։ Ընդսմին Փաշինյանը լռի, թե նորովի զառանցի, չեմ կարծում՝ իրեն առանձնապես ուշադրություն դարձնող կա Հայաստանում․ բոլոր ՔՊ-ականները, դրանց հարողները, սոցցանցային ֆեյքերն էլ վրադիր, ըստ իս հասարակության 1-2%-ն էլ չեն կազմի։
Այլ հարց, որ 1-2%-ը հասարակության այն հատվածին է համազոր, որը հավաքված էր Երեւանի Հանրապետության հրապարակում 2018-ի ապրիլին եւ հենարան ծառայեց Փաշինյանի օխլոկրատիկ իշխանազավթման համար։ Երեւանի Հանրապետության հրապարակի ողջ մակերեսը շինությունները ներառյալ՝ Ազգային պատկերասրահ, Կառավարության շենք, Մարիոթ հյուրանոց եւ այլն, կազմում է 30․000քմ։ Եթե շինությունների եւ շատրվանների մակերեսը հանվում է, մանցյալը 18.000քմ էլ չի կազմի։ Համեմատության համար Երեւանի Թատերական հրապարակի մակերեսը հաշվվում է 9000քմ, Մոսկվայի Կարմիր հրապարակը՝ 22.000քմ, Սուրբ Պետրոսի հրապարակը Հռոմում՝ 75.000քմ, եւ այլն։ 

18.000քմ տարածքում այն էլ փողոցներով, ծառերով, ավտոկանգառներով, պուրակներով ընդհատվող հազիվ թե ժամերով անգամ 40-50 հազար մարդ կանգնի։ Մինչդեռ Հայաստանի բնակչության 2%-ը կազմում է 65-70.000 մարդ։ Ինչն ավելի հետաքրքիր է` 2024-ի մայիսին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հասավ Հանրապետության  հրապարակ, ցուցարարների քանակը եւ խտությունը վիզուալ նույնքան էր, որքան 2018-ի ապրիլին՝ Փաշինյանի շոուների ժամանակ։ 2024-ին դրոնային նկարահանումներով եւ հաշվարկներով ցուցարարների թիվը կազմել էր շուրջ 23.000 անձ։ 

Բագրատ Սրբազանը քաղաքական գործիչ չէ եւ իր առաջնորդած շարժումն էլ որեւէ քաղաքական օրակարգ չուներ։ Դա զուտ Փաշինյանի մերժման շարժում էր, որ առանց մի ջանքի եւ նախապատրաստության Հանրապետության հրապարկում հավաքեց նույնքան ցուցարար, որքան Փաշինյանն էր կարողացել հավաքել 2018-ին։ Իր դեմ դուրս եկած նույնպիսի մարդկային զանգվածի պատկերը Հանրապետության  հրապարակում այլեւս հանգիստ չտվեց Փաշինյանին եւ ասոցացվեց եկեղեցու հետ։ Ինձ թվում է` այդ պահից էլ սկզբնավորվեց եկեղեցու հանդեպ Փաշինյանի հոգեխանգարմունքը։ Ընդսմին Փաշինյանն այնքան է զգայուն Հանրապետության հրապարակում մարդկանց առկայության հանդեպ, որ այս Ամանորին էլ մամուլը մեջբերել էր իր ինչ-որ սոցցանցային գրառումը, թե դեկտեմբերի 31-ին  հրապարակում չգիտեմ քանի հազար մարդ է եղել։ Մեկը հարցնի` Փաշինյանը ո՞ր զգայարանով է մարդկանց թիվը մթության մեջ հաշվել... 

Ինչեւէ, եթե Հայաստանի բնակչության 1-2%-ի ներկայությունը Հանրապետության հրապարակում այդպես ցնցում է Փաշինյանին, ինչու հասարակության մի քանի տասնյակ տոկոսի կողմից հարված չհասցնել վերջինիս։ Եթե հավատանք սոցհարցումներին, ապա հայաստանցիների 80%-ը մերժում է ե´ւ ներկա ընդդիմությանը, ե´ւ ներկա իշխանությանը՝ դրանց սատելիտներով։ Այժմ այս 80%-ը կարող է առանց մի ջանքի ցուցադրաբար մերժել Փաշինյանին։ Ի՞նչ անելով։ Շատ պարզ մի քայլ։ Ուղղակի հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնին, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից հեռարձակվող պատարագի ժամանակ (կարծեմ հեռարձակումը սկսվում է 10։30-ին եւ տեւում է 2 ժամ) բոլորս միացնում ենք «Շողակաթ» հեռուստաալիք։ Էական չէ՝ հետեւում ենք պատարագին, չենք հետեւում, դիտում ենք, չենք դիտում, էականը՝ մերժում եւ  զեղչում ենք  Փաշինյանին, միացնելով՝ Մայր Աթոռից հեռարձակվող Սուրբ պատարագը, որ ավանդաբար Վեհափառն էլ մատուցում է։ 

Իհարկե յուրաքանչյուրս «Շողակաթով» հեռարձակվող պատարագին միանալով, չենք կարող տեղեկանալ, թե ընդհանուր որքան մարդ է պատարագը դիտում, բայց վստահ կարող ենք լինել, որ այդ թվերը, ճշմարտացի կհասնեն թե Փաշինյանին եւ ուսապարկերին, թե արտերկրում հարկավոր մայրաքաղաքներին ու պաշտոնյաներին։ Հայաստանում հեռուսաալիքների լսարանը չափող ընկերությունները արտասահմանյան կառույցների տեղական ներկայացուցչություններ են եւ հարկավոր պահին դիտումների քանակը պարզելը, ուր եւ ում հարկ է հաղորդելը, նրանց գործառույթներից է։ Յուրաքանչյուրս անենք մեր մեկ զեղչման քայլը, հավաքական արդյունքին կբախվի Փաշինյանը։ Սուրբ Ծննդյան տոնին Փաշինյանին զեղչելը նաեւ լավ փորձարկում կլինի, թե որքանով է հասարակությունը պատրաստ մեկանգամյա միասնական ակցիաների։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image