Հասարակություն

Ապշելու բան է

Ապշելու բան է

Մարդիկ զայրանում են, զարհուրում այս իշխանությունների պահվածքից, խոսույթից: Մեկն ապշում է, թե ինչպես կարելի է այն օրը, երբ սահմանամերձ գյուղերում` Խնածախում, Խոզնավարում, կրակում են, երկրի ղեկին գտնվող անձը հեծանիվ վարի, հետո կնոջ հետ մարզ մեկնի` մարդկանց «կրթելու», եւ անհոգ ու անիմաստ ճառեր ասի: Մյուսը զարմանում է այն մանկամիտ հայտարարություններից, թե երկրում կադրային դեֆիցիտ կա, եւ դրա պատճառն այն է, որ մենք բավարար քանակի մանկապարտեզներ չունենք, ու դպրոցներն ավերված են: Մինչդեռ Հայաստանի մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերն ավարտած հայերը՝ ողջ աշխարհով մեկ սփռված, բարձր պաշտոններ են զբաղեցնում, հաջողակ բիզնես գործունեություն ծավալում: Մեկ ուրիշն իր զայրույթն է հայտնում ՀՀ ԱԳ նախարարության վերջին հայտարարության առիթով:

Մի կողմից՝ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից` միանձնյա որոշելով արցախահայության անելիքը, փաստաթղթեր է ստորագրում` կանխորոշելով Արցախի ճակատագիրը, մյուս կողմից՝ մի լկտի հայտարարություն է տարածում, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը չլիներ Արցախի անվտանգության երաշխավորը, եւ ընդամենը հայ մարդկանց խնդիրներով զբաղվելու հարց լիներ սա, ապա իրեն հարգող ոչ մի պետություն նման հայտարարություն չէր անի` պարզապես վախենալով մարդկանց արձագանքներից: Սրանք ոչ միայն բարոյականություն, արժանապատվություն, պետության գործառույթների տարրական պատկերացումն են կորցրել, այլեւ վախը` հանրային դժգոհությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image