Քաղաքականություն

Փաշինյանը թող Զելենսկուն նայի եւ գիտակցի տարբերությունը

Փաշինյանը թող Զելենսկուն նայի եւ գիտակցի տարբերությունը

Ես որքան հիշում եմ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանակային առումով ավելի ուշ է ստանձնել Ուկրաինայի ղեկավարումը, քան Փաշինյանը` Հայաստանի: Հիշում եմ նույնիսկ, որ Փաշինյանը հեռուստատեսությամբ Զելենսկուն խորհուրդներ էր տալիս ԱՊՀ-ի, թե Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու իր փորձից: 

Երբ Հայաստանը ՄԹ ու Գերմանիա է թվում

Փաշինյանն ու Զելենսկին համեմատելի ֆիգուրներ են, նախ այն պատճառով, որ երկուսն էլ մինչեւ ուղնուծուծը ապաքաղաքական երեւույթներ են: Երկուսն էլ ընտրվել են հասարակության ընդվզման ալիքի վրա, դրվածքներ փշրելու էներգիայի հաշվին, հետեւաբար, նույնիսկ օրինաչափ է, որ երկուսն էլ փոքրումեծ ավերածություններ գործելուց եւ շոուներ տալուց այն կողմ դրական համարյա ոչինչ (գոնե տեսանելի) չեն արել: Իհարկե, Զելենսկին համակրելի արտաքին եւ սրամտություն ունի, ի տարբերություն Փաշինյանի, բայց դրանք առանձնապես նախագահին զարդարող որակներ չեն: 

Գալով Փաշինյանի եւ Զելենսկու ղեկավարած երկրներին, քանի որ ինքս առիթ ունեցել եմ լրագրողական ճանաչողական այցով Ուկրաինայում լինելու 2017-ին եւ այդ երկրի պետական կառավարման համակարգին որոշ չափով ծանոթ եմ, կարող եմ հավատացնել, որ Հայաստանը շատ ավելի կայուն ու կայացած պետական հաստատություններ ունի, քան Ուկրաինան: Բավական է միայն այն, որ Ուկրաինայի առաջատար օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու «Պրիվատ բանկն» Ուկրաինայի Կենտրոնական բանկից կարողացել էր մեկ միլիարդ դոլարի վարկ վերցնել ու այն չվերադարձնելով երկրորդ միլիարդը վերցնել, հետո, երկու միլիարդի ժամկետանց պարտքով հանդերձ, նոր միլիարդներ վերցնել, մինչեւ ի վերջո վեց միլիարդի պարտք էր կուտակել, որ ԿԲ-ն չէր կարողանում Կոլոմոյսկու հոլդինգից ու բանկից ետ ստանալ: Կամ տեղական ինքնակառավարման մարմինները մինչեւ հիմա խորհրդային райсовет, городской совет, областной совет կոչվող կառույցներն էին, որ բովանդակությամբ էլ դեռ խորհրդային ժամանակներում են մնացել:

Դատարաններն ընդհանրապես գլուխգործոց էին, քանի որ գործող դատարանների ծանրաբեռնվածության պատճառով, փոխանակ դրանց կազմը մեծացնելու, նոր հակակոռուպցիոն դատարան էին պատրաստվում ստեղծել, ընդսմին՝ դատավորների ընտրության-նշանակման մեխանիզմ էլ չունեին: Ասենք՝ մի մասնավոր գյուղատնտեսական բուհ իրավաբանական ֆակուլտետ է բացում, ու դրա շրջանավարտը հանկարծ դատավոր է դառնում քրեական կամ քաղաքացիական գործերով, ու այդպես շարունակ… Համենայնդեպս, հաստատ հիշում եմ, որ Ուկրաինա այցից հետո ես ասում էի, որ Հայաստանի պետական հաստատություններն ու համակարգն այլեւս չեմ քննադատի, որովհետեւ Ուկրաինայի համեմատ Հայաստանն ուղղակի Գերմանիա է կամ Մեծ Բրիտանիա:

Ու չնայած Ուկրաինայի պետական համակարգի, հաստատությունների, պետության անհաշվելի, անհաղթահարելի թերություններին, Ուկրաինան միակ երկիրն է Արեւելյան Եվրոպայում կամ գոնե այն երկրների թվում, որտեղ ինքս եմ եղել (Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Լատվիա եւ այլն), որ ես իսկապես սիրում եմ: Երեւի Ուկրաինան սիրում եմ այնքան, որքան Արեւմտյան Եվրոպայի երկրները: Մի այլ առիթով Ուկրաինայի մասին կգրեմ, նաեւ այն մասին, թե ինձ համար էլ անսպասելի ինչու եմ այդքան սիրել այդ երկիրը, բայց այս նախաբանը լոկ արձանագրելու համար էր, որ Ուկրաինայի պետական ինստիտուտները նույնիսկ ավելի չկայացած են, քան Հայաստանինը: Եվ Ուկրաինայի նախագահն էլ նույնքան պատահական եւ ապաքաղաքական անձ է, որքան Հայաստանը ղեկավարող Փաշինյանը: Սակայն եկեք համեմատենք, թե ինչ պատասխանատվությամբ ու ձեռնահասությամբ է Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական դաշտում կարելին եւ անկարելին անում Ռուսաստանի հետ բախմանն ընդառաջ դաշնակիցներ ապահովելու եւ ռազմական բախումը հնարավորինս հետաձգելու համար, եւ ինչ անմեղսունակ, անգիտակից եւ անպատասխանատու վարք դրսեւորեց Փաշինյանը 2020թ. 44-օրյա պատերազմի նախօրեին: 

Զելենսկու պատասխանատվությունն ու քայլերը

Առաջին պահից, երբ նկատվեց ռուսական զինուժի տեղափոխում-տեղակայում ռուս-ուկրաինական սահմանի երկարությամբ, առանց վայրկյան կորցնելու, Զելենսկին աշխարհով մեկ ահազանգեց, որ Ռուսաստանը ներխուժում է նախապատրաստում: Նա անգամ ասում էր, թե Մոսկվան Ռենատ Ահմետովի դիրիժորությամբ հեղաշրջում է նախապատրաստում Կիեւում:

Թե Զելենսկու ամբաստանություններում ինչն էր ճիշտ, ինչը՝ սխալ, հարցի այլ կողմն է, բայց ՆԱՏՕ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին ահազանգելը, պաշտպանական զինատեսակների նոր քանակներ խնդրելը, պահանջելը, որ միջազգային խաղացողները միջամտեն եւ Ռուսաստանին զսպեն, մի քանի շաբաթում բերեց ի վերջո նրան, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը, ի դեմս ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլն, միաձայն Ռուսաստանին նախազգուշացրին, որ Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի համար կարժենա այդ երկրի ֆինանսական համակարգի փլուզում եւ տնտեսության արագընթաց քայքայում: Այժմ ի լուր աշխարհի հայտարարված է, որ Ուկրաինայի տարածքում Մոսկվայի որեւէ առաջխաղացման դեպքում Ռուսաստանի հանդեպ կգործադրվեն այն պատժամիջոցները, որոնցից 2014-ին Արեւմուտքը ձեռնպահ մնաց: Եթե 2014-ից գործադրվող պատժամիջոցներն արգելակելու էին եւ ակնհայտորեն արգելակեցին Ռուսաստանի տնտեսության զարգացումը, այժմ կգործադրվեն այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի գոյություն ունեցող տնտեսությունը փլուզեն:

Իհարկե, Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր մեկ ժամանոց հեռակապով զրույցում փորձել էր համոզել, որ ոչ թե սպասեն, որ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի նոր տարածքներ, դրանից հետո պատժամիջոցներ գործադրեն, այլ կանխարգելիչ հարվածի տրամաբանությամբ նախ պատժամիջոցները դրվեն գործողության մեջ: Հետո, երբ Մոսկվան զորքը հեռացնի Ուկրաինայի հետ սահմանից, ներխուժման սպառնալիքը վերանա, այդ ժամանակ կանխարգելիչ պատժամիջոցները հանվեն: Զելենսկին կանխարգելիչ հարվածի իր տեսակետով եւ փաստարկներով որքանով կհամոզի Արեւմուտքին եւ մյուսներին, չգիտեմ, բայց փաստը փաստ է, որ հրապարակային ու կուլիսային դիվանագիտության բոլոր միջոցներով նա հեռացնում եւ հնարավորինս նվազեցնում է պատերազմի բռնկումը:     

Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը 2020-ի սեպտեմբերին ընդառաջ, երբ, իր իսկ խոսքերով, ՀՀ զինված ուժերի ղեկավարությանը, Հայաստանի իշխանությանը հայտնի էր, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծելու:

Փաշինյանի անմեղսունակությունն ու տապալումները 

Չնայած Փաշինյանն այնպիսի առլեկինի համբավ եւ պահվածք ունի, որ չգիտես՝ նրան ով լուրջ կընկալեր, այդուհանդերձ, Փաշինյանը ո՞ր պատասխանատու միջազգային հարթակում 2020-ի ամռանը կամ աշնանը բարձրաձայնեց, որ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ակներեւ է` ոչ մի: Փաշինյանը որտե՞ղ բարձրաձայնեց, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին աննախադեպ քաղաքական, ռազմատեխնիկական, կադրային աջակցության շարժումներ են արձանագրվում, ո՞ւմ խնդրեց կանխել Թուրքիայի հնարավոր սատարումն ադրբեջանական ագրեսիային: Ոչ մեկին: Փաշինյանը բարեհաճե՞ց Հայաստանի ժողովրդին տեղեկացնել, որ պատերազմ է ուրվագծվում: Ոչ: Հայաստանի ժողովրդին ներկայացրե՞ց պատերազմի հեռանկարները, որպեսզի մեծախոսողներից այն կողմ, մնացյալ գիտակից հանրությունը կարողանար սթափ իրավիճակը գնահատել, քայլեր կանխատեսել, դրանց ընդդիմանալ կամ հաշտվել: Դարձյալ` ոչ: 

Պատերազմի ողջ ընթացքում ինչո՞ւ Փաշինյանը ԼՂ-ի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի չներկայացրեց, այլ գիտակցաբար գնաց նրան, որ ԱԽ պաշտոնական նիստերի ավարտից հետո, այլ հարցերի շարքում, ոչ պաշտոնական ձեւաչափում ընդամենը երկու-երեք անգամ Արցախի շուրջ իրավիճակը քննարկվի: Այլեւս չասած, թե ինչ անամոթությամբ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով մանիպուլյացիաներ տարածեցին Հայաստանում, թե իբր ՄԱԿ ԱԽ անդամ պետություններից մեկը (հանրային մտահանգմամբ` Միացյալ Թագավորությունը) ԼՂ հակամարտության վերաբերյալ ինչ-որ նախագծի ընդունում է կանխել (հանրային մեկնաբանությամբ` վետո է դրել):

Եթե Հայաստանի լրատվական-քաղաքական շրջանակներում միջազգային իրավունքից անտեղյակությունն ու անգրագիտությունը համատարած երեւույթ չլիներ, մանիպուլյացիան հոլովող-տարածողներց մեկի գիտակցությանը կհասներ դատարկախոսելուց առաջ ինքն իրեն հարցնել՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարց 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ նիստերի օրակարգում երբեւէ ընդգրկվե՞լ է, այդ հարցին առնչվող քվեարկություն եղե՞լ է, որ մեկն էլ վետո կիրառեր կամ չկիրառեր: Թե՞ տգիտությունն այն մակարդակի է, որ կարծում էին՝ առանց հարցն ԱԽ պաշտոնական նիստի օրակարգում ընդգրկվելու հնարավոր է դրան առնչվող քվեարկություն լինի կամ առանց քվեարկության` վետո: 

Փաշինյանը գիտակցաբա՞ր էր ամեն ինչ աղավաղում՝ Հայաստանի հասարակության մոտ տպավորություն ստեղծելու համար, թե միջազգային մեխանիզմները չեն գործում, եւ իրենց չեն պաշտպանում` իրականում դրանք գործարկելու ուղղությամբ գեթ մեկ անհրաժեշտ քայլ չկատարելով, թե՞ նման ինքնավնասման էր գնում Ռուսաստանի դիրիժորությամբ ու հարկադրանքով, ինքը գիտի: Ամեն դեպքում, 44-օրյա պատերազմի ելքը հենց Փաշինյանի` միջազգային մեխանիզմներ չգործարկելու արդյունքում հնարավոր դարձավ: 

Ցանկացած գիտակից անձ Փաշինյանի փոխարեն անձամբ Նյու Յորք կթռչեր եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում խնդիրը կներկայացներ, ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխի համապատասխան հոդվածների գործարկում կպահանջեր, որպեսզի գոնե ռազմադաշտի վայրիվերումների դիվանագիտական ձեւակերպումները կանխվեին: Ցանկացած գիտակից անձ ամեն հայտարարված հրադադարից հետո նորից ռազմական գործողություններ չէր ծավալի, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին կդիմեր` կոչ անելով, որ հակառակ կողմին կանգնեցնեն, որպեսզի թեկուզ մեկ զոհ ավելի չտա, որպեսզի ԼՂ-ի շրջակա հինգ շրջաններից դուրս տարածք չտա: Ցանկացած գիտակից անձ Զելենսկու նման առաջատար երկրների առաջնորդների հետ կխոսեր, ոչ թե Փաշինյանի նման նոն-ստոպ ռեժիմով լրատվամիջոցներին հարցազրույցներ կտար, կարծես պատերազմը լրատվամիջոցներն էին կանգնեցնելու: Վերջապես՝ ո՞ր գիտակից անձը պատերազմի ամբողջ ընթացքում լկտիաբար սեփական ժողովրդից ճշմարտությունը կթաքցներ… 
Այսպես կարելի է երկար շարունակել, բայց դրա փոխարեն արժե, որ Փաշինյանը մեկ անգամ նայի Զելենսկու քայլերին, պատերազմը հետաձգելու ու հեռացնելու նրա ջանքերին եւ գիտակցի, թե ինչ հանցագործություն է ինքը կատարել Հայաստանի պետության եւ ժողովրդի հանդեպ, եւ ինչպես իշխանությունն իր անմեղսունակությամբ երկիրը հասցրեց այս վիճակին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image