Հասարակություն

«Հրապարակ». Ռեկտորի ԺՊ-ն դպրոցի տնօրենների ուղեղը թրքամետությամբ է լցնում

«Հրապարակ». Ռեկտորի ԺՊ-ն դպրոցի տնօրենների ուղեղը թրքամետությամբ է լցնում

2025 թվականի հոկտեմբերին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին նշանակել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու եւ կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գեւորգյանի եւ պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց էին կիրառվել տնային կալանքը եւ գրավը։ 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության անվան տակ հանդես եկող ավտորիտար ռեժիմը որեւէ պատահական անձի նման բարձր պաշտոնի չէր նշանակի: Անգամ բուհերի դեկաններին են զննում խոշորացույցների տակ, որ հանկարծ մի ընդդիմադիր տեսակետ չհայտնեն, իշխանությանը քննադատող գրառում չանեն եւ այլն, ուր մնաց՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր նշանակվեր պատահական մեկը, եւ պարզ է, որ այս փուլում իշխանական մեկն է նշանակվել ռեկտորի ԺՊ:

Ուսումնասիրելով Լիլիթ Մկրտչյանի կենսագրությունը՝ պարզեցինք, որ նա ոչ վաղ անցյալում` 2020-ին, բավականին լուրջ սկանդալների մեջ է հայտնվել: Եթե Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտորին մեղադրում էին ԱՄՆ-ում հագուստի գողության մեջ, ապա տիկին Մկրտչյանին` թրքամետության եւ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու: Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել է. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացներն իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»: Այս աղմուկից հետո Մկրտչյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ պնդել, որ չի մասնակցել Թուրքիայի կազմակերպած ծրագրին, այլ մասնակցել է ծրագրի, որին նաեւ թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Ըստ մասնագետների, Լիլիթ Մկրտչյանն իրականում համագործակցել է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր ստորագրությունն է դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհը որպես Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որն այդ աշխատության հեղինակներից է, այժմ չորս դպրոցական առարկայի գծով փորձագիտական թիմի ղեկավար է:

Անդրադառնալով այդ աշխատության մեջ Հայկական լեռնաշխարհը որպես Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս ներկայացնելուն՝ Մկրտչյանն ասել է, որ դա ոչ թե հակահայկական, այլ գիտական երեւույթ է: «Եթե գիտությունը դեմ է հայկականությանը, նշանակում է՝ մենք, որպես Հայաստանի գիտնականներ, այդտեղ անելիք ունենք, որովհետեւ հայկական իրականությունից դուրս համաշխարհային պատմագիտական միջավայրում Հայկական լեռնաշխարհը հենց այդ տերմինաբանությամբ է օգտագործվում»,- նշել է նա ու հավելել, թե այլ բան է, որ իրենք՝ պատմաբաններն ու գիտնականները պետք է աշխարհի հետ երկխոսեն ու աշխարհին ցույց տան, որ նրանց ասած Անատոլիա հատվածը Հայկական լեռնաշխարհն է, եւ կիրառության մեջ մտնի «Հայկական լեռնաշխարհ» տերմինաբանությունը, ոչ թե «Անատոլիա»-ն:

Մեզ պատմեցին, որ այժմ թրքամետ ռեկտորն իր աշխատասենյակում պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր դպրոցների տնօրենների հետ։ Մեր աղբյուրի խոսքով՝  ռեկտորի հետ հանդիպումներ ունեցող տնօրենները հիմնականում ունեն իշխանամետ քաղաքական հայացքներ։ Օրինակ՝ հունվարի 14-ին ռեկտոր Մկրտչյանը հանդիպել է բուհի 57 հիմնական դպրոցի, Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենների հետ։ Մեր աղբյուրի խոսքով՝ ռեկտորը աշխատանքային հանդիպման անվան տակ տնօրեններին համոզում է, որ հայրենասիրությունը զուտ պաթոս է, իսկ խաղաղությունը հարեւանների հետ՝ անհրաժեշտություն։ Կարճ ասած՝ Լիլիթ Մկրտչյանը տնօրենների գլուխը թրքամետությամբ է լցնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image