Եվրամիության Խորհուրդը սանկցիաներ է սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ Բրյուսելի վարկածի, պատասխանատու են համարվում մարդու իրավունքների ոլորտում կոպտագույն խախտումների համար։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի Մամուլի ծառայությունը։ Սանկցիոն ցանկում իրանական հեղափոխական դատարանների հինգ դատավորներ են, ովքեր կրոնական փոքրամասնությունների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ մեղադրական վճիռներ են կայացրել։
Ցանկում նաեւ այն դատավորն է, որը մեղադրական վճիռ է կայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամադիի նկատմամբ։ Սանկցիաներ են սահմանվել հատուկ կերպով՝ ցանցահեն եւ ինժեներ Նիմա Սալեխիի հանդեպ, ով հանդիսանում է Ashiyane ցանցահենային խմբի հիմնադիրը։ Նա համագործակցում է իրանական FATA կիբերոստիկանության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, մասնակցում է ցանցահենային հարձակումներին։