Մի քանի օրվա համառ փորձերից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռախոսային կապ հաստատել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Այդ խոսակցությունը որեւէ արդյունք չի տվել. ռուսական կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, նկատի ունեն՝ մենք Հայաստանին ասելու բան չունենք, Փաշինյանն է խնդրել, որ խոսենք։ Ինչ վերաբերում է խոսակցության բուն նյութին, ասվում է, որ «կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հրատապ հարցերը»: Նույն հաղորդագրությունը, առանց հիշատակման, թե ում նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը, տարածել է Փաշինյանի մամուլի ծառայությունը: Միխայիլ Միշուստինը Ռուսաստանում քաղաքականություն որոշող չէ, նա ընդամենը տնտեսական քաղաքականություն կոորդինացնող է, այնպես, ինչպես Հայաստանի կառավարությունում Մհեր Գրիգորյանը: Փաշինյանը երեւի զանգել է տեղեկանալու` արդյոք իր ջախջախիչ ելույթից հետո ԵԱՏՄ-ն ինքնալուծարվե՞լ է, թե՞ դեռ շնչում է, Միշուստինն էլ պատասխանել է, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան այցից մեկ օր առաջ: Նա Հայաստան է գալիս իշխանության հաղթանակը հաստատելու եւ նշելու համար: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքում հաղթող հռչակվեց իրենց պաշտպանյալը, իրենք իբրեւ թե ծանր պայքար մղեցին Ռուսաստանի եւ նրանց պրոքսի ուժերի դեմ եւ հաղթեցին հիբրիդային պատերազմում: Բայց ինչ անել այդ հաղթանակի հետ, երբ այդ հաղթանակը պահանջում է հավելյալ միջոցներ եւ ներդրումներ, իսկ իրենք պատրաստ չեն դրան:
Մինչեւ 2026 թ. մայիսը Հայաստանի իշխանությունը պրոեվրոպական էր, Հայաստանը տանում էին եվրաինտեգրման ճանապարհով, բայց երկիրը սնվում էր Ռուսաստանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների հաշվին: Դա նման է կկվի դեպքին, երբ կկուն ձու է ածում այլ թռչնի բնում եւ փոխանակ ինքը կերակրի եւ մեծացնի իր ձագին, այդ հոգսը թողնում է բանից անտեղյակ այլ թռչունների վրա, որոնք չեն էլ գիտակցում, որ մեծացնում են ոչ թե իրենց, այլ օտարի ձագին: Մայիսից սկսած, Ռուսաստանը հրաժարվեց սնել եւ մեծացնել ԵՄ ճտի կարգավիճակ ունեցող Հայաստանի իշխանությանը, ուզում եք իրենց ճուտը լինել, թող բարի լինեն՝ իրենք էլ ձեզ կերակրեն: Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի կերակրման պատասխանատվությունը, պատրա՞ստ է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հայաստանի առեւտրատնտեսական հիմնական գործընկեր: Խոստումներ եւ հանձառություններ կան ու կլինեն, կարող են նույնիսկ մի քանի միլիոն եվրո էլ տալ, բայց որ Հայաստանի արտադրողներն իրենց ապրանքը կարողանան նույն ծավալով վաճառել ԵՄ շուկայում, չի լինի, նույնիսկ տեսականորեն է անհնար, ուր մնաց՝ գործնականում իրականանալի դառնա: Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունն անցած երկու ամսվա ընթացքում համոզվել են, որ ԵՄ-ն խոստումներից այն կողմ չի անցնելու, իսկ խոստումները կապիտալիզացնել, վերածել փողի՝ անհնար է: Խոստումներով մարդկանց կարելի է խաբել մի քանի օր, մի քանի շաբաթ եւ նույնիսկ 1-2 ամիս, հավերժ խաբել հնարավոր չէ, խաբելու եւ խաբվելու լիմիտը սպառվել է:
Ռուսաստան զանգելու կամ այնտեղ գնալու իմաստ չկա. այդ երկրի նախագահը շատ հստակ է դրել հարցը` կողմնորոշվեք եւ հայտարարեք՝ կա՛մ շարունակում եք մնալ ԵԱՏՄ անդամ եւ հրաժարվում եք ԵՄ-ին անդամակցելու ձեր որոշումից, կա՛մ շարունակում եք ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը եւ այդ դեպքում այլեւս ԵԱՏՄ անդամ չեք: Մինչեւ այդ հարցում որոշում չկայացնեք, զանգելու կամ հանդիպելու իմաստ չկա, նույնն են կրկնելու: Փաշինյանը հասկանում է դա, բայց փորձում է հնարամիտ ու ճարպիկ լինել, իրեն թվում է, թե ինքն այնքան խելոք ու համառ է, որ կարող է ճանապարհ գտնել, ի վերջո՝ եթե այդքան տարի ստացվել է, ինչո՞ւ չպետք է էլի ստացվի:
Ռուսաստանի նախագահն առաջարկել է ելքը. անցկացնել հանրաքվե եւ այդ հանրաքվեի արդյունքով որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ Հայաստանը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, թող մարդիկ իրենց վրա վերցնեն ընտրության պատասխանատվությունը, որ հետո չբողոքեն ստացված արդյունքից: 2024 թվականին չորս պրոարեւմտյան կուսակցություն ստորագրահավաք կազմակերպեց եւ 50 հազար ստորագրություն հավաքեց՝ հօգուտ Հայաստանի ԵՄ անդամակցության, եւ այդ ստորագրահավաքը հիմք ընդունելով՝ իշխանությունն օրենք ընդունեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին: 50 հազար ստորագրողներին խոստացել էին առանց վիզայի ԵՄ գնալու հնարավորություն, ոչինչ, որ դա չստացվեց, բայց ամենակարեւորը չէին ասել, թե դրա հետեւանքն ինչ է լինելու, ինչ գին է պետք վճարել դրա համար: Հիմա այդ գինը տեսանելի է, թեեւ՝ էլի մասամբ: Բացի դա, 50 հազարը Հայաստանի բնակչության 1․5 տոկոսն է, իսկ 1.5 տոկոսը չի կարող որոշել մյուս 98,5 տոկոսի ճակատագիրը:
Եթե իշխանությունը չի ցանկանում կամ այդքան համարձակություն չունի՝ հանդես գալու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, թող այդ գործը կազմակերպի ընդդիմությունը, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, որոնք 450 հազար ձայն են ստացել: Եթե, իհարկե, իրենք էլ համաձայն չեն իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականության վեկտորի հետ: