Այլ

Նահատակները չեն ընկել, որ մեր հողերից «յան տաս» ու աթոռդ պահես․․․

Նահատակները չեն ընկել, որ մեր հողերից «յան տաս» ու աթոռդ պահես․․․

2021-ին Փաշինյանը հայտարարում էր․ «Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն»։ Այսօր նա ասում է․ «Նահատակների հիշատակի հետ հարաբերվելու ձևը պիտի փոխվի։ Նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով»։

Ի՞նչ է փոխվել։ Արցախն այլևս չկա, Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացված են, հարյուրավոր նահատակների զոհաբերությունը չի արդարացվել։ Այս իրավիճակում խոսել «խաղաղության բերկրանքից»՝ նշանակում է պարտությունը վաճառել որպես հաղթանակ։ Փաստորեն Փաշինյանը վերաշարադրում է զոհերի իմաստը, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։ Սա ավելի շատ պարտության արդարացման հռետորաբանություն է, քան անկեղծ գնահատում։ Ինչու՞։ Փաշինյանը փոխում է նահատակների  նպատակի ընկալումը՝ հարմարեցնելով այն ներկա քաղաքական իրավիճակին։ Երբ Արցախը դեռ գոյություն ուներ՝ զոհերի արժեքը ներկայացվում էր որպես Արցախի ու Հայաստանի պահպանում։ Երբ Արցախը այլևս չկա, և Հայաստանի տարածքների մի մասը օկուպացված է, զոհերի գաղափարը վերանվանվում է «հիշատակի հետ այլ ձևով հարաբերվել»։

Սա պարզապես կարելի է անվանել  երկիրը պարտության տարած երկրի ղեկավարի իշխանությանը մնալու քաղաքական մանիպուլացիա։ Պարտված առաջնորդը չի կարողանում պահել նախորդ խոստացած արժեքները, ստիպված է փոխել ձևակերպումները։ Փաստորեն զոհաբերությունը ներկայացվում է ոչ թե որպես իրականացված նպատակ, այլ որպես խաղաղության կեղծ պատճառ։ Մնում է հիշեցնել նրան, որ մեր նահատակները չեն ընկել, որ մեր հողերը յան տաս ու աթոռդ պահես․․․ Մեր նահատակները չեն ընկել, որ խաղաղության կեղծ շղարշի տակ մի քիչ էլ երկարաձգես աթոռիդ հանգիստ նստելու վայելքը։ Մեր նահատակներն ընկել են, ինչպես 2021-ին դու՛ ես ասել, որ Հայաստանն ու Արցախը ապրեն։ Դուրս արի խաղաղության սրահից և բացատրիր՝ ինչու՞ մեր գենը  կորցրիր, երբ այսօր  Արցախ չկա ու Հայաստանի սուվերենությունը հանձնվում է։ Իսկ ասածդ  խաղաղությունը, որը կառուցվում է միակողմանի  զիջումների ու պարտությունների վրա, խաղաղություն չէ։ Դա կապիտուլյացիա է։ Խաղաղությունը, որը թուլացնում է բանակը, վտանգում սահմանները, կործանում պետականությունը, խաղաղություն չէ։ Դա պետականության  վերջնական կորուստ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image