Հայաստանի ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը, լրագրողների ասելով, վստահ չէ, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի գործընթացը փակուղում է: Ասեմ, որ դա խիստ կասկածելի պնդում է: Որովհետեւ եթե փակուղում չլիներ, ապա գործընթացի տրամաբանությունը չէր փոխվի: Այսինքն, երբ Բաքվից հայտարարում են, որ համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցված են, իսկ անմիջապես դրանից հետո նոր (իրականում՝ հին) պահանջներ են առաջադրում, ապա դա վկայում է գործընթացի փակուղում լինելու մասին: Հակառակ դեպքում բոլոր կետերի համաձայնեցված լինելու մասին առաջինը հայտարարելուց հետո պետք է անմիջապես անցում կատարվեր երկրորդ փուլին: Այն է՝ համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամանակի որոշմանը, ինչը չկատարվեց Բաքվի կողմից, իսկ Նիկոլենց կողմից դա հայտարարելուց հետո էլ դիվանագիտորեն գռեհիկ պատասխան հետեւեց Բաքվից:
Շարունակենք հետեւել Հայաստանի իշխանության հիերարխիկ կառուցվածքում երկրորդ հորիզոնականը, ըստ խորհրդարանական կառավարման տրամաբանության, զբաղեցնող անձի մտավարժանքին: Սիմոնյանի ասելով, «Հայաստանի առաջարկը՝ համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, հնարավոր է, անսպասելի էր Ադրբեջանի համար»: Այնուհետեւ ավելացրել է, որ «ադրբեջանական կողմը գուցե չէր ակնկալում, որ Հայաստանը պատրաստակամ կլինի՝ անմիջապես ստորագրել եւ այս տրամաբանությամբ առաջ շարժվել»: Ստացվում է, որ Իլհամին թվացել է, որ համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցնելուց հետո ոչ թե համաձայնագիր են ստորագրում, այլ հերթական հեծանվավազքին են պատրաստվում: Ի դեպ, չմոռանանք, որ երիտասարդ Իլհամը ժամանակին սովորել եւ ավարտել է ռուսական ՄԳԻՄՕ-ն՝ դավանագիտական կադրերի խորհրդային դարբնոցը: Եվ եթե չեմ սխալվում՝ նաեւ թեզ է պաշտպանել: Այսինքն, ջոկում է դիվանագիտության ոչ միայն այբուբենը, այլեւ՝ բարդ քայլերը: Ինչեւէ, այս պարբերությունում առկա մեջբերումները վկայում են, որ Ալենը թերագնահատում է թշնամու ինտելեկտուալ մակարդակը, ինչը խիստ վտանգավոր վարքագիծ է:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու պետք է Ադրբեջանը զարմանար Հայաստանի ղեկավարի նախաձեռնությունից, վերջինս պատասխանել է, որ «իր տպավորությամբ՝ Բաքուն նախկինում աշխատել է այն տրամաբանությամբ, որ կարող է սկզբում ինչ-որ պայմանավորվածությունների համաձայնել՝ վստահ լինելով, որ Հայաստանը մերժելու է»: Այս նախադասության մեջ անտեղի բառը «նախկինում»-ն էր. ի՞նչ նշանակություն ունի, թե Բաքուն ինչպիսի տրամաբանությամբ է աշխատել նախկինում: Հաշվի առնենք, որ նախկինում Ադրբեջանը պարտված կողմ էր, ու հայկական կողմերն էլ (Արցախն ու Հայաստանը) կարող էին իրենց թույլ տալ մերժել այն, ինչը չէր համապատասխանում հայկական շահերին: Սակայն իրեն ԱԺ նախագահի պաշտոնին նշանակողի օրոք իրադրությունը փոխվել է 180 աստիճանով: Այսօր Հայաստանը ներկայացնող անձը պատրաստ է ընդունել Բաքվի բոլոր պահանջները: Ու անհամբեր սպասում է այն օրվան, երբ կստորագրի այդ թղթի կտորը: Ու դա որպես դիվանագիտական հաջողություն կներկայացնի հայաստանյան հասարակությանը: Դա, բնականաբար, գիտեն Բաքվում ու անընդհատ բարձրաձայնում են դրա մասին:
«Դրանով նրանք միջազգային կառույցների մոտ լավ տպավորություն են թողել իրենց մասին»,- շարունակել է Ալենը: Քանի որ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում հիանալի բնորոշել է, թե ինչ արժեք ունեն միջազգային կառույցներն Իլհամի աչքում, բաց թողնենք այս կտորը, քանզի ավելացնելու էական ոչինչ չունեմ: ԱԺ նախագահի ասելով, «Հայաստանի նպատակը բանակցությունների ընթացքում եղել է ոչ թե պարզապես խոսակցությունը շարունակելը, այլ իրական արդյունքի հասնելը»: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե որ պետության ղեկավարը կարող է պարզապես խոսակցություն վարել իր թշնամու հետ՝ հաշվի առնելով նրանից իր պարտված լինելը: Որպեսզի դա էլ չաներ «մեծարգո ժողվարչապետը»: Եվ, ըստ այդմ, դժվարանում եմ ասել, թե ինչու է այդ «հանճարեղ» միտքը ծագել ԱԺ նախագահի ուղեղում: Բայց հաջորդ նախադասության թողած տպավորությունը թույլ չտվեց, որպեսզի երկար զարմանամ դրա վրա:
Խնդրեմ հաջորդը․ «Երկար բանակցային գործընթացից հետո, երբ կողմերից մեկը հայտարարում է, թե համաձայնագիրը վերջնականապես համաձայնեցված է, դա կարող է տարբեր ընկալումներ ստեղծել»: Այսինքն, երկար բանակցելուց հետո, երբ համաձայնեցված են վիճելի բոլոր կետերը, կամ, ավելի ճիշտ՝ մի կողմը համաձայնում է մյուսի բոլոր պահանջներին, կողմերից մեկի կամ մյուսի եւ կամ էլ, ենթադրաբար՝ միջազգային կառույցների մոտ, չգիտես ինչ տրամաբանությամբ, պետք է տարբեր ընկալումներ ստեղծվեն նույն երեւույթի առումով: Դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե, օրինակ, մի կողմը «նավ» ասելով հասկանար «օդանավ», իսկ մյուսը կամ մյուսները՝ «ծովային նավ»: Բայց նավային խնդիր, որքան ինձ հայտնի է, համաձայնագրում չէր կարող տեղ գտնել: Եվ ընկալումներն էլ պետք է միատեսակ լինեն, եթե, իհարկե, կողմերից որեւէ մեկը խնդիր չունի ընկալման հետ կապված: Կարծում եմ, որ ո՛չ Բաքվում, ո՛չ Երեւանում եւ ո՛չ էլ միջազգային կառույցներում առկա չեն նման խնդիրներ:
ՀԳ. Ողբալու բան է, որ 2018-ին Սերժ մերժեցինք, որպեսզի ստանայինք նման «մտածողություն» ունեցող ղեկավարներ: Հաշվի առնելով, որ ո՛չ Ալենի «վերադասը» եւ ո՛չ էլ «ստորադասները» չեն տարբերվում նրանից: