Քաղաքականություն

Ռուբիլնիկ՝ էն որ կա՛մ ձեռումդ ա, կա՛մ քըմակումդ (Լոռի)

Ռուբիլնիկ՝ էն որ կա՛մ ձեռումդ ա, կա՛մ քըմակումդ (Լոռի)

Եվ, ուրեմն, արձանագրենք՝ Փաշինյանն անցավ անլր­ջության բոլոր հնարավոր ռուբիկոնները: Իսկ անլրջության ռուբիկոնից այն կողմ, սա կփաստեն նաեւ հոգեբաններն ու հոգեբույժները, խելագարությունն է: Թումանյանը, է՜, երբ է ասել՝ բռնեցե՜ք, փախավ Սաքոն խելագար… Ու դեռ լավ կլինի, որ Փաշինյանի օրինակին չհետեւի ողջ խմբակը: Պատկերացրեք մի պահ, որ Լոռվա ձորով Փաշինյանը միայնակ չի փախչում, եւ ձորն ուղղակի լիքն է նրա նման խելագարներով՝ Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Քոչարյան Անդո, կանանցից՝ դատախազ, ՆԳՆ, արդարադատության նախարար, ՄԻՊ, Նազո, Լուլու, Արփի… Ու բոլորն անխտիր վազում են, ո՞ր մեկին բռնես: Թե բա՝ Լոռեցի Սաքոն… Թումանյանը պիտի «Իջեւանցի Նիկոլը» գրեր: Իջեւանցին էլ դեռ խիստ կասկածելի է:
Եվ, ուրեմն, Փաշինյանն իր ձեւով, այն է՝ իր վախերին համեմատ արձագանքեց Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայ ժողովրդի հայտարարությանը: Չեմ բացառում, որ առաջին պահին Փաշինյանին նույնիսկ թվացել է, որ ԱԺ դահլիճի դռները հիմա-հիմա կբացվեն, ու բիլակով տղերքն իրեն այնտեղից կտանեն ուղիղ ԱԱԾ պադվալ: Թումանյանի հերոսն էլ նույն վիճակում էր.
- Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթեւ,
Շունչ է քաշում դըռան ետեւ․․․
- Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում...

Իսկ ինչո՞ւ էր Փաշինյանն այս վիճակում: Բոլոր պատճառները չթվարկեմ, սիրելի ընթերցող: Ինքդ մտքով գնա 2018 թվական եւ Փաշինյանի բոլոր արածները մտապահելով` արի մինչեւ 2025 թվականի այն օրը, երբ Փաշինյանը` Սամվել Կարապետյանի հայտարարությունից դիվոտած, վեր թռավ ԱԺ-ում ու իր մոտ կանչեց Կոնջորյան Հայկին: Ինչ է, չէ՞ր սպասում, որ կհայտնվի մի հայ ու կկանգնի հայի թիկունքին, այն հայի, որին ինքը ստորացրել է մինչեւ վերջին խազը: Չգիտե՞ր, որ անխուսափելիորեն գալու է պահը, եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդը մի շառաչուն ապտակ է հասցնելու իր հավատի երկուհազարամյա արմատը կրծող դավադիր ոչնչություններին՝ «Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սեւացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»:

Նիկոլը, իհարկե, գիտեր եւ սպասում էր այդ պահին, բայց նրա շաբաթը, ինչպես ասում են, երեքշաբթի եկավ եւ այն ժամին, երբ ԱԺ դահլիճում ըմբոշխնում էր իր սրբապիղծ թիմի դիֆերամբները յուր անձի եւ յուր գործերի մասին: «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը, իր որեւէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»… Սամվել Կարապետյանի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին մեխեց ուղիղ տասնոցին: Ու երբեմնի լեզվանի Նիկոլը կորցրեց անգամ խոսելու աստվածատուր շնորհքը… Մեկը մյուսից խայտառակ գրառումներ, անասնական բառապաշար, երկրի ղեկավարին անհարիր պահվածք ու լիքը այլ զիբիլ: Ասես՝ իրեն կրակի վրա խորովում էին: Էլ չնայեց՝ ժողովրդավարության բաստիոն ենք, ինչ ենք… Զորքը քշեց Սամվել Կարապետյանի տան վրա՝ է՛լ ոստիկանություն, է՛լ ԱԱԾ, է՛լ դատախազություն, է՛լ հատուկ ջոկատայիններ: Զորքն էր անգամ շվարել ստացած հրամանից:

ՀԳ. ՀԷՑ-ի իբր ազգայնացման մասին Նիկոլի ու Սորոսի շնիկների հայտարարությունները մեկ նպատակ են հետապնդում՝ «բացատրել» Նիկոլի ոչ ադեկվատ արձագանքը Սամվել Կարապետյանի հայտարարությանը: ՀԷՑ-ի ազգայնացման մասին խոսք անգամ չկա: Այսօր Հայաստանում եփած հավն էլ գիտի, որ Նիկոլի ու նրա խմբակի պարագայում որեւէ բան «ազգայնացնել»՝ նշանակում է «ադրբեջայնացնել» կամ «թուրքայնացնել», վերջին հաշվով` հիմնահատակ ավիրել: Դուք էն խոզի գոճու ասածները լսեք․ թե բա՝ ՀԷՑ-ն անջատումներ ա անԸմ… Անջատումները դուք կտեսնեք այն ժամանակ, երբ Հայաստանի «ռուբիլնիկն» Ալիեւի ձեռքին կլինի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image