Օրերս անդրադարձել էինք Գյումրի քաղաքի Լալայան փողոցի բնակիչ Արտյոմ Խաչատրյանի ահազանգին, ըստ որի՝ բնակչի կողմից կառուցված տունը փլուզման եզրին է։Բանն այն է, որ քաղաքի կոյուղաջրերը հոսում են տան տակով, ինչը ոչ միայն համաճարակի, այլև շինության փլուզման լուրջ վտանգ է ներկայացնում։ Եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում՝ հատկապես հորդառատ անձրևների ժամանակ, անձրևաջրերն ու կոյուղաջրերը խառնվելով իրար՝ հոսում են Գյումրի գետակ։ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչներն հենց այդ ջուրն էլ օգտագործում են ոռոգման նպատակով։
Արտյոմ Խաչատրյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այդկերպ փորձելով լուծում տալ իր խնդրին։ Քաղաքացին Hraparak.am-ին էր տրամադրել դիմում-բողոքը, որտեղ, ինչպես ինքն է պատմում, ներկայացրել է խնդիրը, թե ինչպես անցյալ տարի մարզային եւ քաղաքային իշխանությունների եւ ոստիկանության «օպերացիայի» արդյունքում իր ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։
Ըստ բնակչի՝ իր տան շինարարական աշխատանքները կատարելիս, իրեն մեղադրել են, թե վնասել եւ օգտագործել է անթույլատրելի կոմունիկացին խողովակներ, մինչդեռ դրանք համաձայնեցված են եղել բոլոր գերատեսչությունների հետ։ Երբ հակառակն է եղել՝ ինքն է բողոք ներկայացրել՝ պնդելով, որ մաքրման կայանը կապել են իր շենքի հետ, ինչը շենքի հիմքի փլուզման եւ համաճարակի բռնկման պատճառ է, իր դեմ քրեական գործ են հարուցել, որը մինչ օրս քննվում է։ Մինչդեռ Արտյոմ Խաչատրյանն ինքն է պահանջում ջրից անալիզ անել, համոզվել, թե ինչ վնասակար է այն, հատկապես որ այդ ջուրը գյուղացիներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով։ Ավելին՝ իրեն համոզում են՝ չբողոքել, որպեսզի այս լարված իրավիճակում գյուղացին Նիկոլի դեմ բունտ չանի, քանի որ Ղարիբջանյան գյուղի ոռոգման ջրի խողովակներն իր շենքի տակ են գտնվում, իսկ այդ ջուրը ոռոգման համար անգամ պիտանի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում