Հունիսի 2-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի 70-ամյակը։
«Հրապարակը» Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է համարում իր կյանքի 70 տարիների ամենամեծ ձեռքբերումը․
«Ամենակարևոր ձեռբերումս լավ ընտանիքս ու սիրելի աշխատանքս են, որ այսօր վարում եմ՝ «Սայաթ նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը»,- ասաց Պողոսյանը։
- Կա որևէ օր, ամիս կամ տարի, որ կուզեիք հանել այս 70 տարիներից, ավելի ճիշտ կուզեիք, որ դրանք չլինեին։
- Անշուշտ։ Դրանք էլ են ոչ պակաս եղել՝ ծնողներիս կորուստը, հարազատների, լավ ընկերների, մեր արժանավոր մտավորականների և մեր զինվորների կորուստը, որոնք երբեք չէի ցանկանա, որ լինեին։
- Ձեր ողջ կյանքը նվիրել եք աշուղական արվեստին, ըստ Ձեզ՝ այսօր աշուղական արվեստն ունի՞ պահանջվածություն։
- Մշտապես պահանջարկը կա ժողովրդի մեջ, սակայն նրանք, ովքեր ուզում են պահանջարկը լրացնել, այդ նրանց պակասն է խոչընդոտում մեր մշակույթը։
- Ձեզ պետության կողմից գնահատված համարո՞ւմ եք։
- Այո, կարևորը, որ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը պետական կարգավիճակ ունի, դա ինձ ամենաշատն է ուրախացրել, դրանից ավել ոչ մի ակնկալիք ես չեմ ունեցել, արժանացել եմ պետական բարձրագույն պարգևների և ոչ միայն պետական այլ նաև հայ եկեղեցու բարձրագույն պարգևի, որն ինձ շատ հուզեց՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը։
- Այսօր համաշխարհային համահարթեցում է գնում, գլոբալիզացիա, մարդիկ կարծես հեռանում են ազգայինից, հանդիսատեսն այսօր չի՞ տարբերվում նախկինից։
- Իմ խորին համոզմամբ, հայի տեսակը՝ մեր ժողովրդի հիմնական մասը գիտակցում է ազգային արժեքը, արմատները գիտակցելով է ապրում, և համահարթեցումը, որքան էլ ճիգուջանք են թափում, միևնույն է մեր երկրում ծիլ չի տա։
- Ո՞րն է Թովմաս Պողոսյանի ամենասիրելի երգը։
- Բազմաթիվ երգեր եմ շատ սիրում, երգ կա, որ ես չեմ էլ երգել, բայց լսելուց հուզվում եմ մշտապես՝ «դարդս լացեք սարի սմբուլ»։
- Ի՞նչ կոչ ունեք երիտասարդներին։
- Սիրեք մեր հայրենիքը, սիրեք մեր լեզուն՝ մեր ոսկեղենիկ հայերենը, և աշխատեք մաքուր պահել ձեզ փոխանցվող երգն այնպես, ինչպես հեղինակն է ներկայացրել, այնպես, ինչպես մենք ունկնդրել ենք ժամանակների մեջ հարատևորեն։