«Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար»,- ասում էր մեծն Լոռեցին: Փորձել եմ Վանաձորի համայնապատկերից ներկայացնել ե՛ւ լավ, ե՛ւ վատ գործեր։ Առաջինները՝ արժանահիշատակ, գովելի, երկրորդները՝ արատավոր, որոնց հեղինակներին ու արարքները գովաբանելը դժվար է։
Արժանահիշատակ գործեր
Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության (նախագահ՝ Նորայր Զուլոյան) նախաձեռնությամբ Վանաձորում, համաժողովրդական հանգանակությամբ, հնարավոր եղավ կանգնեցնել Զորավար Անդրանիկի՝ աշխարհում առաջին բրոնզաձույլ հոյակերտ արձանը։ Այն տեղադրվեց Զորավար Անդրանիկի անվան փողոցի սկզբնամասում՝ մեծ քարաբեկորի մոտ, որի վրա դեռեւս 1991 թվականին մի խումբ ՀՀՇ-ականներ փորագրել էին. «Այստեղ կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը», սակայն խոստմանը տեր չէին կանգնել։
Հանգանակությանը մասնակցել է ավելի քան 200 անդրանիկասեր հայորդի։ Այսօր լոռեցիները հուշակոթողի մոտ հավաքվում են Զորավարի ծննդյան ու մահվան օրերը հանդիսավորությամբ նշելու։
Վանաձորի կենտրոնական հատվածում՝ Ազատամարտիկների պուրակում եւս մեկ գովելի նախաձեռնություն կա՝ բացօթյա թանգարան, որի կողքով անցորդներն անտարբեր չեն անցնում։ Այստեղ կարելի է տեսնել կժեր, ժամացույցներ, կճուճներ, սանդերք, արդուկ, ճախարակ, կարաս, սայլ, չուխա, իլիկ, տակառ, կահկարասի եւ բազմաթիվ այլ առարկաներ, որոնք մեր կենցաղի անբաժան մասն են եղել։ Ցուցանմուշները շարունակ ավելանում են։ Ծառուծաղկի հետ հմուտ համադրումը գեղագիտական հաճույք է պատճառում, օգնում՝ պատկերացում կազմել մեր անցյալի կյանքի ու մշակույթի մասին։ Թանգարանը հատկապես հետաքրքիր է դպրոցականների համար․ կողքին թիվ 11 դպրոցն է։ Այս ամենի հեղինակը քաղաքը սիրող մի մարդ է՝ գեղանկարիչ Սամվել Առաքելյանը, որը նաեւ հարեւանությամբ գտնվող «Կժեր» գեղարվեստական իրերի վաճառակետի տերն է։ Հեշտ չէ հավաքել, պահպանել ու խնամել այս ամբողջը, բայց մարդն անում է։ Եվ ակամա մտածում ես․ եթե ամեն մեկը կարողացածի չափով մի լավ բան աներ, մեր քաղաքներն իրենց դեմքը հաճելիորեն կփոխեին։
Երբ լավ գործը չի ներվում, իսկ բարբարոսներ ամեն տեղ կան
Ժայռի գլխին վեր խոյացած «Կիրովական» հյուրանոցից դեպի քաղաքի կենտրոն իջնող գալարապտույտ սանդուղքներն ու լճակների վրայով անցնող ճանապարհը միշտ եղել են հարմար ու գեղատեսիլ։ Երբ ճանապարհը վնասվել էր, մի մտահոգ գործարար սիրով կազմակերպեց նորոգումը․ ամրացվեցին բազրիքները, վերականգնվեց լուսավորությունը, ճանապարհը նոր տեսք ստացավ։ Այսօր անցեք այդ ճանապարհով` բոլոր լամպերը ոչնչացված են, գետակն ու նրա ափերը՝ աղբի մեջ կորած։
Վանդալիզմն ամենուր է։ Վանաձորի թթու ջրի հանգստյան գոտուց անհետացել են նորատունկ եղեւնիները, անհայտ չարագործները ոչնչացրել են Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակը զարդարող «բուկսուզ» կոչվող գեղազարդ թփերը։ Սա սրբապղծություն է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ բոլոր նահատակների հիշատակի հանդեպ, որոնց անունով ստեղծվել է պուրակը։ Այստեղ հուշարձաններ են կանգնեցված 1915-ի սրբադասված նահատակների, 1937-ի բռնադատվածների, 1988 թ. երկրաշարժի զոհերի եւ ԱՍԱԼԱ-ի հերոսների հիշատակին։ Պուրակը մարզի խնամված, հոգեւոր մթնոլորտ ունեցող սրբազան վայրերից է։ Չենք ցանկանում երկար խոսել ապօրինի կառուցապատումների մասին։ Քաղաքի տեսքն աղավաղող շինություններ ամենուր են, անգամ՝ մայթերի վրա։ Սանկտ Պետերբուրգի լայնահուն խճուղու մայթին կարելի է տեսնել «Լվա ինքդ» մակագրությամբ ավտոլվացման կետ, կիսավեր խանութներ, ցանկապատեր։ Քաղաքի իշխանություններից ոչ մի արձագանք։ Վանաձորցիներն էլ, իհարկե, պակաս մեղավոր չեն։
Քաղաքը եզերող անտառը, որը խավարի ու ցրտի տարիների համատարած սպանդից հետո հազիվ է վերականգնվում, ոմանց համար կրկին դարձել է վառելափայտի պահեստարան։ Մի փոքր հատվածում նկատվում են անխնա հատված բազմաթիվ ծառերի կոճղեր։ Երիտասարդ անտառապետն ասում է․ «Տեսել եմ, կնիքել եմ»։ Բայց «կնիքով», թե առանց «կնիքի» հատված ծառերը չեն վերակենդանանում։ Այս ամենի ծանր հետեւանքն արդեն մեկ անգամ ապրել ենք։ 1988-ի աղետից հետո, երբ անտառը հնձվում էր չոր խոտի պես, մի գիշեր տեղատարափ անձրեւը հեղեղի վերածվեց։ Միլիցիայի կապիտան Շոթա Մովսիսյանի ընտանիքը հրաշքով փրկվեց, բայց զրկվեց տնից ու այգուց։ Հեղեղվեցին տներ, բակեր, օժանդակ շինություններ, փողոցներ, ընտանի կենդանիների կորուստներ եղան: Բացակայող անտառն այլեւս չէր կարող կլանել ջուրը։
Լավ ու վատ գործերի օրինակներ կարելի է բերել ոչ միայն Վանաձորից՝ դրանք կան բոլոր համայնքներում: Համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտք ունի իր հարազատ ոստանի առաջ։ Եղեք քաղաքացիներ, ոչ թե քաղաքի բնակիչներ։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ