Քաղաքականություն

Ինչու տեր չենք մեր երկրին

Ինչու տեր չենք մեր երկրին

Հայաստանի քաղաքական գործիչները, նույնիսկ քաղաքագետներն ու շարքային մարդիկ զարմանում են, թե ինչու է իրեն այդքան իներտ պահում հայ կամ, ավելի ճիշտ՝ հայաստանյան բուրժուազիան, այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին կուտակել են հսկայական կարողություն` անշարժ գույքի եւ սեփականության տեսքով, բայց անտարբեր են այն երկրի ճակատագրի նկատմամբ, որի հաշվին հարստություն են կուտակել եւ որտեղ շարունակում են պահել իրենց հարստությունը կամ առնվազն դրա մի մասը: Այդ մարդիկ տեսնում եւ հասկանում են, որ օրվա իշխանությունների քաղաքականությունը կործանում է Հայաստանը, իսկ այդ կործանման արդյունքում ամենաշատ կորցնելու են իրենք` ամեն մեկը կորցնում է իր ունեցածի չափով: Բայց դրսեւորում են բացարձակ անտարբերություն ոչ միայն երկրի, այլեւ նույնիսկ իրենց ունեցվածքի եւ կարողության նկատմամբ, որտե՞ղ է սրա տրամաբանությունը: Մի՞թե հնարավոր է, որ մարդը տեսնի իր կործանումը եւ ոչ մի քայլ չկատարի փրկության համար, իրեն դնի պասիվ դիտորդի դերում եւ անջատված հետեւի, թե ինչպես է ինքը հետեւողականորեն խրվում ճահճի մեջ, որի վերջը լինելու է այն, որ վրա է հասնելու իր մահը:

Ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բագրատ սրբազանի կոչը` ուղղված գործարարներին, նրանց այդ թմբիրից արթնացնելու փորձ էր, բայց մի՞թե ընդդիմության ներկայացուցիչները պետք է հայ բուրժուազիային, որոնց սովորաբար կոչում են գործարարներ, բացատրեն, որ երկիրը գնում է ոչ այն ուղղությամբ, չէ՞ որ իրենք դրա մասին ավելի շատ են տեղեկացված եւ ավելի շատ պատկերացում ունեն, քան մեկը: Ոչ թե ընդդիմության ներկայացուցիչները պետք է դիմեին բուրժուազիային եւ նրան կոչ անեին՝ տեր կանգնել այն երկրի ճակատագրին, որտեղ իրենք ապրում են եւ որտեղ տնտեսական գործունեություն են ծավալում, այլ հակառակը` բուրժուազիան պետք է գտներ եւ ֆինանսավորեր մարդկանց, որոնք հանձն կառնեին փոխել երկրի ճակատագիրը, երկիրը կառավարել նրա տնտեսական շահերին համապատասխան: Սովորաբար հենց այդպես է տեղի ունենում, բուրժուազիան է ֆինանսավորում քաղաքական գործիչներին, քաղաքական եւ քաղաքացիական շարժումները, մամուլը` նրանց առաջ նպատակ դնելով, որ երկիրը գնա իրենց համար ընդունելի ճանապարհով, որ իշխանության գալու դեպքում իրականացնեն այնպիսի քաղաքականություն, որը կբխի երկրի եւ նրա տնտեսական շահերից: Հայաստանյան բուրժուազիայի իներտության հետեւանք է, որ Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական շարժումները, մամուլը աջակցություն են փնտրում դրսում, որի հետեւանքով երկրի քաղաքական եւ տնտեսական օրակարգն էլ ձեւավորվում է դրսի ֆինանսավորողների կողմից: 

Արդարացումը, թե գործարարները վախենում են իշխանություններից, որ իշխանության ներկայացուցիչները կարող են տեղեկանալ գործարարների հակաիշխանական քայլերից եւ իրենց ունեցած լծակներով պատժել իրենց դեմ դուրս եկած մարդկանց, մինչեւ իսկ նրանց ունեզրկելով, որեւէ քննադատության չի դիմանում: Նախ` եթե այդպես լիներ, աշխարհում առնվազն վերջին 300 տարիներին որեւէ հեղափոխություն, հեղաշրջում, իշխանափոխություն չէր լինի, որովհետեւ բոլոր նման փոփոխություններն ուղղված են օրվա իշխանությունների տապալմանը, եւ չնայած իշխանությունն ունեցել է լծակներ, այդ թվում՝ եւ ուժային, հնարավոր չի եղել կանխել այդ հեղափոխությունները: Երբ մարդիկ իրենց առաջ խնդիր են դնում, հաստատ գտնում են մեթոդներ, միջոցներ՝ այդ նպատակին հասնելու համար: Հայաստանյան բուրժուազիան երկրի ճակատագիրն իր ձեռքը վերցնելու մի քանի անհաջող փորձ էր արել, այն էլ՝ ոչ այս իշխանությունների օրոք: Մյուս բացատրությունն այն է, որ հայկական բուրժուազիայի ներկայացուցիչները, փոխանակ ըմբոստանալու իշխանության դեմ, գերադասում են համագործակցել օրվա իշխանությունների հետ՝ համոզված լինելով, որ դա իրենց եւ իրենց բիզնեսի համար ավելի մեծ արդյունք կապահովի, քան ըմբոստանալը եւ այդ իշխանությունը փոխելուն ուղղված ջանքերը:

Իրականությունը, մինչդեռ, բոլորովին այլ է. ի տարբերություն աշխարհի բոլոր նորմալ եւ ինքնիշխան երկրների, որտեղ բուրժուազիան է ձեւավորում իրեն հարմար եւ իր շահերը պաշտպանող իշխանություն, Հայաստանի նման՝ գաղութային կախվածություն ունեցող երկրներում իշխանությունը ձեւավորվում է դրսից, եւ այդ իշխանությունը, ըստ էության, կապ չունի տեղական բուրժուազիայի հետ, այն ծառայում է այն երկրի շահերին, այն երկրի բուրժուազիային, որն իրեն նշանակել է իշխանության: Քանի դեռ Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն այնտեղ, իշխանությունը գտնվում է տրանսնացիոնալ բուժուազիայի ձեռքում, հենց նրանք էլ ձեւավորում են գաղութային երկրների ադմինիստրացիան՝ պարտադրելով, որ այդ ադմինիստրացիաներն իրականացնեն իրենց շահերից բխող քաղաքականություն:

Ազգային բուրժուազիայի ներկայացուցիչները կամ դրանց մեծամասնությունը սերտորեն կապված են տրանսնացիոնալ բուրժուազիայի հետ, փաստացի նրանց հայաստանյան ներկայացուցիչներն են: Սրանց սովորաբար անվանում են կամպադորական բուրժուազիա`առեւտրային եւ բանկային կապիտալի ներկայացուցիչներ, եւ այդ պատճառով նրանք երբեք չեն ըմբոստանա իրենց ղեկավարների, եթե կուզեք ավելի պարզ` տերերի դեմ: Մյուսները հասկանում են, որ իրենց պայքարն իրենցից ավելի մեծ եւ հզոր ուժերի դեմ դատապարտված է պարտության: Դրա համար, երբ այդ մարդկանց հարցնում ես, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան, նրանք մի ընդհանուր ձեւակերպում ունեն՝ ինչ որ որոշված է, այդպես էլ լինելու է, մենք ոչ մի բան չենք կարող փոխել: Իսկ թե ով կամ ովքեր են որոշողները, կարեւոր չէ, իրենք կարծում են, որ դա իրենց ո՛չ իմանալու բանն է, ո՛չ էլ հասկանալու, եւ համակերպվել են այն մտքի հետ, որ իրենցից ոչինչ կախված չէ, իրենք չեն տերը մեր երկրի: Սա նման է այն մարդկանց վարքագծին, ովքեր ասում են, որ իրենք ճակատագրապաշտ են` ֆատալիստ, հավատում են, որ իրենց հետ լինելու է այն, ինչ ի սկզբանե որոշված է, եւ իրենք որեւէ կերպ չեն կարող փոխել իրենց ճակատագիրը` նախապես ծրագրավորված ռոբոտներ են: Հիմնականում սա է պատճառը, որ իրենց բավական ազդեցիկ ու հզոր համարող մարդիկ հլու- հնազանդ ծառայում են Հայաստանի այն իշխանություններին, որոնք իրենցից ներկայացնում են անհաջողակների ու մտավոր հետամնացների մի խմբակ, բայց ունեն արտաքին անտեսանելի հենարան: 

Աշխարհի բազմաթիվ երկրներ են եղել մեզ նման գաղութային կախվածության մեջ, բայց այդ երկրների ազգային բուրժուազիան իր մեջ ուժ եւ համարձակություն է գտել՝ չենթարկվել արտաքին թելադրանքին, կազմակերպել եւ առաջնորդել հակագաղութային պայքարը, եւ տեր է դարձել իր երկրի ճակատագրին, ձեւավորել իշխանություն, որը ծառայում է սեփական երկրի շահերին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image