Միջազգային

Փաշինյանին ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրն է հետաքրքրում, ո՛չ էլ ՀՀ պետականությունը․ ՌԴ Պետդումայի խոսնակ

Փաշինյանին ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրն է հետաքրքրում, ո՛չ էլ ՀՀ պետականությունը․ ՌԴ Պետդումայի խոսնակ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նա օգտագործում է երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)՝ Եվրամիությանը միանալու իր կուրսն առաջ մղելու համար։

«Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու համար։ Նա փորձում է լուծել իր բոլոր խնդիրները ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին», - գրել է Վոլոդինը։

Նրա հայտարարության պատճառը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Փաշինյանի այն պնդումն է, թե ինքը «կվճարի յուրաքանչյուր փչացած պղպեղի, վարդի համար», որը սահմանափակումների պատճառով չի մատակարարվի Ռուսաստան։

Պետդումայի խոսնակը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները չեն տեղեկացնում հանրությանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Նա նշել է, թե կոնկրետ ինչ հետևանքներ են լինելու նման սցենարի դեպքում․ «Բնակիչների համար գազի գները կբարձրանան գրեթե չորս անգամ, Ռուսաստանից Հայաստան կատարվող անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք ներկայումս կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար (բոլոր փոխանցումների 2/3-ը), կտրուկ կկրճատվեն, Ռուսաստան մուտք գործելու համար ներգաղթային արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքը հնարավոր կլինի միայն արտոնագրի դեպքում, Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ներառյալ պղպեղի), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն»։

«Նույն բանը տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ Երբ որոշում կայացվեց ԵՄ-ին ինտեգրվելու մասին, նրանք մեկ բան ասացին։ Իրականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, արգելված էր եվրոպական շուկաներում», - հայտարարել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակի խոսքով՝ «նույնը սպասում է նաև Հայաստանին»։

«Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին միացնելու վերաբերյալ և կատարում է այն։ Միևնույն ժամանակ, նա փորձում է միանալու բոլոր ծախսերը տեղափոխել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա», - նշեց նա։

Ըստ Պետդումայի խոսնակի, «ակնհայտ է, որ նրան չի հետաքրքրում ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը, ո՛չ էլ Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում նա կարծում է, որ այսպես կպահպանի իր անձնական իշխանությունը։ Գինը բարձր կլինի...»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image