Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից հետո, առավոտ-գիշերով ոստիկանությունը Կիրանցում «Կոլցո» օպերացիա իրականացրեց՝ ցույց տալով, որ տավուշցիների ու Բագրատ սրբազանի դեմ ոչ միայն տեղեկատվական, այլեւ ֆիզիկական պայքար են մղում։ Այս օրերին Տավուշում է նաեւ հասարակական գործիչ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Հարցին, թե ինչ է նշանակում իշխանությունների այս գրոհը սրբազանի ու տավուշցիների դեմ, Արշակ Զաքարյանն ասաց. «Դա միանշանակ վախի դրսեւորում է, եւ իրենք քանի որ չունեն որեւէ փաստ, ստիպված լեգենդներ, ստեր են տարածում, ինչն իրենց միշտ էլ հատուկ է եղել։ Այդ ամենն իրենց էությունն է, եւ իրենց էությունը ցույց են տալիս, այդքան բան։ Եթե լուրջ բան լիներ, ոչ թե ստի արշավ կանեին, այլ կոնկրետ փաստեր կներկայացնեին։ Ուղղակի ծիծաղելի է»։
Ընդդիմադիր շարժումներ, ընդ որում՝ ավելի լայնածավալ, նախկինում էլ են եղել, սակայն ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Իշխան Սաղաթելյանն ու ընդդիմության մյուս առաջնորդներն այսքան չեն թիրախավորվել ու ինֆորմացիոն հարձակումների ենթարկվել, որքան Բագրատ սրբազանը։ Ինչո՞ւ է իշխանությունն այդքան վախենում արքեպիսկոպոսից։ «Սատանիստներն ու անհավատներն իրականում ինչի՞ց են վախենում․ Աստծուց են վախենում, եւ Աստծուց է գալիս այս ամենը։ Իհարկե, այս սրբազան պայքարին ազնվորեն լծվածներն իրենց Աստված չեն համարում, ինչպես դա իրենք էին անում, առավել եւս սրբազան Հայրը չի անում, եւ երբեւէ լսե՞լ եք, որ սրբազանը նման բան ասի, ինչպես նրանք էին ասում։ Ես պայքարի մասին եմ ասում, եւ, վերջիվերջո, այն Աստծո օրհնությամբ է, դա իմ համոզմունքն է, եւ իրենք էլ են դա հասկանում, ինչքան էլ անհավատ կամ սատանիստ են ու այդ քողի տակ թաքնված լինեն։ Եվ դրա համար էլ վախենում են։ Մեկն ասել էր, չէ՞. «Մինչեւ Նիկոլին չտեսա, Հիսուսին չհավատացի»։ Ճիշտ էր ասել, որովհետեւ շատ մարդիկ մինչեւ սատանային չեն տեսնում, Հիսուսին չեն հավատում»,- պատասխանեց Զաքարյանը։
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում՝ շարժումը ե՞րբ կտեղափոխվի Երեւան։ «Ինչպես ես ասացի՝ քանի որ այս շարժումն Աստծո օրհնությամբ է, ուրեմն եկեք ես Աստծուց առաջ չընկնեմ, իմ կարծիքն ընդհանրապես կապ չունի, ես որոշում կայացնողը չեմ, որոշում կայացնողն Աստված է, եւ հույս ունենանք, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Ավելի ճիշտ՝ ես հավատում եմ, որ լինելու է, եւ ինչպես սրբազան Հայրն է ասում՝ սա ստի եւ ճշմարտության պայքար է, որ ճշմարտությունը վերջիվերջո ցանկացած հարցում հաղթող է դուրս գալիս, եւ այս անգամ առավել եւս հավատացած եմ, որ ճշմարտությունն ու ազնվությունն են հաղթելու, արդարությունն է հաղթելու»,- ասաց Զաքարյանը։