Հայրենիքը, ըստ Նիկոլ Փաշինյանի , ցնծության մեջ է։ Ահա թե ինչ է գրում իր ֆեյսբուքյան էջում․ «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։
Ի՞նչն է ապացույցը․ ոչ թե մարդկանց բարեկեցությունը, ոչ թե գյուղացու բերքահավաքը, ոչ էլ ուսանողի կրթաթոշակի ավելացումը։ Ապացույցն այն է, որ երեք համերգ է եղել։ Այո՛, երեք համերգ՝ համապատասխանաբար 22 հազար, 31 հազար ու 41 հազար հանդիսատեսով։ Երեք համերգ, երեք հաղթանակ։ Խաղաղության միակ ապացույցը՝ տոմսերի վաճառքն է։ Եթե այս թվերն իրոք ցույց են տալիս մեր իրականությունը, ստացվում է, որ Հայաստանը վերածվել է համերգային սրահի՝ դհոլի հարվածի տակ ծափահարող ժողովրդի հետ։ Մնացած մանրուքները՝ սահմանները, անվտանգությունը, աշխատատեղերը, ի չիք են։ Դրանք տասներորդական են։ Նիկոլը բեմում է, ժողովուրդը դահլիճում, պետությունը՝ կուլիսներում։ Դհոլը հնչում է բարձր, որ երկրի տնքացող ցավը չլսվի։
Փաշինյանը, փաստորեն, իր առաքելությունն ավարտված է համարում․ ժողովուրդը երջանիկ է, քանի որ թմբուկը բարձր է, երաժշտությունը՝ խլացուցիչ։ Իսկ եթե թշնամին հարցնի՝ ի՞նչ վիճակ է Հայաստանում, կպատասխանենք․
-Հա՛յրենիք, մի րոպե սպասիր, մեր սիրելի արտիստը դեռ բիս է կատարում։ Սարկազմը մի կողմ դնելով՝ ստացվում է, որ համերգին մասնակցող մի քանի տասնակ հազար մարդ հավասար է խաղաղության։ Միջազգային իրավունքի բոլոր դասագրքերը կարելի է փակել, բանակի ու անվտանգության բոլոր ծրագրերը կարելի է դադարեցնել։ Եթե վաղը նորից վտանգ առաջանա, լուծումն էլ պարզ է․ մեկ համերգ կազմակերպել, ու ամեն ինչ նորից կդառնա կյանքի ցնծություն։
Հայաստանի նոր բանաձևը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ․ «Ավելի շատ համերգ՝ ավելի շատ խաղաղություն»։ Ժողովուրդը բեմի առաջ է, թշնամին՝ ցանկապատի հետևում։ Իրական Հայաստանը բեմի վրա է, լույսերի տակ, դհոլի ցնծության մեջ։ Եթե առաջ խաղաղությունը կառուցվում էր բանակցություններով, հիմա կառուցվում է երգացանկով, համերգային դիվանագիտությամբ։ Կեցցեք։ Ու քանի դեռ դհոլը թնդում է, կարելի է հանգիստ ասել՝ Հայաստանը փրկված է՝ ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ու իր դհոլների։