Ուսումնական տարվան ընդառաջ, ավանդաբար, ՀՀ մարզերում եւ Երեւանում տեղի են ունենում օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Օգոստոսյան խորհրդակցություններն այս տարի մեկնարկել են օգոստոսի 19-ին՝ Տավուշի մարզից: Հաջորդաբար խորհրդակցություններ են անցկացվել Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, օգոստոսյան վերջին խորհրդակցությունը նախատեսված է օգոստոսի 30-ին` Երեւանում:
Խորհրդակցությունների նպատակն է՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցություններին ներկա է եղել նաեւ ԿԶՆԱԿ տնօրեն Արտաշես Թորոսյանը, ով մեզ հետ զրույցում մատնանշեց մի շարք խնդիրներ, որ արձանագրել են մարզային այդ այցերի ու հանդիպումների ժամանակ:
Ըստ նրա՝ երբ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը սկսել են իրականացնել Տավուշի մարզում, առաջին տարին էականորեն ավելի դժվար է եղել, քան հանրապետության մյուս դպրոցներում. «Եվ դա հասկանալի է, թե ինչու․ որովհետեւ Տավուշը, այդ թվում` մենք, սկսեցինք զրոյից, եւ կային շատ դժվարություններ՝ պատերազմ, քովիդ։ Հիմա այդ ամբողջ փորձը, որ վերջին 2 տարվա ընթացքում կուտակվեց, դպրոցներն արդեն ծանոթ էին, որոշ բաներ վերցրել-կիրառել էին, եւ հիմա իրենք այդ ամենին պատրաստ էին։ Բացի այդ, Տավուշի օրինակով մենք գիտենք այն միտումները, որոնք ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու, դրան հետեւում ենք, ու այն սխալները, որ ընթացքում ուսուցիչները կատարում էին, փորձում էինք հենց այդ պահին օգնել դպրոցներին։ Արդեն 2-րդ տարում Տավուշում մեզ ասացին, որ, այ, մենք նոր հասկացանք, թե դուք մեզնից ինչ էիք ուզում, ինչ էիք այդ սեմինարների ընթացքում բացատրում»:
Թորոսյանի դիտարկմամբ՝ մենք ունենք դպրոցների որոշակի խումբ, որտեղ դպրոցի ղեկավարումը շարունակվում է ավտորիտար ճանապարհով. «Դպրոցի տնօրենը որոշում է՝ ուսպլանով ինչ առարկաներ են լինելու, որ առարկային` ինչքան ժամ, այդպես պետք է լինի, ու վերջ։ Ու առաջանում են որոշակի կոնֆլիկտներ, որոնք անպակաս են մեր համակարգում, բայց հիմա կոնֆլիկտի մասին չեմ ուզում նշել, այլ ուզում եմ, որ խոսենք հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան ուսպլան սարքելու մասին։ Քանի որ նրանք շարունակում են ունենալ մի հատ ստանդարտ պլան, որտեղ ասվում է, որ այս առարկային տրված է այսքան ժամ, ու պարապում են՝ առանց որոշակի բաներ հաշվի առնելու։ Չափորոշչի ամենակարեւոր հատվածը սկիզբն է, որտեղ նշված է 8 կարողունակությունների մասին, ու յուրաքանչյուր կարողունակություն հստակ նկարագրում է, թե դպրոցն ավարտելուց հետո ինչպիսի մարդ ենք ուզում մտնի կյանք, շարունակի իր կրթությունը, այն է՝ լինի գրագետ, մայրենի, օտար լեզուներն իմացող, որ մասնագիտական ոլորտում կարողանա օգտագործել այդ լեզուն, իր կարիքները հոգալ եւ այլն»։
Ուսուցիչները դրա վրա շեշտադրում չե՞ն անում։ «Հիմա ես որպեսզի կարողանամ, որպես ուսուցիչ, դասի ընթացքում այդ կարողունակությունները զարգացնել երեխաների մոտ, գոնե իմ յուրաքանչյուր դասի 10 րոպեն պետք է ծախսեմ նման կարողունակություններ ձեւավորելու վրա, օրինակ՝ խմբային, հետազոտական աշխատանք, դերային խաղեր եւ այլն, որի ընթացքում երեխայի մոտ այդ հմտությունները կզարգանան՝ ժամանակի կառավարում, համագործակցություն, հաղորդակցություն, կոնֆլիկտների կառավարում, քննադատական, ստեղծագործական մտածողություն․ սրանք բոլորը միասին են զարգանում այդ աշխատանքի ընթացքում։ Բայց եթե դպրոցն ուսպլանը մեխանիկորեն է կազմում, սրա վրա ուշադրություն չի դարձնում, առաջինը՝ նախ, ժամանակ չի տրամադրում այդ աշխատանքն անելուն, եւ եթե նույնիսկ ուսուցիչն ուզի այդ աշխատանքն անել, չունի դրա ժամանակը, որովհետեւ դպրոցում ուսպլանն արդեն կազմված է սխալ»։
Հաջորդ խնդիրը, որ մատնանշում է ԿԶՆԱԿ տնօրենը, վերաբերում է ուսպլանին եւ դասաժամերի բաշխմանը. «2-րդ շատ լուրջ խնդիրն այն է, որ ուսպլանը կազմելով՝ տնօրենները փորձում են ժամերով ապահովել ուսուցիչներին, ոչ թե հարմար ուսումնական պլան կազմել երեխաների համար։ Օրինակ, ասում են՝ կարելի՞ է, որ նկարչությունը պարապի ոչ թե նկարչության մասնագետը, այլ՝ դասվարը, որովհետեւ դասվարը քիչ ժամ ունի։ Ու այն դիտարկմանը` չէ՞ որ դասվարը շատ ավելի վատ կսովորեցնի երեխաներին նկարչություն, քան նկարչության մասնագետը, իրենք էլի պնդում են, որ դասվարը ժամ չունի, ու էդպես՝ մի շարք առարկաների դեպքում․ տեխնոլոգիան թող դասվարը պարապի, երաժշտությունը թող դասվարը պարապի...։ Այսինքն՝ իրենք լուծում են մարդկանց աշխատատեղով ապահովելու խնդիրը, բայց մեր հիմնական խնդիրն էլ մեր երեխաներն են, որոնց համար մաքսիմալ լավ պայմաններ պետք է ստեղծենք, որ լավ սովորեն»։
Մասնագետների բացը լրացնելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ «Ամբողջ խնդիրն այն է, որ կան դպրոցներ, որտեղ այդ մասնագետները կան, սակայն նրանք չեն ուզում այդ ժամերը նրանց տրամադրել, բայց, մյուս կողմից էլ, մեր ամբողջ համակարգը որոշակի մասնագիտական կրիզիսի մեջ է, սկսած տնօրեններից, որ չեն կարողանում զարգացման ծրագիրը գրել, ու այդ զարգացման ծրագրերը տարբեր թերությունների պատճառով անընդհատ մերժվում են, վերջացրած առարկայական մասնագետներով, ովքեր, նախ, քիչ են, հատկապես՝ որակյալ մասնագետները, եւ երկրորդ` աշխատավարձը պատճառաբանելով՝ չեն ցանկանում մտնել հանրակրթության համակարգ: Բայց նախարարությունը ստեղծել է պայմաններ, որ իրենք կամավոր եւ ընթացիկ մյուս ատեստավորման միջոցով այդ խնդիրը հաղթահարեն եւ կրկնապատկեն իրենց աշխատավարձը: Եվ հիմա մենք կոչ ենք անում, սեմինարների ընթացքում ուղղորդում ենք դպրոցի տնօրեններին, որպեսզի իրենք կազմակերպեն դպրոցում այդ կրկնության գործընթացը, որովհետեւ սովորաբար ուսուցիչներն ինքնուրույն դժվարանում են առարկայի ամբողջ կուրսը կրկնել, որովհետեւ ընտանեկան խնդիրներ ունեն, քանի որ ուսուցիչների զգալի մասը կանայք են ու դրա համար դժվարանում են ժամանակ տրամադրել»,- ասում է Ա. Թորոսյանն ու ընդգծում, որ Գեղարքունիքում օգոստոսյան խորհրդակցության ժամանակ դպրոցի տնօրեններից մեկն այսպիսի մի հարց է բարձրացրել. «Ես ամեն դասարանում (1-9-ում) ունեմ մի աշակերտ, բայց ուսուցիչ չունեմ, ո՞նց կազմակերպեմ ուսումնական պրոցեսը.... սա շատ էական խնդիր է, որովհետեւ այդ նույն դպրոցից մի փոքր հեռու` 1-2 կմ հեռավորության վրա, կա ուրիշ դպրոց, որտեղ երեխաները կարող են բոլոր առարկաներից ունենալ ուսուցիչներ եւ լուծել սոցիալիզացիայի խնդիրը, բայց դե՝ գիտեք, թե ինչքան ցավագին են ընդունում համայնքները, եթե իրենց մոտ հանկարծ դպրոց փակվի, այս առումով անելանելի վիճակ է առաջանում»: