Հարցազրույց

«Հրապարակ». Առայսօր 2 կետից են իշխանություններին աջակցություն հայտնել՝ ԵՄ-ից եւ Ադրբեջանից

«Հրապարակ». Առայսօր 2 կետից են իշխանություններին աջակցություն հայտնել՝ ԵՄ-ից եւ Ադրբեջանից

Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր համագործակցության փաստաթուղթ է ստորագրել, որի առանցքային կետերից մեկն այն է, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրո է հատկացնելու ՀՀ-ին, հիմնականում՝ հակառուսական քարոզչության համար։ Միրզոյանը նախ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը հայտարարել է, թե Ռուսաստանն ու իր արբանյակները, ԱԺ ընտրություններին ընդառաջ, Հայաստանում ապատեղեկատվական արշավ են իրականացնում, եւ այդ մարտահրավերը հաղթահարելու համար 15 միլիոն եվրո է տրամադրվելու։ «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ նշելով, որ այդ գումարն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։

Արեւմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը եւ փորձելով ընտրական մանիպուլյացիաներով ամրագրել Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ: ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն է Մոլդովայում։ Երեկ նա տեղեկացրեց, որ Մոլդովայի խորհրդարանում արդյունավետ քննարկում է ունեցել փոխնախագահ Դոյնա Գերմանի հետ։ «Քննարկեցինք հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»։

Ասում են նաեւ, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը եւս, թե էթիկայի կանոնագիրք են ընդունել եւ որոշել են, որ այլեւս չեն հայհոյելու,  Եվրամիության պահանջից է բխում: ԵՄ տարբեր շրջանակներում շատ վատ են վերաբերվել Փաշինյանի` «դոմփելու», իր սեռական օրգանը ցուցադրելու մասին գրառումներին, որոնք մեծ տարածում են գտել միջազգային մամուլում: Եվ ԵՄ-ից նրան խիստ նկատողություն են հայտնել ու զգուշացրել, որ բարեվարքության տարրական կողմը պետք է պահի: Բայց կարող է ռեալ գործողություններով պայքարել ընդդիմադիրների դեմ, դրան չեն խանգարի։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

- Ի՞նչ նախադեպ է սա, ի՞նչ է նշանակում՝ պայքարել կեղծիքի դեմ, այն դեպքում, երբ մեզանում ամենաշատ կեղծիք տարածողն իշխանությունն է՝ իր սունկ կայքերով եւ հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ով: ԵՄ-ն այս քայլով, փաստորեն, իր բացահայտ աջակցությունն է հայտնում Փաշինյանին, այնպես, ինչպես Կայա Կալլասի դեպքում եղավ:

- Որքանով ես տեղյակ եմ եղել, կոնկրետ ՌԴ-ի անուն չեն հնչեցրել, սակայն, իհարկե, ԵՄ-ն այս քայլով բացահայտ աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, ինչը ես համարում եմ խիստ անթույլատրելի: Այն բացահայտ ու անմիջական ազդեցություն է Հայաստանի ներքին հարցերին, ինչը չի կարող լինել ընդունելի: Ես կխնդրեի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ առայսօր միայն երկու կետից է, որ Հայաստանի իշխանություններին աջակցություն են հայտնել՝ ԵՄ-ից եւ Ադրբեջանից: Նշվել է, որ Հայաստանի գործող իշխանություններին տալիս են նախընտրական առավելություն: Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա, այո, Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս Մոլդովայի օրինակով արգելել այն կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին, որոնք, իրենց բնորոշմամբ՝ ազդեցության գործակալներ են, ենթադրաբար՝ ՌԴ-ից: Հանդես գալով որպես դեմոկրատիայի աջակից եւ դրոշակակիր՝ Եվրոպան, այնուամենայնիվ, աջակցություն է հայտնում մի իշխանության, որը եթե այս ընտրություններն էլ հաղթի, կնշանակի, որ Փաշինյանը Հայաստանում իշխանության է 13 տարի: Այն դեպքում, երբ արեւմտյան քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկրներում ընդունված չէ երկու ժամկետից ավելի պաշտոնավարել: Ավելին՝ ընդունված է համարել, որ եթե ինչ-որ մի ուժ երկու ժամկետից ավելի պաշտոնավարում է, ուրեմն այն ավտորիտար համակարգ է: Փաստացի, ԵՄ-ն աջակցում է մի ուժի, որի շնորհիվ մենք առաջին անգամ ունենալու ենք մի դեպք, երբ պետության փաստացի ղեկավարն իշխանավարում է տասը տարուց ավելի: 

- 15 միլիոնը, որ տրամադրում են կեղծիքի դեմ պայքարում, ինչի՞ վրա են ծախսելու, Ձեր կարծիքով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության չափ կեղծիք տարածող չկա:

- Իշխանությունը քարոզչական լուրջ ռեսուրսներ է ծախսում, այդ թվում՝ պետական: Ֆեյքեր են պահում՝ ահռելի թվերով, եւ, իրենց ասելով՝ ազդեցության գործակալների դեմ են պայքարում: Այդ ամենն արվել է մեր հարկերի հաշվին, սակայն այժմ օգնության է եկել ԵՄ-ն, որին նույնպես այդ քարոզչությունը ձեռնտու է: Նրանց՝ բոլորի հիմնական խնդիրը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է: Հետեւաբար, պետք է վճարեն այդ փոքրիկ գումարը: Նման մեծ ծրագրի համար այն փոքրիկ գումար է․ ֆեյքեր, ֆեյքերի ՊՈԱԿ-ներ, սունկ կայքեր եւ այլն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image