Ավելի քան երկու ամիս առաջ առանց որևէ հստակ բացատրության Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից հեռացած ՔՊ-ական Դիանա Գասպարյանին եւ նրա սկեսուրին մեղադրանք է առաջադրվել, նրանք հարցաքննվել են, խափանման միջոց է ընտրվել բացկայելու արգելքը։ Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն ոչինչ մեկնաբանում այս գործի հետ կապված։
Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»֊ին միայն փոխանցեցին. «Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը),46-441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետով, 296֊րդ հոդվածի 3֊րդ մասի 2֊րդ եւ 3֊րդ կետերով (Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։
Հրապարակ֊ի տեղեկություններով` բացի նախկին քաղաքապետից ու նրա սկեսուրից, գործում մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 2 անձ, նրա մեջ է նաեւ Գասպարյանի սկեսրայրի ազգականը։
Հիշեցնենք, որ նախկին համայնքապետի և նրա ընտանիքի շուրջ աղմկահարույց պատմությունների պակաս չկա։ Դեռևս 2023-ի դեկտեմբերին «Հետք»-ը բացահայտել էր, որ Գասպարյանի սկեսուրը Էջմիածնում ապօրինի շինարարություն էր սկսել։ Մասնավորապես, Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում. Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը հողը գնել էր Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդից, ապա օտարել Վաղարշապատի քաղաքապետի սկեսրոջը պատկանող «Նարե պլյուս» ընկերությանը։ Այս բացահայտումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց։ Շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունը փորձել են կոծկել։