Քաղաքականություն

Ադրբեջանա-ֆրանսիական «կռիվ-կռիվն» ու «մահաբեր զենքը»

Ադրբեջանա-ֆրանսիական «կռիվ-կռիվն» ու «մահաբեր զենքը»

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում հրադադարի խախտումներով:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մասնավորապես ասել է․ «Խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնման դեպքում , կարծում եմ, հնարավոր կլինի դիտարկել և զսպել լարվածությունը: Խաղաղության պայմանագիրը պետք է հիմա ստորագրվի, քանի որ բոլոր կետերի շուրջ համաձայնության են հասել, իսկ Բաքվում անազատության մեջ պահվող գերիները պետք է ազատ արձակվեն»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այս հայտարարությանը երկար սպասեցնել չի տվել Բաքվի արձագանքը: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ  Այան Հաջիզադեն X հարթակի իր էջում գրել է, որ ֆրանսիացի նախարարի արտահայտած այդ դիրքորոշումը ուղիղ հակասում է Ադրբեջանի հանդեպ Ֆրանսիայի վաղեմի հակաադրբեջանական կեցվածքին, իսկ Հայաստանին «մահացու» զենքերի վաճառքը միայն նպաստում է լարվածության աճին:

Հաջիզադեն այնքան է ոգևորվել, որ զրահամեքենաներ Բաստիոնը խառնել է մահացու զենքի հետ, ու այդ ոգևորությունից մոռացել է նաև մի կարևոր հանգամանքը՝ Ֆրանսիան այնքան հակաադրբեջանական է, որքան Թուրքիան կամ օրինակ Պակիստանը՝ պրոհայկական:

Խոսենք կոնկրետ փաստերով՝ Ադրբեջանի Կենտրոնական Բանկի տվյալներով միայն 2025  թվականին Ֆրանսիայի կողմից Ադրբեջանում արված ուղիղ ներդրումներն աճել են 25 անգամ նախորդ տարվա համեմատ:
Եվ այսպես, 2024 թվականին Ֆրանսիայի ուղիղ արտաքին ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել են 121.91 միլիոն դոլար, ինչը 25 անգամ ավելին է նախորդ տարվա համեմատ: Եվ համադրելով արդյունքները, ստացվում է, որ ֆրանսիական ներդրումներն ապահովել են Ադրբեջանի ընդհանուր ուղիղ արտաքին ներդրումների 1.7%-ը։

Ահա այսպիսի  վաղեմի հակաադրբեջանական  կեցվածք ունի Ֆրանսիան, ինչպես ասում են:
Հաջիզադեն ևս մեկ անգամ շեշտել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որի բովանդակության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներն են ամրագրված, ու սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որի Սահմանադրությամբ ամրագրված են օկուպացիոն նկրտումներ սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Հիշեցնենք, որ մերօրյա Ադրբեջանն իրեն չի ճանաչում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918 թվականին արհեստականորեն ձևավորված մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի «տարածք»:

Ֆրանսիայի նախարարի կողմից բարձրաձայնված գերիների մասով էլ մարդկության դեմ հանցագործություններ ու ցեղասպանություն իրագործած ռեժիմի ներկայացուցիչն արձագանքել է, որ «մարդկության դեմ հանցագործություն կիրառած ռազմական հանցագործները» պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Արդարության տեսանկյունից անշուշտ անարդար է, սակայն ռեալ պոլիտիկը հենց դա է ենթադրում:
Ալիևը հստակ հայտարարեց, որ հակամարտությունը համարվում է լուծված միայն մեկ պարագայում, երբ կողմերից մեկը ենթարկվում է անվերապահ կապիտուլյացիայի, որին էլ սահուն Հայաստանը տանում են ՀՀ ներկա իշխանությունները, ովքեր պատերազմի վախով սնելով ժողովրդին` քար առ քար թուլացնում են Հայաստանի պետականությունը: Եվ հետևաբար շատ բնական է, որ Ֆրանսիան տարածաշրջանում սեփական շահերը առաջ տանելու համար անընդհատ բարձրացնում է ոչինչ չանող եվրադիտորդների ընդլայնման հարցը, որն ավելի է սրելու ՀՀ-Իրան փոխհարաբերությունները, իսկ Ադրբեջանը իր երգն է երգում՝ Ֆրանսիայի հետ քաղաքական առևտրի բռնվելով, որտեղ միակ գին վճարողը Հայաստանն է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image