Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին, այդ թվում` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող:
Հայաստանի կույրերի միավորումը ստեղծվել է 1930-ին եւ հենց ստեղծման առաջին ամիսներից սկսել է իր տնտեսական գործունեությունը: Այսօր արդեն միավորումն ունի 52 միավոր անշարժ գույք, որը բացառապես ստեղծվել է չտեսնող մարդկանց աշխատանքի արդյունքում։
«Անհեթեթ բաներ են ասում, որ դուք Սովետական Հայաստանի կույրերի միավորման իրավահաջորդը չեք․․․ բայց մենք հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել բոլոր փաստաթղթերը։ Մենք միայն Երեւան քաղաքում կառուցել ենք 21 բազմաբնակարան շենք, մի այդքան էլ՝ շրջաններում․ Սեւանում, Աշտարակում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում, Գյումրիում..., այսինքն` այդքանը որ միավորենք, կլինի միջին չափի մի քաղաք: Եթե կույրերի միավորումը չստեղծեր դա, հիմա հազարավոր մարդիկ անտուն կլինեին: Բացի այն ունեցվածքից, որ այսօր ունենք մենք, պետության համար ստեղծել ենք բազմաթիվ հաստատություններ. Մալայանի անվան աչքի հիվանդանոցը Հայաստանի կույրերի միավորումն է ստեղծել եւ նվիրել պետությանը, 8-րդ հիվանդանոցի աչքի բաժանմունքի մասնաշենքը ստեղծվել է մեր միջոցներով, նաեւ՝ երեխաների համար դպրոցի շենք ենք կառուցել ու նվիրել նախարարությանը, Սեւանի քաղաքային մշակույթի տունը, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի մի մասնաշենքն էլի մենք ենք կառուցել, իսկ հիմա ասում են` «սեփականություն» բառը հանենք եւ տեղը գրենք` «հատկացնել, հանձնել»...: Այդ մենք ենք մեր ունեցվածքին հավասար նաեւ ձեզ հանձնել ու հատկացրել գույքեր: Գործընթացներ են գնում, որից մենք տեղյակ չենք ու պատահական ենք իմացել, որ այսպիսի պրոցես է գնում: 4 անգամ տարբեր հասցեների համար դիմել ենք կադաստր` միասնական տեղեկանք ստանալու համար, բայց չեն հատկացրել...»,- ասում է Հայաստանի կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն ու մեզ հետ զրույցում ընդգծում, որ կույրերի միավորումը կադաստրին դատի է տվել՝ իրենց իսկ գույքերի մասին տեղեկանքներ չտրամադրելու համար, ըստ այդմ պահանջել են՝ պարտավորեցնել միասնական տեղեկանք տալու։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը, սակայն որոշում է կայացրել՝ առաջին նիստը հրավիրել 2025-ի ապրիլ ամսին։ Ըստ էության, կադաստրի հետ կապված գործը սրանով է մտել փակուղի։
Սեպտեմբերի վերջին ԱԺ-ում ստեղծագործական միությունների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ՀԿ-ների ղեկավարները հանդիպել էին օրինագծի հեղինակ պատգամավորների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հետ ու քննարկել օրինագծին ու դրան առնչվող մի շարք հարցեր։ Սակայն այդ քննարկումներն էլ, մեծ հաշվով, ոչինչ չեն տվել հարվածի տակ գտնվող ստեղծագործական միություններին ու հաշմանդամություն ունեցող ՀԿ-ներին։ Այդ հանդիպումից հետո կույրերի միավորումը նախագահության նիստ է հրավիրել ու որոշում կայացրել, որն ուղարկվել է ԱԺ նախագահին, ինչպես նաեւ՝ 3 խմբակցությունների նախագահներին։
Նախագահության անդամները նիստի արդյունքում միաձայն որոշել են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի կույրերի միավորման՝ տեսողությունից հաշմանդամություն ունեցող 1300 անդամների արդարացի ու շարունակական բողոքները, դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ խնդրել՝ «կանխելու Հայաստանի կույրերի միավորում հաշմանդամների ՀԿ-ի սեփական միջոցներով կառուցված եւ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը սեփականատիրոջ իրավունքից զրկելու վերաբերյալ շրջանառվող նախաձեռնությունը եւ թույլ չտալ, որ այն ստանա օրենքի ուժ, այլապես անշարժ գույքի օգտագործման ուրիշ որեւէ տարբերակ գործնական կիրառման հեռանկար չունի»։ Նիստի արդյունքում միաձայն ընդունված այս որոշումը հոկտեմբերի 12-ին ուղարկվել է ԱԺ, բայց՝ ոչ մի պատասխան․ «Նաեւ ուղարկել ենք մեր խնդրանքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, դարձյալ՝ անպատասխան, վերջին տեղը, որ ուղարկել ենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է»։
Զրուցակիցս ասում է՝ նամակները բոլոր գերատեսչություններին ուղարկել են թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով, բայց գրեթե ոչ մի տեղից արձագանք չի եղել՝ գոնե «ձեր նամակը ստացել ենք» պատասխանի տեսքով։ «Դիմել ենք նաեւ դատախազություն, մասնավորապես՝ Սոնա Հովսեփյանին, որն այդ գործով զբաղվում է, եւ ասել ենք, որ մեր շենք-շինությունները բացառապես կույրերի միավորման միջոցներով են կառուցված, մեզ պատասխանել են շատ անորոշ, որ ձեր՝ կույրերի միավորման գույքի հարցը չի ուսումնասիրվում դատախազությունում, այսինքն, ոչ թե «դեռ», այլ չի ուսումնասիրվում, այլ կերպ ասած՝ եւս մեկ անորոշ պատասխան»,- նկատում է Խաչատրյանը։
Հատկանշական է, որ միությունների ու միավորումների՝ վարչապետին ուղղված նամակը եւս անարձագանք է մնացել․ «Սա կարելի է մեկնաբանել մի ձեւով, որ մենք ենք որոշում, դուք հարց լուծող չեք եւ ընդամենը պետք է ենթարկվեք։ Այդքան դմումներին միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից են արձագանքել, որ ստացել ենք ձեր նամակը»։
Առաջին մտահոգությունը, ըստ միավորման նախագահի, սեփականության իրավունքից զրկվելու վախն է, որովհետեւ, եթե դա լինի, ապա․ «Միավորման 1300 անդամներ որտե՞ղ եւ ի՞նչ շենքերում են իրենց գործունեությունը կազմակերպելու ու իրենց ապրուստը վաստակելու։ Մեզ նաեւ հավաստիացնում են, որ սեփականազրկումից հետո իբր այդ շենքերը մենք էլի կօգտագործենք այնպես, ինչպես նախկինում օգտագործել ենք, բայց մենք հո լա՞վ գիտենք, դա ոնց է լինում, այսինքն՝ որեւէ պատճառաբանությամբ, աստիճանաբար կզրկվենք մեր ունեցվածքից»։ Դա ծուղակ է եւ ոչ մեկին հավատ չի ներշնչում՝ նկատում է Ռ․ Խաչատրյանը։