Հասարակություն

«Հրապարակ». Մեկ մահակ` երկուսի գլխին

«Հրապարակ». Մեկ մահակ` երկուսի գլխին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում տեղի ունեցած Աղազարյան-Քյարամյան բանավեճի հետքերով Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հաղորդել է դատախազությունը՝ նշելով ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը»։ Մեզ հայտնի դարձավ, որ վարույթը հարուցվել է փաստաբան Հակոբ Ճարոյանի դիմումի հիման վրա, եւ հարուցված վարույթի շրջանակում դեռ մեղադրանք չկա, սակայն եթե ներկայացվի, ապա հարցն այն է, թե ում կներկայացվի՝ Աղազարյանի՞ն, թե՞ Քյարամյանին։

«2024 թվականի հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել են Հակոբ Ճարոյանի դիմումը եւ կից նյութերը, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քննվող քրեական վարույթով երկու անգամ դիմել են իրեն՝ քրեական վարույթով անցնող ավտոմեքենաները վերադարձնելու նպատակով»,- ասված է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունում։ «Եթե Արգիշտի Քյարամյանին դիմել են Հովիկ Աղազարյանի անունից, ապա դիմողն արդեն կատարել է հանցագործություն։ Իսկ Արգիշտի Քյարամյանի մեղքն այն է, որ նա նախ թաքցրել է իրեն դիմելու փաստը եւ, երկրորդ՝ դրան ընթացք չի տվել»,- ասում է Հակոբ Ճարոյանը։ 

Հիշեցնենք, որ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, մեղադրվում է ավտոմեքենաների ներկրման հետ կապված չարաշահումների համար, եւ ավտոմեքենաները, որոնք անցնում են այս վարույթով, ներկայում առգրավված են։ Հակոբ Ճարոյանը կարծում է, որ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից հնչեցված «դիմել են»-ը կարող է նշանակել, որ Քյարամյանին խնդրել են՝ քրեական վարույթի նախաքննությունն իրականացնել հօգուտ Հովիկ Աղազարյանի որդու, ասենք՝ կարճել գործը, կամ որ Արգիշտի Քյարամյանին հանձնարարել կամ սպառնացել են՝ քրեական վարույթի նախաքննությունն իրականացնել հօգուտ Հովիկ Աղազարյանի որդու, կամ էլ կաշառք են նրան առաջարկել` քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց։

«ԱԺ բանավեճից պարզվում է, որ Հայաստանում չկա որեւէ մեկը, որը կարող է Արգիշտի Քյարամյանին հանձնարարել կամ սպառնալ, իսկ սա նշանակում է, որ նա բոլոր անձանց հետ կապված, որոնք կարող էին իրեն հանձնարարություն տալ, ունի կոմպրոմատներ, եւ վախենալով կոմպրոմատների հրապարակումից, նրանք չեն կարող իրեն ոչինչ հանձնարարել։ Իսկ սա նշանակում է իր հերթին, որ եթե ՔԿ նախագահն իրականությունն է հայտնել, ապա այստեղ կարող է լինել պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործում կամ կաշառքի միջնորդություն, իսկ եթե ոչ` եթե նա իրականությունը չի հայտնել, ապա կատարել է սուտ մատնություն»,- ասում է փաստաբանը։ 

Հակոբ Ճարոյանը վերջին մի քանի տարիներին բազմաթիվ հաղորդումներ է տվել քննիչների, դատախազների դեմ, բայց վարույթների հարուցումը տարբեր պատճառաբանություններով մերժվել է։ Այս անգամ չմերժվեց։ Ակնհայտ է, որ իշխանությանն ինչ-ինչ պատճառներով պետք է այս վարույթը, որն առանց վարչապետի համաձայնության չէր հարուցվի։ Այն պետք է՝ Քյարամյանին իր լիազորությունների սահմաններում պահելու համար, որ նա հանկարծ իրեն ամենակարող չզգա, իսկ այդ զգացողությունից, դատելով ԱԺ վերջին ելույթից, հինգ է պակաս։ Ցանկացած ժամանակ Քյարամյանի գործունեությունը կարող են կասեցնել` այն հիմքով, որ նա ազդեցություն ունի նախաքննության վրա։ Այն բոլոր գործերը, որոնք Աղազարյանին են վերաբերում ու գտնվում են նրա ենթակայության վարույթներում, կանցնեն հակակոռուպցիոնի վարույթ։ Դե, Հովիկ Աղազարյանն էլ հայտնի է իր անկանխատեսելի բնավորությամբ, եւ նրա գլխին մահակ պահելը՝ քրեական մեղադրանքի տեսքով, ավելորդ չի լինի։ 

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդուն առնչվող քրեական գործն արդեն 2 տարի քնած է ՔԿ դարակներում։ Վահե Աղազարյանն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայտնի չէ անգամ պետությանը հասցված վնասի չափը։ Եթե վերանանք Քննչական կոմիտեի մշուշոտ, բարդ ձեւակերպումներից, ապա գործի էությունն այն է, որ օրենքով եթե ավտոմեքենա ներկրողը ֆիզիկական անձ է,  ապա նրա վճարած ԱԱՀ-ն` ավելացված արժեքի հարկը, հետ չեն վերադարձնում, իսկ եթե իրավաբանական անձ է, ապա հետ են տալիս, եւ, օգտվելով այս դրույթից, ընկերությունները, պայմանավորվելով ֆիզիկական անձանց հետ, ներկրել են նրանց ավտոմեքենաները եւ պետությունից գումարներ են հետ ստացել։ Այնպես որ, մեծ հարցական է՝ արդյոք սա կոռուպցիո՞ն հանցանք է, թե՞ մարդիկ օգտվել են օրենքի անկատարությունից։ 

Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 28-ին՝ ՔՊ-ի փակ նիստում խոսել են Հակակոռուպցիոն կոմիտեի այս վարույթի մասին։ Հովիկ Աղազարյանն այդ նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ ինքը դիմել է Քյարամյանին՝ իր որդու հետ կապված, ապա պատրաստ է վայր դնել մանդատը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image