Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի, այն մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Օհանյանին, նիստի օրը դեռ նշանակված չէ։
Հիշեցնենք, որ Նատալյա Ստեփանյանը մասնակցել էր տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին, սակայն մրցույթի երկրորդ փուլում՝ հարցազրույցից կտրվել էր եւ այդ որոշումն է բողոքարկել դատական կարգով։ Որպես պահանջ իր հայցադիմումում դպրոցի նախկին տնօրենը դատարանին պահանջել է․ «Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքները պատասխանողներին փոխել պարտավորեցնելու՝ ճանաչելով հայցվորին մրցույթի հաղթող հավակնորդ և Երևանի քաղաքապետարանին Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակել պարտավորեցնելու մասին»։
Նատալյա Ստեփանյանը որեւէ մեկնաբանություն մեզ չտվեց իր հայցի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցչական կոլեկտիվը նախորդ ամիս դասադուլ էին իրականացնում։ Նրանք պահանջում էին չեղարկել դպրոցի տնօրեն Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը եւ հրապարակել հարցազրույցի տեսագրությունը, ինչը տեղի չունեցավ։ Դպրոցում դասապրոցեսն այժմ վերականգնված է։ Տնօրենը փորձում է դատական կարգով վերականգնել իր իրավունքները։