Քաղաքականություն

Չլեգիտիմի օրը կտրվի

Չլեգիտիմի օրը կտրվի

Վարչապետի մուտքը Եռաբլուր արգելելը քաղաքական ակցիա է, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը՝ շանտղություն: Ոստիկանապետի բառով ասեմ՝ լակոտություն: 
Երեկ թերթերը գրեցին, որ վարչապետի անմիջական հրահանգով է, որ կաթողիկոսին փորձել են խոչընդոտել՝ աղոթել եւ ծաղիկ խոնարհել Սարդարապատում: Տեղի ունեցածի մասին իմ կարծիքը, սակայն, դրանից չի փոխվում: Ով ուզում է՝ հրահանգած լինի, այն, ինչ տեղի ունեցավ, շանտղություն էր, այսինքն՝ լակոտություն:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ տարբերություն կա քաղաքական ակցիայի եւ լակոտության միջեւ: Վարչապետը քաղաքական պաշտոն է, եւ այդ պաշտոնն ստանձնած անձի դեմ բողոքի ցանկացած ստերիլ գործողություն քաղաքական ակցիա է: Սիգնալ տալ, սյունյաց ողջույններ հղել, լոլիկ նետել, հավկիթ… Լեհաստանում, օրինակ, մի քաղաքացի ընթացքի պահին ճայթուկ էր նետել երկրի նախագահի ավտոմեքենայի տակ: Ոժեղ գմփոց է լսվել, բոլորը խառնվել են իրար, քաղաքացուն բռնել են: Եթե դեպքը Հայաստանում լիներ, այդ քաղաքացուն իսկույն բերման կենթարկեին, 72 ժամում կալանքը կտային ու մի քանի տարով կկոխեին, կգնար: Բայց ժողովրդավարության բաստիոն Լեհաստանն ուր, Ճղճղ Նիկոլի Հայաստանն ուր… Լեհաստանում հետաքրքրվել են՝ ալկոհոլի ազդեցության տակ չէ՞, արդյոք, քաղաքացին: Ու երբ պարզել են, որ նա խմած է, նախ տեղափոխել են սթափարան (վիտրեզվիծել):

Օյաղանալուց հետո սկսել են հարցաքննել, թե ինչու է պայթուցիկ նետել նախագահի ավտոմեքենայի տակ: Իսկ քաղաքացին պատասխանել է, որ ընդամենը ցանկացել է թռչուններին վախեցնել, որ ցանած սերմը չուտեն: Քաղաքացուն բաց են թողել: Զգացի՞ք տարբերությունը: Մեզ մոտ էդ խեղճ քաղաքացու կաշին տիկ կհանեին: Կասեին՝ էդ ո՞ւմ վրա ես իսկանդեր քաշում, արա: Դե գնա ու ապացուցիր, որ ուզեցել ես լոր խփել: Մի հիմար հոդվածով կդատեին մարդուն, թերթերն էլ կասեին՝ քաղաքական հետապնդում է: Վերջ:

Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում մի վիճակ էր, որ ժողովուրդը քաղաքական ակցիա էր իրականացնում, իսկ ոստիկանությունը չգիտեր ինչ անել: Ակցիայի պահանջը հստակ էր՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց ահա ոստիկանությունը ոչ մի քաղաքական պահանջ չուներ: Մի գլուխ կրկնում էին՝ ճանապարհը բացեք, ճանապարհը բացեք: Փորձեցին հրմշտոց գցել, բայց դա էլ չանցավ, որովհետեւ սրբազանը միանգամից պատասխանատվությունը դրեց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլի եւ ոստիկանության վրա: Երեւաց, որ Սարդարապատի դեպքերի հիշողությունը դեռ թարմ է օրենքի պահապանների շրջանում: Կաթողիկոսի այցից մի այնպիսի էշի հարսանիք չսարքեցին, որ շուտ մոռացվի: Նիկոլը ճարպիկ է, սկսեց այսպես արդարանալ, այնպես արդարանալ, արարողակարգ, բան… Ու կրակի մեջ ոստիկանները մնացին: Այսօր նրանց են մեղադրում կաթողիկոսի ճանապարհը փակելու մեջ: Ինչքան ուզում են, թող ասեն՝ «վերեւից» էր հրամանը: Կաթողիկոսից վերեւը ո՞րն է, այ «հընգեր» ոստիկան: Նրանից վերեւ մեկ էլ Աստված է: Բա դուք ուղեղ չունե՞ք, որ եկել, կանգնել եք կաթողիկոսի դեմ: Ախր ձեր շեֆի բառով՝ դա լակոտություն է:

Այն, ինչ իմ դեմ է, վատ է: Սա է վարչապետի աթոռն զբաղեցնող երեւույթի ողջ խոհափիլիսոփայությունը: 44 օր շարունակ հիմար-հիմար ճղճղաց, 10 հազար տղու գլուխ կերավ, կապիտուլյացիա ստորագրեց՝ լավ էր, իսկ որ դրա համար իրեն ասին Բ-ի տղա, արդեն վատ էր: Այսօր էլ, ասես 44-օրյա պատերազմ չի եղել, սահման է զատում ու գծում մարդու տղեն: Ու քանի որ ինքն է անում՝ լավ է, բայց հենց ասում ես՝ այ տղա, էս ի՞նչ ես անում, էս մարդու տունն ինչո՞ւ ես տալիս թուրքին, արդեն վատ է: Վատանում է, ճղճղում, զորք ու բաբան հանում իր լավը չուզողների դեմ: Ասում է՝ դուք ոչ թե իմ, այլ Հայաստանի լավը չեք ուզում, չեք ուզում խաղաղություն լինի, մարդիկ երջանիկ լինեն, կարողանան շորտիկով բալկոն դուրս գալ եւ այդպես սուրճ խմել: Մի խոսքով՝ այսպիսի փիլիսոփայություն:

Անցյալ օրը կառավարության նիստին ի՞նչ է խոսել, չգիտեմ: Ես գիտեմ, թե ինչ էին խոսում դրսում հավաքված մարդիկ: Ես իր դեմքը չեմ տեսել կառավարության նիստին: Փոխարենը տեսել եմ հրապարակում խմբված մարդկանց ու կառավարության շենքի ծակուծուկերը փակած ոստիկանների դեմքերը: Այդ դեմքերին սպասում կար՝ ի՞նչ կորոշի Ճղճղ Նիկոլը կառավարության նիստն ավարտելուց հետո՝ գնալ հերթական լակոտությա՞նը, թե՞ թողնել, որ մարդիկ իրենց քաղաքական պահանջները դնեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image